Վերանորոգվում է Արզական-Երևան ջրատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, Զովունի-Քանաքեռավան ճանապարհահատվածում` Արզական-Երեւան 800մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա կառուցել էր 110 գծամետրանոց նոր հատված: Մնացել էր միայն այն եռակցել գործող ջրատարին, որի իրականացման համար էլ օգոստոսի 5-ին 36 ժամով դադարեցվեց ջրատարի աշխատանքը: Ինչպես տեղեկացրեց ընկերության ջրատադրության ծառայության ղեկավար Արմեն Նիազյանը, զուգահեռ տեղադրված այս խողովակաշարը, նախկինում աղաջուր է մատակարարել գազի պահուստարաններին: Վթարվելով` դրանից տարիներ շարունակ արտահոսող հեղուկը քայքայել էր գործող ջրատարը եւ հանգեցրել ջրի զգալի կորստի, ինչն էլ նոր խողովակաշար կառուցելու պատճառ էր դարձել:

Հաշվի առնելով մայրուղային ջրատարի կարեւորությունը` ընկերության մասնագետները ձգտում են ժամկետից շուտ՝ նույն օրը երեկոյան ավարտել նոր խողովակաշարի եռակցումն ու հնի ապամոնտաժումը: Սակայն դրանից հետո ջրատարը պարտադիր կերպով պետք է լվանալ՝ մատակարարվող ջրի որակն ապահովելու համար, եւ հետո միայն վերականգնել սպառողների ջրամատակարարումը: Իսկ դրա համար կպահանջվի եւս մի քանի ժամ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից Ընկերությունում ձեւավորված ավանդույթի համաձայն` նման դեպքերում, օգտվելով առիթից, տվյալ ջրատարի «վրա նստած» տարածքներում ձեռնամուխ են լինում կուտակված խնդիրների լուծմանը: Այս առումով տվյալ կանգառը բացառություն չէր: «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասը Արզական-Երեւան ջրատարից դեպի Մրգաշեն ձգվող հատվածում վաղ առավոտից ձեռնամուխ եղավ խոշոր դիտահորի վերակառուցմանը: Դրա մեջ տեղադրված բոլոր չորս փականներն էլ վթարված էին, որի պատճառով հնարավոր չէր լինում դադարեցնել գյուղի ջրամատակարարումը` տեղի բաշխիչ ցանցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Դրանց փոխարեն դիտահորում կտեղադրվի միայն մեկ՝ 200 մմ տրամագծով նոր փական եւ կկարգավորվի բնակիչների ջրամատակարարումը: «Մաշտոց» տեղամասը Դավթաշենի վերջնամասում` Եղվարդի խճուղուն հարակից տարածքում փոխարինում էր նույն ջրատարի մոտ 20մ երկարությամբ վթարված եւ ջրի կորստի պատճառ հանդիսացող հատվածը:

Սակայն ամենածավալուն ծրագիրն իրականացնում էր «Շահումյան» տեղամասը: Այսպես, «Ջամբուլի» օրվա կարգավորիչ ջրամբարում (ՕԿՋ) տեղադրվում էր 400 մմ տրամագծով փական, որը թույլ կտա կարգավորել ջրի մուտքը ջրամբար: Իսկ ՕԿՋ-ից դուրս խցափակվում էին վթարված, շահագործումից դուրս եկած ջրագծերն ու ապամոնտաժվում այնտեղ տեղադրված փականները: Ջրամբարում նաեւ նախատեսվում էր ստուգել ու կարգավորել կուտակվող ջրի մակարդակի չափման սարքի աշխատանքը:

Շինաշխատանքների հաջորդ հասցեն Փարաքար-Թաիրով գյուղերը սնուցող ջրագիծն է, որի վրա փոխարինվում էր 150մմ տրամագծով վթարված փականը` համայնքի ջրամատակարարումը կարգավորելու նպատակով:

Կարեւոր էր նաեւ ընթացքող աշխատանքները Շահումյանի 16-րդ փողոցում, որտեղ ապամոնտաժվում էր ճնշման կարգավորիչը: Վերջինս տեղադրվել էր որպեսզի Արզական-Երեւան ջրատարի վերջնակետում հնարավոր լիներ կարգավորել ջրի ճնշումը: Իսկ ներկայումս, երբ լեռներից հոսող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ Արզականի ջուրը հասնում է մինչեւ Նոր Խարբերդ, տվյալ կարգավորիչը միայն խոչընդոտում է կենարար հեղուկի հոսքին: «Շահումյան» տեղամասի կատարած աշխատանքների վերջին հասցեն Իսակովի պողոտայում էր, որտեղ տեղադրվող նոր ծախսաչափով կհստակեցվի հարակից մասնավոր տնատիրություններին մատակարարվող ջրի քանակը:

Եւ այսպես, ութը անուն լրացուցիչ աշխատանք Արզական-Երեւան ջրատարի կանգառի ժամանակ՝ սպառողներին պատճառվող հետագա անհարմարություններից խուսափելու համար: Նաեւ այս ճանապարհով է բարձրանում սպասարկման որակը «Երեւան Ջուր» ՓԲԸ համակարգում:

«Երեւան Ջուր» ՓԲԸ




Լրահոս