«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պետրոսյանը նույնիսկ միջնակարգ դպրոցը չէր ավարտել, մինչեւ երրորդ դասարան էր գնացել, իսկ բանակում չէր էլ ծառայել. ասում է Կարենի հայրը՝ Արտուշ Պետրոսյանը։ Տղայի մահվան լուրը լսելով, հայրը կորցրել է իրեն, այնուհետեւ հասկացել է իրավիճակի լրջությունը եւ իրեն հավաքել։ Օգոստոսի 7-ին պատահաբար սահմանն անցած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին ադրբեջանական կողմը ներկայացրեց որպես դիվերսանտ։ Հայրն Ադրբեջանի կողմից տարածված տեսանյութն է դիտել, որտեղ տղան զինվորական հագուստով է եղել, մոտն ունեցել է զենք, բայց, հոր խոսքով, այդ հագուստներն ադրբեջանցիներն են հագցրել, տղան տնից դուրս գալիս ջինսով է եղել, կապույտ բլուզով ու սպիտակ բոթասներով։ «Տղուս դիվերսանտ լինելը բացառվում է, ինքը հիվանդ երեխա էր, թերզարգացած՝ տառերը չգիտեր, հաշվել՝ նույնպես, ինչպե՞ս կարող էր դիվերսանտ լինել»,-ասում է հայրը եւ լացակումած ավելացնում, որ հույս չունի, որ որդու դին մի օր Հայաստան կբերեն։ Գյուղապետն էլ նշում է, որ տղան խմիչք է օգտագործած եղել, իրեն կորցրել է, շեղվել ու պատահականորեն անցել է սահմանը. «Նրա ճակատագիրն էր, երեւի այդպես պետք է լիներ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որից էլ մենք տեղեկացանք, որ Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը մահացել է: Haqqin.az-ը հաղորդել էր, որ Կարենի մահվան պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է: Մեր քաղաքացիներն այս վարկածին չեն հավատում։
Նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում տարբեր գրառումներ են կատարում՝ ցավակցելով Կարենի ծնողներին եւ մեղադրելով Ադրբեջանին՝ նման կերպ մոլորյալ հայ գերու հետ վարվելու համար։ Օգտատերերից մեկը գրել է. «Կարեն Պետրոսյանին սպանեցին Բաքվում, դա ակնհայտ է: Ո՞նց վարվենք այս ժողովրդի հետ»։ Ֆեսբուքյան օգտատեր Սառա Գալստյան. «Մարդկային տականքներ, բարբարոսներ… սահմանը հատած մարդուն էնքան են ծեծում, որ մեռնում է, բա մենք ինչի՞ իրենց գերիներին ու դիվերսանտներին չենք սպանում… սա է հայի ու թուրքի տարբերությունը…. իսկ մեր գրանտակերներն էսօր Երեւանում հայտարարում էին, թե ադրբեջանցիքի հետ տոլմա են ուզում փաթաթել… գնացեք՝ դա իրանց մոտ ասեք, ուղղակի վախենամ` էդ տոլման ձեր մսից լինի»։ Ֆեյսբուքցիներից շատերն առաջարկում են քննարկում ծավալել։ Օգտատեր Սասուն Մանուկյանն էլ փորձել է քաղաքակիրթ արտահայտվել. «Կա այդպիսի պետություն, որտեղ քնածին եւ մոլորյալ գերուն սպանելը հերոսություն է… Մոլորյալ գերի սպանողի հետ ի՞նչ բանակցություն»: Արգիշտի Կիվիրյանն էլ պատկերացնում է, թե այդ տղան մինչեւ մահը ինչ դժոխային կտտանքների միջով է անցել. «Ցանկացած ադեկվատ մարդու համար պարզ է, որ ներկայիս տեսքով Ադրբեջանը մշտապես սպառնալիք է հայության համար, եւ քանի մենք չենք վերացրել այդ սպառնալիքը, մեր եւ մեր երեխաները չեն կարողանալու հանգիստ ապրել այս հողի վրա: Իսկ այդ սպառնալիքի վերացման միակ ճանապարհը Հզոր Հայաստան կերտելն է, որը մեկընդմիշտ վերջ կդնի Ադրբեջան անունը կրող այդ խեղաթյուրությանը այնտեղի բնակչությանն էլ ընձեռելով հնարավորություն` խաղաղ ապրելու իրենց հարեւանների եւ իրենք իրենց հետ»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։