Հ. Աբրահամյանը չի ուսումնասիրել՝ իր եղբայրը ստվերում է գործում, թե՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ստվերում գործող ընկերություններին: Նա անդրադարձավ նաև իր եղբորը պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությանը՝ հավելելով, որ տեղյակ չէ՝ վերջինս հարկային դաշտում է գործում, թե՝ ոչ: Վարչապետը հավաստիացրեց՝ հարցը վերաբերում է պատկան մարմիններին, որոնց ինքը հնարավորություն է տվել պարզել իրականությունը:

«Այդ ընկերությունը պատկանում է եղբորս, դրա մասին բազմիցս ԱԺ ամբիոնից ասել ենք: Իմ եղբայրը ոչ մի արտոնություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Այն հարցին, թե այդ ընկերությունը գործում է հարկային դաշտում, վարչապետը պատասխանեց. «Անշուշտ, պետք է գործի հարկային դաշտում: Ես չեմ ուսումնասիրել, ոչինչ չեմ կարող ասել»:

Նա նաև անդրադարձավ ռուսական շուկա հայկական ապրանք արտահանելու հարցին՝  փաստելով, որ այդպիսի հնարավորություն հայ գործարարները կունենան, և անհրաժեշտության դեպքում՝ կառավարությունը կօգնի:

Վաղը Վրաստանի վարչապետի հետ քննարկվելիք հարցին ՀՀ վարչապետը չանդրադարձավ, հայտարարելով, թե բոլոր հարցերին պատասխան կտրվի վաղը:




Լրահոս