ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պամ Գի Մունը հուլիսի 19-ին մեկնել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում բռնության դադարեցմանը նպաստելու նպատակով: Ըստ ИТАР-ТАСС-ի, այդ մասին հայտնել է քաղաքական հարցերով նրա տեղակալ Ջոֆրի Ֆելտմանը:
Նրա խոսքով, հրեաների և պաղեստինցիների միջև կայուն զինադադարի հասնելու միակ եղանակը երկու անկախ պետությունների ստեղծման ճանապարհով հակամարտության կարգավորման հնարավորության վերականգնումն է:
«Գլխավոր քարտուղարը պատրաստ է կատարել աշխատանքի իր մասը: Նա տարածաշրջան է մեկնել, որպեսզի իր համերաշխությունը հայտնի հրեաներին և պաղեստինցիներին, ինչպես նաև օգնի նրանց դադարեցնել բռնությունը և որոշել հետագա քայլերը՝ համագործակցելով տարածաշրջանային և միջազգային խաղացողների հետ»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ում հրաժարվել են ճշտել, թե որ երկրներն է այցելելու Գլխավոր քարտուղարը: Միաժամանակ հայտնել են, որ դժվար թե Պան Գի Մունը կանգ առնի Գազայի հատվածում: Ամենայն հավանականությամբ, նա կայցելի Արևմտյան ափի Ռամալլա քաղաքը, ուր կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասսի հետ: