Տնօրենի քմահաճույքը 1,5 մլն արժեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի «Աթլետիկայի եւ ձմեռային մարզաձեւերի ՕՀՄՄԴ» մարզադպրոցի աշխատանքից ազատված ուսմասվար  Գոհար Նազարյանն ու նրա որդին՝ նույն մարզադպրոցի մարզիչ Արթուր Ղազարյանը, 2009-13 թթ. քաղաքացիական 7 դատական հայցերի արդյունքում վերականգնվել են աշխատանքի, եւ տնօրենը ստիպված է եղել դպրոցի բյուջեից վճարել նրանց հարկադիր պարապուրդի գումարն ու փոխհատուցել դատական ծախսերը:

7 դատական գործերից 2-ը տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանները, մյուսները՝ նրա գրավոր նկատողությունները չեղյալ հայտարարելու հայցապահանջով են եղել, որոնք բոլորը բավարարվել են դատարանի կողմից: Այսպիսով` ըստ ուժի մեջ մտած վճիռների՝ ուսմասվարի եւ նրա որդու վերաբերյալ մարզադպրոցի տնօրեն Սարգիս Չիլինգարյանի բոլոր որոշումներն անհիմն ու անօրինական են համարվել:

Իր գործողությունների հետեւանքով տնօրենը մարզադպրոցի եւ ընդհանուր քաղաքի բյուջեին պատճառել է 1,5 մլն դրամի վնաս: Գոհար Նազարյանին աշխատանքից ազատած ժամանակ նրա հաստիքում այլ աշխատող է ընդունել, եւ փաստացի մի ամբողջ տարի դպրոցի (համայնքի) բյուջեից վարձատրել է 2 ուսմասվարի՝ Գոհար Նազարյանին հարկադիր պարապուրդի, մյուս ուսմասվարին՝ լրիվ դրույքով աշխատանքի համար:

Պատասխանելով աշխատանքում վերականգնված Արթուր Ղազարյանի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված, ապա իրեն վերահասցեագրված դիմումին (հարցադրմամբ, արդյոք օրինակա՞ն է, որ մարզադպրոցի տնօրենը վատնում է համայնքի գումարներն ու անպատիժ մնում գործած անօրինականությունների համար՝ քաղաքապետի հովանու ներքո), Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ամբողջովին արդարացրել է տնօրեն Չիլինգարյանին՝ նշելով, թե մարզադպրոցն ՙիր կամքից անկախ՚ է ստիպված եղել մասնակցել դատավարություններին, նույնիսկ իրավաբան չունենալով՝ դատական քննությունների ժամանակ սեփական ուժերով կատարել է անհրաժեշտ դատավարական գործողությունները: Քաղաքապետը հավատացրել է նույնիսկ, թե հարկադիր պարապուրդի համար վճարված գումարները կապ չունեն բյուջեի հետ, այնինչ՝ մարզադպրոցը համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն է (ՀՈԱԿ) եւ ամբողջությամբ համայնքի բյուջեից է ֆինանսավորվում՝ տարվա կտրվածքով հաստատված նախահաշվի հիման վրա:

Իսկ որ Չիլինգարյանը վայելում է քաղաքապետի հովանավորությունը եւ մրցույթով (ընտրովի)  նրա կողմից ՙնշանակվել՚ է Աթլետիկայի մարզադպրոցի տնօրեն, անձամբ Սարգիս Չիլինգարյանն է հաստատել մեզ հետ զրույցում՝ նշելով. «Նախկին տնօրենին կենսաթոշակի գնալու համար հանեցին, իրա տեղը նշանակեցին սպորտբաժնի պետի տեղակալին, մի ամիս աշխատելուց հետո հիասթափվեց, գնաց (հունվարին ընդունվել ա, փետրվարի վերջին հրաժարվել ա), քաղաքապետը ասավ՝ դու պըտի գաս, որպես լավ ձեւով են ասել, որ քեզ հարգում են, բան, պըտի գաս Աթլետիկայի մարզադպրոց»: Ահա այսպես` քաղաքապետի քմահաճույքով դպրոցի տնօրեն է ընտրվում, տնօրենի քմահաճույքով էլ ուսմասվար է հեռացվում: Արդյունքում` քաղաքի բյուջեից պակասում է 1.5 մլն դրամ:

Ադրինե Թորոսյան

Կիրովական




Լրահոս