ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱԹԱՆԿ
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա ցուցակը:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է Ռոբերտ Դաունի կրտսերը՝ անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիս վաստակելով 75 մլն դոլար: 49-ամյա դերասանին հատկապես եկամուտ է բերել «Երկաթե մարդը-3» ֆիլմը:
Երկրորդ տեղում է Դուեյ Ջոնսոնը՝ 52 մլն դոլարով: Այս տարի նրա մասնակցությամբ էկրաններին կհայտնվի «Հերակլես» ֆիլմը, իսկ 2015-ին՝ «Սան Անդրեաս»-ը:
Լավագույնների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը՝ 46 մլն դոլարով:
39 մլն դոլարով 4-րդ տեղում է Լեոնարդո Դի Կապրիոն՝ նկարահանվելով 2 մասշտաբային ֆիլմերում՝ «Գայլը Ուոլ Սթրիթից» եւ «Մեծն Գեթսբին»: Լավագույնների հնգյակը եզրափակում է ավստրալացի Քրիս Հեմսվորդը՝ 37 մլն դոլարով:

 

 

ԴԱՄԲԱՐԱՆ Է ՊԵՂՎԵԼ

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ կազմակերպությամբ, ս.թ. հունիսի 25-ից Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը։
Տիգրանակերտում արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարեւոր հայտնագործությունը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է: Այն ունի արեւմուտք-արեւելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային եւ հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերեւս Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ վաղքրիստոնեական մշակույթում:

 

 

ՇԱՐԼԻԶ ԹԵՐՈՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Ըստ շրջանառվող լուրերի՝ հոլիվուդյան աստղեր Շարլիզ Թերոնը եւ Շոն Փենը շատ շուտով հարսանիք են անելու։ Զույգը որոշել է ամուսնանալ 8-ամսյա հարաբերություններից հետո։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հարավային Աֆրիկայում։
Նշենք, որ չնայած ոչ երկարատեւ ռոմանտիկ հարաբերություններին՝ Շարլիզն ու Շոնը ընկերություն են անում արդեն 18 տարի։ Իրենք` 53-ամյա Շոն Փենը եւ 38-ամյա Շարլիզ Թերոնը, նախընտրում են իրենց հարաբերությունների մասին չխոսել լրագրողների հետ։

 

 

 

ՌԵՏՐՈ ԱՃՈՒՐԴ

«Bonham՚s» աճուրդի տունը պատրաստվում է Նյու Յորքում աճուրդի հանել հանրահայտ «Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը, որն, ըստ փորձագետների, կվաճառվի առնվազն 1 մլն դոլարով։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին։
1942թ. նկարահանված «Կասաբլանկա» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ գլխավոր հերոսուհի Իլզան (Ինգրիդ Բերգման) գիշերային ակումբում խնդրում է Սեմին (Դուլի Ուիլսոն) իր համար նվագել «As Time Goes By» երգը։ Խոսքը հենց այդ դաշնամուրի մասին է:
Ընդհանուր առմամբ, աճուրդի շրջանակներում կվաճառվի ֆիլմին առնչվող 30-ից ավելի նմուշ։ Աղբյուրը հավելում է, որ «Կասաբլանկա»-ն նկարահանել է ռեժիսոր Մայքլ Քյորթիսը. այն արժանացել է 3 «Օսկար» մրցանակի ու համարվում է Հոլիվուդի պատմության լավագույն ֆիլմերից մեկը։

 

 

ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ

«Backstreet Boys» խումբը չեղյալ է հայտարարել Իսրայելում կայանալիք 3 համերգները՝ Գազայում իսրայելական ռազմական գործողության պատճառով: Երաժիշտների ելույթները պետք է տեղի ունենային այս ամսվա վերջին՝ Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Ռաանանա քաղաքում:
Համերգային շրջագայության այլընտրանքային ամսաթիվ հնարավոր կլինի նշանակել միայն հաջորդ տարի:
Նույն պատճառով կասկածելի է նաեւ Իսրայելում օգոստոսին՝ Լանա դել Ռեյի եւ սեպտեմբերին՝ Լեդի Գագայի համերգների կայացումը: Արդեն իսկ չեղյալ են հայտարարվել ջազային երաժիշտներ Չիտ Կորեայի ու Սթենլի Քլարկի համերգները:




Լրահոս