ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԽՈՍՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում աշխատանքի էր գնացել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր համաձայնում կանգնել ու պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետեւում էին` ընդամենը հետաքրքրվելու` իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած կոկորդիլոսը բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել: Պատգամավորը հենց լսում էր կոկորդիլոս բառը, գլուխը կախ, արագ քայլում էր՝ հայտարարելով, թե չի ցանկանում մեկնաբանել: Երեւի մեկնաբանելու բան էլ չկա, քանի որ անգամ իր հարազատ կուսակցության գեներալիտետն անմտություն համարեց Ամանորին կոկորդիլոս գնելու գովազդի միտքը` առաջարկելով նույն հաջողությամբ նաեւ շուն ուտել:

 

 

 

ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐԸ ՀԻՎԱՆԴ ԷԻՆ

Սերժ Սարգսյանի հոր մահը բավական ծանր է նստել ՀՀԿ-ական պատգամավորների վրա: Ազատ Սարգսյանի հոգեհանգստին ու թաղմանը մասնակցելու համար Ստեփանակերտ մեկնած պատգամավորներից շատերը պարզապես հիվանդացել են: Արդյունքում՝ երեկ ՀՀԿ-ականներից շատերն ԱԺ արտահերթ նիստին եկել էին ոչ թե կոստյում-վերնաշապիկով, այլ հաստ բլուզներ հագած: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ մասնավոր զրույցներում նրանք խոստովանել են, որ Ստեփանակերտ գնալիս կամ վերադառնալիս մրսել են ու մի թեթեւ հիվանդացել:

 

 

ԿԲՈՂՈՔԵՆ

Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի շահառուներից շատերը մտադիր են առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպել նախագահի նստավայրի մոտ: Բանն այն է, որ այդ շենքը կառուցվում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ու չնայած ըստ պայմանագրի այն պետք է շահագործման հանձնվեր 2012թ. նոյեմբերին, սակայն մինչեւ հիմա այդ գործընթացը հետաձգվում է, եւ բնակիչների հետ դեռ չեն կնքել համապատասխան վերջնական պայմանագրերը: Ավելին, այս ընթացքում շենքն այդպես էլ չի էլեկտրաֆիկացվել ու գազաֆիկացվել:

 

 

 

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խիստ ուշագրավ կադրային նշանակում է արել. նա ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակել Արման Բաբլոյանին: Նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին է: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդիներից Տիգրան Սահակյանը: Այլ կերպ ասած` հանրապետական հայրերը լավ էլ հոգում են իրենց որդիների պաշտոնական առաջխաղացման հարցի մասին:




Լրահոս