Artsakh Today մամուլի կենտրոնը բաց նամակ է տարածել, որի տակ ստորագրել են ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ: Նամակն ուղղված է Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին և ողջ աշխարհի հայությանը: Նամակում մասնավորապես ասվում է.
«Թանկագին Լևոն Հայրապետյան,
Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:
Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե՛ առանձին, թե՛ համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը:
Artsakh Today մամուլի կենտրոն»