ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐԵՐ

 

ԲԱԿԸ ԼՑՎԱԾ Է ՋՐՈՎ

Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ Աջափնյակ վարչական շրջանի 2-րդ շղթայի թիվ 23 շենքի բնակիչներից, որոնք տեղեկացրին, որ շենքի բակն ամբողջովին լցված է ջրով, ինչի պատճառով մարդիկ դժվարությամբ են կարողանում մտնել շենքի մուտք: «Ժողովուրդ»-ը դիմեց Աջափնյակի թաղապետարանի կոմունալ բաժին, որի աշխատակից Մարտին Քալանթարյանը նախ խոստացավ ուսումնասիրել խնդիրը, ապա ավելի ուշ տեղեկացրեց. «Այդ հատվածում ձնհալի հետեւանքով է ջուր առաջացել: Ավելին, «Երեւան ջուր» ՓԲԸ-ին էլ տեղյակ ենք պահել, որովհետեւ այնտեղ անձրեւատար կա: Հնարավոր է, որ ավազը բակերում շաղ տալու պատճառով անձրեւատարը խցանված լինի: Ամեն դեպքում, «Երեւան ջուր» ՓԲԸ-ի մասնագետները կգնան եւ կկարգավորեն հարցը»:

 

ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է

Կոմունալ բնույթի եւս մեկ ահազանգ էլ ստացանք Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի Հովհաննիսյան 26 շենքի բնակիչներից: Այս անգամ դժգոհության պատճառը շենքի աղբատար խողովակի՝ ավելի քան մեկ շաբաթվա խցանումն է, ինչի արդյունքում ստեղծվել է հակասանիտարական վիճակ եւ գարշահոտություն: Այս խնդրի հետ կապված՝ «Ժողովուրդ»-ը զրուցեց Նոր Նորքի թաղապետարանի աշխատակից Սամվել Քոչարյանի հետ, որը խնդիրը լուծելու փոխարեն մեզ բացատրում էր աղբահանության «ստրուկտուրան». «Աղբը հանող կազմակերպությունը զուտ աղբահանություն իրականացնողն է: Շատ ժամանակ, որ համատիրությունները մասնագետներ չունեն, դրա համար էլ սանմաքրման կազմակերպություններին են հրավիրում, եւ նրանք էլ վճարովի կարգով մաքրում են այդ խցանումները: Բայց հիմնականում խցանումները կատարվում են բնակիչների անփույթ օգտագործման պատճառով. շինաղբն են գցում, պարկեր, բարձեր են խցկում եւ այլն: Այնպես որ, համատիրությունը պետք է հետեւի, որ նման բաներ չլինեն: Այսինքն՝ աղբատարի աշխատունակությունը ապահովելու հարցը համատիրության խնդիրն է»: Քոչարյանից խնդրեցինք փոխանցել համատիրության կոորդինատները: Սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ համատիրության նախագահը՝ Իշխան Դարբինյանը, ԱՄՆ է մեկնել, իսկ նրան փոխարինողի տվյալներն էլ դեռ չունեն: Զրույցի ավարտին էլ զայրացած նկատեց. «Քաղաքացին ինչո՞ւ չի գնում համատիրություն, որ զանգում է խմբագրություն: Ես վերահսկողական ֆունկցիա չունեմ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ Է ՊԱՏԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ

 

Այն, որ մեր արդարադատության համակարգը հանցագործներին ուղղելու, վերադաստիարակելու եւ հասարակությանը վերադարձնելու գործառույթն իսպառ չի կատարում, գաղտնիք չէ: Մեր արդարադատությունը բավարարվում է միայն պատժելով: «Ժողովուրդ»-ին դիմած «Կոշ» ՔԿՀ-ի կալանավոր Ռուբեն Ամատունին դիմում է պատկան ատյաններին՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել պայմանական-վաղաժամկետ ազատում:

«Ես դատապարտվել եմ ՀՀ քր. օր.-ի 137/2 մասով, 34-276/2 մասով, 35-175/2 մասով` 7 տարի ժամկետով ազատազրկման: Պատժիս սկիզբը հաշվվում է 28.01.2010-ից: Չունեմ՝ քաղ-հայց, տույժ, նախկին դատավարություն, հակում, հաշվառում, որեւէ անձի կողմից իմ դեմ ուղղված բողոք, վատ վարք: Իսկ պատիժս կրելու ընթացքում արժանացել եմ 2 խրախուսանքների: «Սպորտային ինքնագործ միավորման» նախագահն եմ: Խնամքիս տակ է գտնվում 2-րդ կարգի հաշմանդամ, ծեր, միայնակ մայրս, որը գտնվում է ծանր առողջական վիճակում:
Համաձայն ՀՀ օրենքի 76, 77 եւ քրեակատարողական օրենքի 114, 115-րդ պահանջների՝ ծանր հանցագործության համար դատապարտված քաղ-հայց, տույժ չունեցող եւ դրական բնութագրվող ցանկացած դատապարտյալ պետք է վաղաժամկետ-պայմանական ազատվի պատժի կեսը կրելուց հետո: Իմ 1/2-ը լրացել է 2013թ. հուլիսի 28-ին: Իսկ հուլիսի 31-ին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը մերժեց իմ վաղաժամկետ-պայմանական ազատումը: Հոկտեմբերի 31-ին նույն հանձնաժողովը կրկին մերժեց իմ վաղաժամկետ-պայմանական ազատումը՝ 2 անգամ էլ պատճառաբանելով հոդվածիս ծանրությունը, ինչը, սակայն, անօրինական է, անհեթեթ. իսկ բնութագրելիս եզրակացության մեջ նշում են. «Չնայած այն հանգամանքին, որ դատապարտյալ Ռուբեն Ամատունին բնութագրվում է դրական, սակայն, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթը եւ վտանգավորության աստիճանը, գտնում ենք, որ պատժի մնացած մասը դեռ կրելու կարիք ունի»:
Ես չեմ վարում քրեածին կյանք եւ իմ վարքով ու աշխատանքով բազմիցս ապացուցել եմ, որ ենթակա եմ վաղաժամկետ-պայմանական ազատման: Հանցագործություն կատարողին՝ առանձնապես նախկինում դատապարտվածություն չունեցողին, օրենքի պահանջի համաձայն՝ պետք է բուժեին, ուղղեին եւ վերադարձնեին հասարակություն, այլ ոչ թե ոտնահարելով իրավունքները՝ բարոյահոգեբանական խոշտանգումների ենթարկեին մեզ եւ մեր ընտանիքներին: Այն, որ որոշակի հանգամանքներում սխալվել եւ կատարել եմ հանցագործություն, չի նշանակում, որ ես անուղղելի հանցագործ եմ, եւ ինձ պետք է դարձնել հոգեկան հիվանդ՝ չտալով հնարավորություն գիտակցել սխալը, ուղղվել եւ վերադառնալ հասարակություն: Ես հայտարարում եմ, որ այս 2 անհիմն մերժումից հետո դատապարտյալի կարգավիճակից հայտնվել եմ գերու կարգավիճակում: Ես իմ պատժի կրման ընթացքում զբաղվել եմ ինքնակրթությամբ, իմ գիտելիքները փոխանցել եմ ուսման ցանկություն ունեցողներին, պատիժս կրել եմ օրենքի տառին համաձայն, բայց, միեւնույն է, ինձ չեն ազատում իմ հասանելիք վաղաժամկետ-պայմանականով:
Իմ վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը մյուս անգամ քննարկվելու է 2014-ի հունվարի վերջին աշխատանքային օրը: Ես դիմում եմ ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, արդարադատության նախարարին եւ ՀՀ նախագահին՝ ահազանգելով «SOS», խնդրելով Ձեր աջակցությունը՝ արդարության վերականգնման եւ վաղուց ընդունված, հրապարակված օրենքների կիրառությունն ապահովելու հարցում»:
ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Գրիգորի Ամատունի:




Լրահոս