ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ես ճիշտ եմ տեղեկացված, ապա կանանց տոների առթիվ հիվանդանոցներում կանանց համար շատ ծառայություններ անվճար են կամ զեղչով: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

Մարինե Դեգոյան, 35 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրության համաձայն` ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացվում է առողջապահական ակցիա` «ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԿԱՆԱ՛ՅՔ» խորագրով: Ակցիայի շրջանակներում Երեւանաբնակ կանանց անվճար սպասարկում են Երեւան քաղաքի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բուժհիմնարկներ եւ մի շարք բժշկական կենտրոններ («Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Աստվածամայր», «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ներ, Սրտաբանության ԳՀԻ, Երեւանի պետական բժշկական համալսարանի N 1 եւ N 2 կլինիկական հիվանդանոցներ, «Շենգավիթ» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ թիվ 2 բուժմիավորում): Հիվանդանոցային բուժօգնության կարիք ունեցող կանայք անցնում են անհրաժեշտ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային նվազագույն հետազոտություններ եւ ուղեգրվում բժշկական կենտրոններ միայն պոլիկլինիկաների կողմից` համաձայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության կողմից մշակված կանոնակարգի: Ակցիայի շրջանակներում ընդգրկված չեն ատամնաբուժական ծառայությունները, ծառայությունները` սիրտ-անոթային, անոթային, պլաստիկ, նեյրովիրաբուժական վիրահատությունները, հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդների ուղեգրման գործընթացի համակարգումը կատարվում է առողջապահության վարչության կողմից` հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունում առկա հնարավորությունների վերաբերյալ ունեցած տեղեկատվության հիման վրա:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվճար պանիր թեեւ միայն թակարդում է լինում, սակայն հավատանք, որ նշված ծառայություններն իսկապես անվճար են մատուցվում: Կրկնակի հաճելի կլինի, եթե հաջորդ տարի, երբ ընտրություններն արդեն անցյալում մնացած լինեն, այս շրջանում նույնպես միամսյակին նվիրված ակցիան շարունակվի:




Լրահոս