2013թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը, շուրջ 11 ամիս պայքարելուց, 2 անգամ փորձաքննության արդյունքները բողոքարկելուց հետո ապացուցեց, որ «Արաբկիր» բ/կ-ի բժիշկներն են մեղավոր եղել իր դստեր մահվան մեջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեորգին ասաց, որ ինքը դատի է տալու «Արաբկիր» բ/կ-ին:
Եվ այսպես, ինչպե՞ս է սկսվել պատմությունը. Լիայի ծնողները 2012թ. դեկտեմբերի 31-ին նկատել են, որ երեխայի ջերմությունը կտրուկ բարձրանում է, եւ նրան տեղափոխել են «Արաբկիր» բ/կ, որտեղ Լիային կաթիլային են միացրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեխայի հայրը՝ Գեորգին, հավաստիացնում էր, որ առաջին գիշերը բուժքույրը դեղերով փորձել է երեխայի ջերմությունը կայուն պահել. «Սակայն այդ օրը բժշկուհին երեխային այցելել է միայն մեկ անգամ` առավոտյան: Մենք հարցրինք, թե ինչպես է վիճակը, բժշկուհին պատասխանեց, թե կայուն է, ընդամենը սովորական վիրուս է, որն իրենց միացրած կաթիլայինի միջոցով «դուրս է գալու», եւ անհանգստանալու կարիք չկա»:
Սակայն երկու օր անց՝ հունվարի 2-ին, երեխայի վիճակը բարդացել է: «Մտա սենյակ, տեսա՝ երեխաս հազիվ էր շնչում, խռպոցով: Անգամ ես, որ մասնագետ չեմ, հասկանում էի, որ դա սխալ շնչառություն է, որ երեխան չպետք է այդպես շնչի, եւ որ վիճակը լուրջ է: Բժշկուհուն ասացի, որ երեխան չի կարողանում անգամ հաց կուլ տալ, գուցե ինչ-որ բան է պետք ձեռնարկել` կոկորդը մաքրել կամ մեկ այլ բան: Բժշկուհին պատասխանեց, որ կոկորդին ձեռք տալ չի կարելի, իրենք թոքերը լսել են, եւ ամեն ինչ նորմալ է: Կես ժամ անց մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության (ԷԽՈ), հետո ռենտգենի: Մոտ մեկ ժամ սպասել ենք միայն ռենտգենի պատասխանին, քանի որ բժիշկ չկար: Մինչեւ ամսի 2-ը լաբորատորիան էլ չէր աշխատում, երեխայի՝ հենց առաջին օրը վերցրած մեզի անալիզները երկու օր մնացել են պալատում»,-մոտ մեկ տարի առաջ պատմել էր Գ. Միսակյանը:
Ըստ նրա՝ երեխային հունվարի 2-ի կեսօրից հետո են հակաբորբոքային ներարկել. «Այն դեպքում, երբ նրանք պետք է արդեն վերակենդանացման բաժին պառկեցնեին երեխային եւ թթվածին տային: Ամսի 2-ի ժամը 5-6-ի կողմերը նոր երեխային բարձրացրել ենք քիթ-կոկորդի մասնագետի մոտ, ինքն էլ նայեց ու ասաց, որ վիճակը շատ լուրջ է: Իսկ մինչ այդ, երբ ուզում էի ԷԽՈ-ի կամ ռենտգենի պատասխանները, ինձ ասացին, որ աջ թոքի բորբոքում է, մնացած ամեն ինչ նորմալ է: Բայց այդ ամենը ձեռնարկեցին, երբ արդեն շատ ուշ էր. ժամը 12:20 երեխան ձեռքերիս վրա մահացավ»:
Երեխայի մահվանից անցել է շուրջ 11 ամիս, իսկ այս ընթացքում Գեորգին հանգիստ չի նստել: Առաջին փորձագիտական եզրակացության արդյունքների համաձայն՝ բժշկական կենտրոնի բժիշկները մեղավոր չեն եղել. «Բայց ես լավ գիտեի, որ այնտեղ բժիշկ չկար, ու բողոքարկեցի: Արդյունքում՝ այս պրոֆեսորները՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, Հայկական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ցիկլի ղեկավար Ա. Ն. Հովսեփյանը, ԵրՊԲՀ-ի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալ, ամբուլատոր գծով ԵրՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Ա. Յու. Բալյանը, Սուրբ Աստվածամայր բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ա. Գ Չոբանյանը, Սուրբ Աստվածամայր բ/կ-ի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ, ԵրՊԲՀ-ի մանկաբուժության թիվ 2 ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա. Վ. Խաչատրյանը, Սուրբ Աստվածամայր բ/կ-ի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի բժիշկ, ԵրՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Ա. Ա. Հովհաննիսյանը, «Արմենիա» ՀԲԿ-ի ընդհանուր ախտաբանության կենտրոնի վարիչ, ախտաբանաանատոմհյուսվածքաբան Վ. Ռ. Դաբաղյանը եւ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Խ. Ս. Ստեփանյանը ինձ պատասխան տվեցին, թե բուժումը սխալ է եղել, բայց բժշկական սխալ չկա: Հա՛մ նալին խփեցին, հա՛մ մեխին: Այսինքն՝ այնպիսի եզրակացություն գրեցին, որ չդատվեն, բայց իրենց հետեւից ես գնալու եմ ու սա այսպես չեմ թողնելու»:
Գեորգին երրորդ անգամ է բողոքարկել փորձաքննության արդյունքները եւ վերջապես ստացել է իրականությանը բավական մոտ պատկեր. «Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչ Մկրտչյանի մոտ բողոքարկեցի, եւ հերթական դատաբժշկական փորձաքննությունը նշանակվեց, ու միանգամայն այլ պրոֆեսորների մոտ սկսվեց քննություն: Ասեմ, որ այդ վերջին փաստաթղթի մեջ նշված չէր, թե իմ երեխան որ հիվանդանոցում է մահացել, դրա համար էլ մասնագետներն ավելի անկաշկանդ գտնվեցին: Մոտ 15 օր առաջ ստացա պատասխանը: Ես ճիշտ էի, որ Արաբկիրի բժիշկները ոչինչ չեն արել իմ երեխայի կյանքը փրկելու համար»:
Հոր խոսքով՝ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրված են եւ ապացուցված. «Ես անպայման դիմելու եմ դատարան: Հիմա մեր փաստաբանը պատրաստում է համապատասխան թղթերը: Չգիտեմ՝ բաժնի վարիչ Զարինեն, թե մյուս բժիշկ Լիլիթը պատասխան կտան, դա ինձ չի հետաքրքրում, բայց մի բան հաստատ է, որ պետք է պատասխան տան իմ երեխայի կյանքի համար: Իսկ այն պրոֆեսորները, որոնք այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեցին ինձ, հասկացա, որ իրականում վախենում են դուրս գալ «Արաբկիր» բ/կ-ի դեմ»:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել նաեւ «Արաբկիր» բ/կ-ի տնօրեն Արա Բաբլոյանի հետ, սակայն վերջինս, լսելով մեր հարցը, ասաց, որ շատ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ