Սովորաբար, երբ որեւէ հանցագործություն է տեղի ունենում, այն միշտ ունենում է պատասխանատու, քանի որ կան պաշտոնյաներ, որոնց գործառույթը հանցագործությունները կանխելն ու նախականխելն է: Իսկ եթե հանցանքը չի կանխվում՝ հանցավոր ինքնավստահության, անգործության կամ անփութության պատճառով, միեւնույն է՝ պատասխանատուներին հասանելիք պատիժը պետք է անխուսափելի լինի՝ առավելեւս, եթե այդ հանցավոր արարքն ունեցել է ծանր հետեւանքներ:
Պաշտոնական հաղորդում
Հիմա՝ ըստ էության: ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 21-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ ս.թ. հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Ղարաբաղի պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն: Իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել: Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:
12 օր՝ դիվերսանտների հետ
Այսպիսով, պաշտոնական Արցախն արձանագրեց, որ ադրբեջանցի դիվերսանտները Հայաստան են մտել հունիսի 29-ից եւ վնասազերծվել հուլիսի 11-ին: Այսինքն՝ 12 օր մեր թշնամու կողմից «գործուղված» դիվերսանտները գտնվել են Արցախում, Հայաստանում, եւ ինչպես պարզվեց նրանցից մեկի հեռախոսում առկա տեսանյութից, քեֆ են արել Քարվաճառի, ու չի բացառվում նաեւ՝ Վարդենիսի տարածքում: Եվ պատկերացնել կարելի է, թե ինչ ինֆորմացիաներ են ճշտել, ուղարկել Ադրբեջան: Բայց եթե լիներ պետական սահմանը պահող պատկան մարմինների աչալրջությունը, համապատասխան ինժեներատեխնիկական պաշտպանությունը, միգուցե չունենայինք այն, ինչ ունեցանք: Ի վերջո, թեեւ ադրբեջանական դիվերսիոն խումբը հայտնաբերվեց եւ վնասազերծվեց, ի պատիվ զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների, այնուամենայնիվ, հայկական կողմն այդ ընթացքում ունեցավ երկու զոհ եւ մեկ վիրավոր: Ու մինչ օրս էլ լայն հասարակությանն անհայտ է, թե ինչպես է դիվերսանտների խումբը մտել Հայաստան եւ ինչ առնչություն ունի այդ գործընթացի հետ 17-ամյա Սմբատ Ցականյանը, ում առեւանգելուց հետո սպանել էին:
Մնում է սպասել պատիժներին
Վերջին դիվերսանտի վնասազերծումից անցել է շուրջ 10 օր, եւ ԼՂՀ ոստիկանությունում եւ պաշտպանության բանակում քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել մեր սահմանին եւ ովքե՞ր են այդ իրավիճակի համար պատասխանատու: Թե ինչքան կարող է երկարաձգվել այդ քննությունը՝ դժվար է ասել:
Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ Սահմանադրության, Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացվում է պաշտպանական բանակի, ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջոցով: Հետեւաբար Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը (առաջին հերթին Քելբաջարի ոստիկանապետ Հայասեր Գաբրիելյան), ԼՂՀ ազգային անվտանգության պետ Վիկտոր Քոչարյանը, ինչպես նաեւ պաշտպանական բանակի սպաներն ուղղակի պատասխանատվություն են կրում դիվերսանտների գործողությունների համար, քանի որ առնվազն վրիպել են կամ աչալուրջ չեն գտնվել:
Քրեական գործ
Իսկ ինչ վերաբերում է դիվերսանտների ճակատագրին, ապա տեղեկացնենք, որ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ մասնավորապես լրտեսության, զենք-զինամթերք կրելու, մարդուն բացահայտ առեւանգելու, սպանությունը՝ զուգորդված մարդուն առեւանգելով կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ