Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 18-ին ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով աշխարհի լավագույն բուհերում սովորող երիտասարդներին` վարչապետը նշել է, որ հայրենիքը նրանց կարիքը շատ է զգում, և հույս հայտնել, որ ստացած գիտելիքներն ապագայում կծառայեն երկրի շենացման գործին:
Ներկայացնելով այցի նպատակները՝ երիտասարդները նշել են, որ ուսումնասիրություններ են իրականացնում Շուշիի զարգացման ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ցանկություն ունեն Արցախն աշխարհում նոր հետաքրքրությունների տեսանկյունից ներկայացնելու:
Ուսանողների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը խոսել է Արցախում կրթության և տնտեսության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
ԼՂՀ վարչապետը, մասնավորապես, շեշտադրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Շուշի քաղաքում արհեստագործական ժամանակակից դպրոց է կառուցվում, որտեղ դասավանդման համար նախատեսվում է ներգրավել հայ անվանի գիտնականների:
Խոսելով տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների մասին` ԼՂՀ գործադիրի ղեկավարն անդրադարձել է հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:
Եթե հանքարդյունաբերությունում զարգացում ապահովելու համար տեղում մասնագետներ պատրաստելու կարիք է զգացվում, ապա մյուս երկու ուղղություններում, բացի որակյալ մասնագետների պատրաստումից, վարչապետը երիտասարդներին բրենդավորման ու փիարի ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու և իրականացնելու կոչ է արել:
Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի: