ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԽԱԼ ԲՈՒԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

a«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Երեւանի բնակիչ Գեւորգ Ավետիսյանը` բողոքելու, որ իր կնոջը ոստիկանական պոլիկլինիկայում սխալ բուժում են նշանակել, ինչի արդյունքում նա դեղորայքային թունավորում է ստացել:
Գեւորգ Ավետիսյանն իր կնոջ հետ 2011-ի մայիսին  դիմել է ոստիկանական պոլիկլինիկա, որտեղ համակարգում աշխատողների համար բուժումն անվճար է: Գեւորգ Ավետիսյանը կոչումով փոխգնդապետ է, սակայն վեց տարի է` թոշակի է անցել: Կնոջը պոլիկլինիկայում ստուգել եւ դեղեր է նշանակել սթրեսաբան Լիլիթ Վասիլյանը: Բուժման ընթացքում, սակայն, Գեւորգը նկատել է, որ կինն ավելի ու ավելի է վատ զգում իրեն, եւ փորձել է խոսել պոլիկլինիկայի պետի հետ, բայց վերջինս նրանց շատ վատ է վերաբերվել: «Նրանց կողմից միակ խորհուրդը եղել է այն, որ դիմենք Հանրապետական հիվանդանոց: Ասեցին` եթե փող ունեք, գնացե՛ք այնտեղ, կբուժեն»,-հուզված ձայնով պատմեց Գեւորգը:
«Հետեւեցի նրանց խորհրդին, գնացի Հանրապետական հիվանդանոց` Գայանե Ասատուրովնայի մոտ: Նայեց կնոջս ու ասաց, որ մեկ շաբաթում ոտքի կկանգնեցնի»,-խեղճացած պատմեց թոշակառու փոխգնդապետը: Բուժման համար հիվանդից պահանջել են վճարել 160.000 դրամ, նաեւ 60.000 դրամ` հիվանդասենյակի համար: «7 օր անցավ, բայց ոչ մի փոփոխություն, մնացինք եւս 7 օր, որից հետո դուրս գրեցին»,-պատմեց պարոն Գեւորգը եւ լացակումած ձայնով ավելացրեց, որ կնոջը գրկած է տուն բերել:
Տեղի ունեցածի կապակցությամբ մեր զրուցակիցը նամակներով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, նախկին եւ ներկա ոստիկանապետերին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության նախարարությանը, ՀՀ դատախազությանը. «Սերժ Սարգսյանի ելույթը տեսա ՀՀԿ-ի համագումարին, ասի դիմեմ, բայց… այս կառույցներից եւ ոչ մեկը նորմալ չի պատասխանել իմ նամակներին, միայն ՀՀ դատախազությունն է, որ ճշգրիտ է աշխատում իր գրագրություններում»:
Նրա խոսքերով` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Մինասյան ազգանունով աշխատակցի հետ է խոսել, ով առաջարկել է գնալ իրենց մոտ եւ մանրամասն խոսել այդ մասին: Սակայն պարոն Գեւորգը չի գնում, որովհետեւ ոչ ոքի արդեն չի հավատում:
«Ժողովուրդ»-ը դիմեց «Արմենիա» բ/կ (Հանրապետական հիվանդանոց) հոգեսոմատիկ բաժնի հոգեբույժ, հոգեբան Գայանե Ասատուրովնային` պարզելու` արդյոք խոստացել է մեկ շաբաթում բուժել Գեւորգի կնոջը, եւ եթե այո, ապա ինչու չի բուժել: «Իրեն հարգող ոչ մի բժիշկ, երբ իր դռան հետեւը լիքը մարդ կա, երբեք նման գայթակղիչ եւ խաբեական արտահայտություն թույլ չի տա անել»,-ասաց հոգեբույժը` ավելացնելով, որ իրեն նման խոստում կարող է թույլ տալ միայն ատամնաբույժը: Գայանե Ասատուրովնան մեզ ասաց, որ Գեւորգ Ավետիսյանի կնոջ մոտ հիվանդությունը խրոնիկական բնույթի է եղել, ողնաշարի հետ կապված խնդիրներ է ունեցել, որի պատճառով քայլվածքը բարդացել է, նաեւ` խառը տագնապային ընկճվածություն է առաջացել:
Փորձելով պաշտպանել ոստիկանական պոլիկլինիկայի սթրեսաբան Լիլիթ Վասիլյանին` հոգեբույժն ասաց. «Բժիշկը չգիտի, թե ինչպես է դեղն օգտագործելուց հետո ազդելու հիվանդի առողջության վրա, իսկ հոգեմետ դեղերն առաջացնում են նեւրոլեպտիկ համախտանիշ` մի փոքր շշմածություն, ձեռքերի դող եւ այլ երեւույթներ, դա բնական է»: Ըստ նրա` հիվանդը խորացած նեւրոզ ունի եւ ձեւավորված անձի խանգարումներ. «Աստվածն էլ իջնի, իրան 100-տոկոսանոց չի կարող դարձնել»:  Գ. Ասատուրովնան  պնդեց, որ ոչ մի անօրինական բան չի եղել` «նույնիսկ կտրոնները կան պահպանված»:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն: Ներկայացնում ենք նրանց պատասխանը.
«Գ. Ավետիսյանի կինը` Սոնյա Սուրենի Խաչատրյանը, առաջին անգամ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայի հոգեբույժին է դիմել թերապեւտի ուղեգրով 2011թ. մայիսի 5-ին զառանցական բնույթի գանգատներով (գանգատվում էր ընդհանուր թուլությունից, ցավերից, ստոմատոլոգի մոտ (ոչ ոստիկանության պոլիկլինիկայի) այցելությունից հետո «վարակվել էր» ինչ-որ հիվանդությամբ, վախենում էր, որ կարող է վարակել նաեւ հարազատներին, այդ պատճառով խուսափում էր ամեն տեսակի շփումներից): Հիվանդի ամուսնուն տեղյակ է պահվել, որ իր կնոջ մոտ ոչ թե սոմատիկ, այլ հոգեկան հիվանդություն է, ինչի համար էլ նշանակվել է համապատասխան բուժում: Հետագա այցելությունների ընթացքում հիվանդի զառանցական մտքերը զգալիորեն կորցրեցին իրենց սրությունը, սակայն ստացված արդյունքը բավարար չէր: Քանի որ ստեղծված վիճակը մշտական հսկողություն էր պահանջում, հիվանդի ամուսնուն խորհուրդ է տրվել դիմել ստացիոնար բուժման:
Հիվանդի մոտ դեղորայքային թունավորում չի եղել, եւ այդ փաստը հաստատվում է նաեւ «Արմենիա» բ/կ 3139-163 էպիկրիզով, որտեղ նշված է, որ հիվանդը, մինչեւ ստացիոնար բուժումը, ամբուլատոր բուժում է ստացել նույն հիվանդանոցի նյարդաբանի մոտ` 10 օրվա ընթացքում, իսկ հետագայում հոսպիտալացվել է ոչ թե վերակենդանացման կամ սուր թունավորումների, այլ փսիխոսոմատիկայի  բաժանմունք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս