Մեր հասարակությունն ամեն անգամ խորը ցավով է արձագանքում սահմանամերձ գոտում յուրաքանչյուր սպանված կամ վիրավորված զինվորի դեպքին: Սակայն միեւնույն ժամանակ նշենք, որ մահվան կամ վիրավորման յուրաքանչյուր դեպք, որտեղ էլ որ կատարվի, ցավալի երեւույթ է, հատկապես, եթե այն հանցավոր գործողությունների հետեւանք է: Իսկ անպատժելիությունը բերում է այդ երեւույթների տարածմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 11-ի գիշերը՝ ժամը 2:00-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան առաջին նրբանցքի 4-րդ շենքի բակում: Դանակահարել են երկու հարազատ եղբայրների, որոնց կյանքը մի կերպ է հաջողվել փրկել:
Եվ այսպես, թե ինչ է կատարվել նշված օրը շենքի բակում, փորձեց պարզել «Ժողովուրդ»-ը` այցելելով Աջափնյակ: Մեր տեղեկությունններով՝ հարազատ եղբայրներ Հովհաննես եւ Հարություն Միքայելյանները, ովքեր ապրում են նշված հասցեում, ուշ երեկոյան տանն են եղել: Գիշերը, 4-րդ շենքի դիմաց լսվել են աղմուկի եւ հայհոյանքների ձայներ, որից արթնացած ծնողները, երբ դուրս են եկել՝ պարզելու, թե ինչ է կատարվում, իրենց տղաներին գտել են շենքի դիմաց` դանակահարված վիճակում:
Ինչպես մեզ պատմեցին դանակահարված տղաների մտերիմ հարեւանները, Հովհաննեսն ու Հարությունը շատ հանգիստ բնավորություն ունեն. «Կռվարար, անշնորհք երեխաներ չեն, շատ դաստիարակված են: Այդ ուշ ժամին Հովհաննեսն ու Հարությունը տանն են եղել: Իրենց պատուհանի տակ երկու հոգի շատ վատ հայհոյանքներ են հնչեցրել: Եղբայրներից մեկը` բացելով տան պատուհանը, հայհոյող տղաներին ասել է, որ հեռանան այդտեցից: Եղբայրների դիտողությունը սրել է իրավիճակը եւ շենքի դիմաց հավաքված տղաները սկսել են նրանց հայհոյել»: Ինչպես պարզվեց վերջիններիս պատմածից, Հովհաննեսն ու Հարությունը որոշել են իջնել բակ, որպեսզի ստիպեն, որ այդ տղաները հեռանան իրենց շենքի բակից. «Դե, նրանք չեն ենթարկվել եղբայրներին, հայհոյել են, դանակահարել ու փախել: Եղբայրները 20-21 տարեկան են: Նրանց շտապ հասցրել են Հանրապետական հիվանդանոց, երկուսին էլ վիրահատել են: Մի կերպ են կարողացել փրկել նրանց կյանքը»,-շարունակեցին տեղի բնակիչները:
Հովհաննեսի եւ Հարությունի մոտ հարազատներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, նույնպես ներկայացրեց դեպքից որոշ մանրամասներ. «Դեպքի ժամանակ ծնողները տանը քնած են եղել: Երբ կռվի ձայները լսվել են, տղաների հայրը` Սամվելը, անձամբ է իջել բակ, որպեսզի հասկանա, թե ովքեր են կռվում, իսկ ավելի ուշ, մթության մեջ դանակահարված, գետնին ընկած գտել է իր տղաներին: Մենք իմացանք, որ Սամվելը ոտաբոբիկ, իր երեխաներից մեկին հասցրել է հիվանդանոց, իսկ մյուսին ընկերներն են օգնել` տեղափոխելով հիվանդանոց: Շատ արագ երկուսին էլ վիրահատել են եւ հրաշքով այդ երեխաներին փրկել»:
Ինչպես պարզեցինք տղաների հարազատներից, մթության պատճառով Հովհաննեսն ու Հարությունը չեն ճանաչել իրենց դանակահարած տղաներին. «Գիտենք, որ դանակահարողները երկու հոգի են եղել, իսկ թե ովքեր են, դեռ հայտնի չէ: Որքանով տեղյակ ենք, անգամ ձերբակալված չկա: Այս օրերին մենք միայն հետաքրքրվում ենք մեր երեխեքի առողջությամբ: Երեկ տղաներից մեկի ինքնազգացողությունն այդքան էլ լավ չէր, շատ անհանգստացանք, հիմա ոչինչ, նորմալ են, գտնվում են Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ երկու եղբայրներ շենքի դիմաց պարտք ու պահանջի հարց են լուծել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, իսկ ավելի ուշ՝ դանակահարության:
Մեր տեղեկություններով՝ երեկ ուշ ժամի Մարգարյան փողոցից ոստիկանության Մաշտոցի աշխատակիցները մի խումբ տղաների են ձերբակալել, ինչը, միգուցե, կապված է երկու եղբայրների դանակահարության հետ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 112 հոդվածի առաջին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»): Նախաքննությունը շարունակվում է եւ այդ գործով ձերբակալվածներ դեռ չկան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ