ԵՐԿԱՐ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ
2014-ի սկզբին` երեք տարվա ընդմիջումից հետո, ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին կներկայացնի նոր տեսահոլովակ: Այն նկարահանվել է «Դե, ասա՛» երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակը հենց Անի Քրիստին է, իսկ երաժշտությունը գրել է Վաչե Տեր-Եղիշյանը:
Երգչուհին առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Գեւորգ Ճուղուրյանի հետ: Տեսահոլովակը նկարահանվել է ռիթմիկ երգի հիման վրա, որի ներքո իրենց պարային հմտություններն են ցուցադրում Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Սելենա Գոմեսի եւ հանրահայտ այլ դեմքերի հետ հանդես եկած 4 պարող, իսկ խորեոգրաֆիայով զբաղվել է պարող-երգիչ Միհրան Կիրակոսյանը: Եկող տարի լրանում Է երգչուհու բեմական գործունեության 15-ամյակը, եւ այդ առիթով Անին նախատեսում է մայիսի 15-ին մենահամերգով հանդես գալ:
ԿԻՐԿՈՐՈՎԸ ՓՐԿՎԵԼ Է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը փրկվել է ավիավթարից: «HELLO» ամսագրին տված հարցազրույցում արտիստը պատմել է, որ կարող էր վերջերս Կազանում տեղի ունեցած ավիավթարի զոհ դառնալ, քանի որ ծրագրում էր ուղեւորվել Թաթարստանի մայրաքաղաք. «Մենք պատահաբար չուղեւորվեցինք Կազան այն ինքնաթիռով, որը կործանվեց: Վերջին պահին իմ ծրագրերը փոխվեցին, եւ ես գործերով մեկնեցի Հունաստան»:
Հիշեցնենք, որ Կազանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել են այդ պահին ինքնաթիռում գտնված բոլոր 50 հոգին` 44 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Պատահարի զոհ են դարձել նաեւ Թաթարստանի նախագահի որդին` Իրեկ Մինիխանովը, ինչպես նաեւ մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի ընտանիքը` կինն ու խորթ դուստրը:
ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԸ
Ֆիննական Սանտա Կլաուսը՝ Յոուլուպուկին, եւ ռուսական Ձմեռ պապը կհանդիպեն այսօր Ֆինլանդիայում՝ Լապեենրանտա քաղաքի կենտրոնական Oleksin Joulukatu փողոցում։
Ձմեռ պապի հետ Ֆինլանդիա կժամանի նաեւ նրա թոռնուհին՝ Ձյունանուշը։ Հանդիսավոր հանդիպումից հետո Ձմեռ պապը եւ Յոուլուպուկին կայցելեն մանկապարտեզ՝ երեխաների Սուրբ Ծնունդը շնորհավորելու։ Ֆինլանդիայից հետո Ձմեռ պապը եւ Ձյունանուշը կմեկնեն Վիբորգ, նրանց կմիանա նաեւ ֆինն Յոուլուպուկին։
Արդեն մի քանի տարի է, ինչ Ձմեռ պապը եւ Յոուլուպուկին հանդիպում են արեւելյան սահմանի մոտակայքում։