ՀՀ Արագածոտնի մարզի 500 բնակիչ ունեցող Նոր Ամանոս գյուղում այս տարվա աշնանը համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Սակայն ներկայիս համայնքի ղեկավար Սարգիս Ալեքսանյանը դեռ չի կողմնորոշվել առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ:
– Դե, տեսնենք՝ոնց կլինի:
-Գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ շատ կա՞ն:
-60-ից ավելի մարդ է մեկնում: Նրանց մեծ մասը երիտասարդներն են: Դե, աշխատանք չկա, դաշտում էլ ի՞նչ փող աշխատեն, դրա համար էլ գնում են:
-Իսկ մյուս գյուղացիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Անասնապահությամբ են զբաղվում:
-Պարոն Ալեքսանյան, այս տարի խոտի մի տուկն արժե 1300 դրամ: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու գյուղացիները:
-Ճիշտ է, թանկ է, բայց ինչ արած: Մենք արոտի դաշտեր ունենք, բայց այս տարի չկարողացանք խոտ հավաքել, քանի որ ջուր չկար: Դրա համար էլ ստիպված պետք է այդ թանկ գնով անասնակեր ձեռք բերենք: Եթե դա չկարողանանք գնել, ուրեմն պետք է անասունները վաճառենք էժան գնով: Կամ էլ՝ պետք է բոլորս գնանք Ռուսաստանի Դաշնություն:
-Բացի անասնապահությունից եկամտի ի՞նչ աղբյուր ունեն մարդիկ:
-Արտագնա աշխատանքը, եկամտի այլ աղբյուր չկա: Անասունի կաթն ենք վաճառում, որն էլ սեզոնային է:
-Գյուղի դպրոցը քանի՞ աշակերտ ունի:
-Յոթանասուն:
-Այս տարի առաջին դասարանցի ունենալո՞ւ եք:
-Կունենանք: Ութն են:
–Ձեզ մոտ աշնանը համայնքի ղեկավարի ընտրություններ են լինելու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Ես դեռ չեմ կողմնորոշվել: Մտածում եմ:
-Պարոն Ալեքսանյան, Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք:
-Այո, երկար տարիներ է, ինչ ՀՀԿ-ական եմ:
-Կուսակցությունը Ձեր գյուղին այս ընթացքում ինչո՛վ է օգնել:
-Ոչ մի բանով չի օգնել:
-Իսկ դիմե՛լ եք երբեւէ:
-Դե, կուսակցությունը ում է օգնում, որ ինձ օգնի: Ոչ մի մարդու էլ չի օգնում:
-Իսկ մարզպետը՝ Սարգիս Սահակյանը, նույնպե՞ս չի օգնում:
-Նա ինչով որ կարողանում է՝ օգնում է: Բայց հարցեր կան, որ իր ուժերից էլ վեր է:
զրուցեց Սյունե Համբարձումյանը