ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղի է ունեցել բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ ուսումնասիրվել են  վաթսուն անօթեւանների փաստաթղթեր: Նրանցից մի քանիսին քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ բնակարանի շահառու չեն ճանաչվել, քանի որ իրենց փաստաթղթերում հայտնաբերվել են անճշտություններ: Հիշեցնենք, որ բնակարանաշինության երկրորդ փուլով շահագործման կհանձնվի 1.756 բնակարան. 640 մեկսենյականոց, 528 երկուսենյականոց, 464 երեքսենյականոց եւ 124 չորսսենյականոց բնակարան: Բնակարանաշինության պետական ծրագրով Ախուրյան համայնքում կառուցվում է երեք շենք` 104 բնակարանով: Համայնքապետ Արծրունի Իգիթյանի փոխանցմամբ` շինաշխատանքները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել էին, սակայն Գյումրի այցելած նախարարը փոխանցեց, որ մի քանի օրից Մուշ-2 թաղամասում եւ Ախուրյան համայնքում շինաշխատանքները կվերսկսվեն: Ամենայն հավանականությամբ, Ախուրյանի համայնքի անօթեւանները բնակարանամուտ կտոնեն սեպտեմբեր ամսին:  «Ախուրյանում  եղանակները թույլ են տալիս աշխատանքները սկսել արդեն այս շաբաթ: Կարծում եմ` ժամանակի հետ կապված խնդիր չունենք եւ կկարողանանք աշխատանքները սեպտեմբերին ավարտել»,-նշեց Վարդան Վարդանյանը:
«Բնական է, ձմեռացումից դուրս ենք գալու: Այնտեղ որոշակի աշխատանքներ պետք է տանեն, որ կարողանան շինարարությունն արդեն մեծ թափով սկսել»,-շեշտեց Ախուրյան համայնքի ղեկավարը:
Հարկ է նշել, որ օրեր անց մայրաքաղաքից Գյումրի է ժամանելու վերստուգիչ խումբ: Վերջինս կուսումնասիրի կատարված աշխատանքների որակը: Բնակարանաշինության առաջին փուլի խայտառակ արդյունքներից հետո այս անգամ մի քանի կառույցների է հանձնարարված հետեւողական լինել, որպեսզի կառուցվող բնակարանները թերություններ չունենան: «Թող մի քիչ ուշացումով բնակարանները հանձնենք շահառուին, քան թե անորակ կամ կիսատ լինեն: Բայց մտավախություն չունենք, որ որակական խնդիրներ կունենանք»,-ասում է քաղաքաշինության նախարարը: Հաջորդ շաբաթ դարձյալ տեղի կունենա բնակբաշխման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվի այն անօթեւանների հարցը, որոնք փաստացի ապրում են տնակներում, սակայն չունեն անօթեւանի կարգավիճակ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս