«Եթե առանձին մարդիկ կարող են նախընտրական ժամանակահատվածում որոշակի ֆինանսական միջոցներ ծախսել, պետք է իրենց ազատ միջոցներից ծախսեն, ոչ թե պետության հարկերից»:
Ինչպես հաճախ, դժվար է պատկերացնել, թե սույն հայտարարությամբ պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալն ինչ է ուզում ասած լինել: Ստիպված ենք ենթադրել, որ քաղուժերն ու անհատ թեկնածուները կա՛մ պետության փողերն են քարոզարշավի վրա մսխում, կա՛մ այս շրջանում հարկեր չեն վճարում` գումարները դարձյալ քարոզչության վրա ծախսելու նպատակով: Ամեն դեպքում, Ա. Ալավերդյանի ասածից հասկանալի է, որ հարկեր կա՛մ չեն հավաքագրվում, կա՛մ վատ են հավաքագրվում: Եւ ստացվում է, որ հողահարկի զիջման նախընտրական ակցիան ավելացրել է սպասումները, ու հիմա բոլորին թվում է, թե հնարավոր է` մյուս հարկերը նույնպես կզեղչեն կամ կզիջեն: