ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՓՅՈՒՌՔԸ՝ ՆՈՐ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

Ամեն անգամ Հայաստանում արտագաղթի տեմպերի մասին խոսելիս, Սերժ Սարգսյանը մեկը մյուսից ապշեցնող մեկնաբանություններ է անում: Հերթական հայտարարությունը նա հնչեցրել է «Բազե-2014» երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:

Ս.Սարգսյանը նախ հերթական անգամ հայտարարել է, թե 1990-ական թվականներին արտագաղթի ծավալներն ավելի մեծ էին, քան հիմա է. «90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով եւ ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել»: Այնուհետեւ, Ս.Սարգսյանը մեկնաբանել է այսօրվա արտագաղթի պատճառները. «Դուք պետք է հասկանաք նաեւ, որ ուրիշների համեմատ կա երկու, առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը: Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ ո՞ւր եք գնում, ասում են՝ գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ եւ այլն: …Եվ երկրորդ հանգամանքը կա՝ մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են եւ այլն…Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով»:
Սերժ Սարգսյանի խոսքի առաջին հատվածն ամենեւին էլ նորություն չէ. արտագաղթի մասին խոսելիս նա չի զլանում ամեն անգամ հիշատակել 1990-ական թվականները: Սակայն 1993-95թթ. ՀՀ պաշտպանության, իսկ 1995-99թթ. ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի պաշտոնները զբաղեցրած Սերժ Սարգսյանն այսօր, չգիտես ինչու, «մոռանում է» մեկ կարեւոր փաստ. 1992-94թթ. Հայաստանը գտնվել է փաստացի պատերազմի մեջ, եւ այդ տարիներին արտագաղթի գլխավոր պատճառը հենց պատերազմն էր ու էներգետիկ ճգնաժամը: Մինչդեռ այսօր փաստացի պատերազմ չկա, բայց արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ նոր տեմպերով է շարունակվում: Եվս մեկ ուշագրավ հանգամանք. 90-ականների սկզբին Հայաստանից հեռացածների մեջ ահռելի թիվ էին կազմում Ադրբեջանից ու Ղարաբաղից Հայաստան գաղթած փախստականները, ովքեր արագ հեռացան: Իսկ հիմա արտագաղթում են ՀՀ քաղաքացիները:
Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի մատնանշած արտագաղթի պատճառներին, ապա սա կարելի է քաղաքագիտական մտքի պատմության մեջ նոր խոսք համարել: Ընդամենը մեկ տարի առաջ Ս.Սարգսյանը մեկ այլ անհեթեթ մեկնաբանություն էր տվել. այն ժամանակ արտագաղթի համար մեղադրել էր լրատվամիջոցներին, որ գաղջ մթնոլորտ են տարածում. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Այդ գաղջ մթնոլորտը պետք է վերանա: …Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են»,- 2013թ. մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր նա:
Հիմա, փաստորեն, լրագրողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ դուրս են եկել «սեւ ցուցակից» ու այլեւս իրենք չեն Հայաստանը թուլացնող չարիքի մեղավորը: Բայց այս անգամ Ս. Սարգսյանն ավելի վտանգավոր հայտարարություն է արել՝ մատնանշելով Սփյուռքն ու չավարտված պատերազմը: Սրանով Ս.Սարգսյանն անուղղակի կերպով երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդրի պատասխանատվությունը գցում է սփյուռքահայերի ու ԼՂ խնդրի վրա՝ հասարակության մեջ անուղղակի կերպով բացասական վերաբերմունք ստեղծելով նրանց նկատմամբ: Այլ կերպ ասած, նա իր հայտարարություններով հայաստանցի-ղարաբաղցի, հայաստանցի-սփյուռքահայ նոր բաժանում է սերմանում: Մինչդեռ, սրա փոխարեն Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ, նախ՝ լուծեր ԼՂ խնդիրն այդպես՝ վերջ դնելով չավարտված պատերազմին: Մյուս կողմից՝ նա ճիշտ կաներ դիմեր կտրուկ փոփոխությունների, որ Հայաստանում ստեղծվեին այնպիսի պայմաններ, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ սկսվեր: Բայց այդ քայլերի փոխարեն նա մեղքը գցում է այլոց վրա՝ որեւէ բառ չասելով իր իշխանության, վատ կառավարման, երկրում առկա կոռուպցիայի, ամենաթողության մթնոլորտի, համատարած անարդարության մասին:
Սփյուռքի հետ կապված մեկ փաստ. երբ 2014թ. տարեսկզբին ՌԴ-ն խստացրեց միգրացիոն օրենսդրությունը՝ սահմանից հետ վերադարձնելով նաեւ ՀՀ քաղաքացիներին, ՀՀ իշխանությունները բանակցություններ սկսեցին ու ՀՀ եւ ՌԴ կառավարության ներկայացուցիչները համաձայնագիր ստորագրեցին՝ հայ միգրանտների նկատմամբ արտոնյալ պայմաններ սահմանելու մասին: Ասել է թե՝ ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին են նպաստում, որ Սփյուռքը մագնիսի պես ձգի ՀՀ քաղաքացիներին:
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ խոսել է տնտեսական խնդիրների մասին. «Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում՝ շատ է զարգացել, եւ մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաեւ մեր վերցրած վարկերը»: Սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Բայց նա, միեւնույն է, շարունակում է նույն ոգով: Սակայն Ս.Սարգսյանի հայտարարությունները հերքում են հենց պաշտոնական թվերը: Բանն այն է, որ Ս.Սարգսյանի պաշտոնավարման սկզբում՝ 2008թ. ՀՀ պետական բյուջեն կազմել է 802 մլրդ 939 մլն դրամ, իսկ 2009-ին՝ ավելի քիչ՝ 711 մլրդ 696.2 մլն դրամ: 2014թ. այդ թիվը հասել է 1 տրիլիոն 170.4 մլրդ դրամի: Ինչպես նկատեցիք՝ 5 տարվա ընթացքում բյուջեն ամենեւին էլ չի կրկնապատկվել, այլապես՝ այսօր այն պետք է կազմեր առնվազն 1 տրիլիոն 422 մլրդ դրամ: Չեն կրկնապատկվել նաեւ հարկերը. 2008թ. դրանք կազմել են 739 մլրդ 476.8 մլն դրամ, 2009-ին՝ 642մլրդ 824.3 մլն դրամ, իսկ այս տարի՝ 1 տրիլիոն 97 մլրդ դրամ: Այն էլ՝ ավելացել է ոչ թե հարկերի հավաքագրման տոկոսը, այլ՝ բարձրացել են հարկերը: Ասել է թե՝ ավելացումը տեղի է ունեցել ոչ թե ստվերի կրճատման հաշվին, այլ՝ հարկերն ավելացնելով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՆ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ անդրադարձել է Հայաստանում Մոսկվայի՝ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ ստորագրված համաձայնագրին. «Երբ Հայաստանում բացվում էր պետության աջակցությամբ ու շահագրգռվածությամբ ամերիկյան համալսարանի անգլալեզու բակալավրիատը 4 տարով՝ 3 ֆակուլտետներով, բացասական իմաստով ծպտուն չեղավ, ոչ ոք չգրեց՝ այս ի՞նչ եք անում, խի՞ եք բերում անգլալեզու կրթություն: Լոմոնոսովի անվան պետական համալսարանը եթե ստացվեց, որ գա Հայաստան, ապա համակարգում խթանելու է մրցակցությունը, մենք շահագրգիռ ենք, որովհետեւ դա բրենդային բուհ է»: Նա նաեւ հավելել է. «Ուզեք, թե չուզեք, բուհը բացվելու է, որը կրթական ոլորտում մրցակցություն է ապահովելու»: Աշոտյանն, իհարկե, ճիշտ է, երբ մատնանշում է, որ ամերիկյան համալսարանի բացման ժամանակ աղմուկ չբարձրացավ: Սակայն նա հաշվի չի առնում մեկ կարեւոր հանգամանք. ՀՀ կառավարությունը ժամանակին ամերիկյան համալսարանին աջակցել է միայն շենքը տրամադրելով, իսկ ողջ վերանորոգումը, նոր մասնաշենքի կառուցումը եղել է ամերիկյան կողմի միջոցներով: Ամերիկյան համալսարանի ծախսերը եւս ՀՀ պետական բյուջեի հաշվին չեն, այլ դրանք հոգում է ամերիկյան կողմը: Եվս մեկ կարեւոր հանգամանք. հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանը չի եղել վասալի կարգավիճակում, ոչ էլ ամերիկացի ինչ-որ լրագրողներ են ՀՀ ԱԺ պատգամավորների վրա «մուննաթ եկել», թե ինչու Հայաստանում տաքսու վարորդներն իրենց լեզվով չեն խոսում:

 

ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, թե Էկվադորում ինքը բացառիկ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ Հայաստան կներկրվի քաղցկեղի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նպաստող, նախադեպը չունեցող սննդային հավելում, որը նաեւ Հայաստանից ԱՊՀ տարածքներ է արտահանվելու: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Աղաբաբյանի ներկրելիքը ոչ այլ ինչ է, քան հայտնի գրավյոլա կամ գուանաբանա տեսակի միրգը: Ընդ որում, նա ներկրելու է ոչ թե թարմ միրգը, այլ դրա չորացրած, աղացած փոշին: Մասնագետների պնդմամբ, այս միրգն ունի որոշ օգտակար հատկություններ, բայց խոսքը ոչ թե դրա չորացրած տարբերակի, այլ՝ թարմ մրգի մասին է: Ավելին, երբ Հայաստանում առաջին անգամ խոսվեց այդ մրգի մասին, ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը մի քանի հատ ներկրել էր, բայց քանի որ վաճառում էր ահռելի գնով՝ 80-100 հազար դրամով, նախաձեռնությունը չարդարացրեց իրեն, մանավանդ, երբ այդ միրգը շուտ է փչանում: Հիմա, փաստորեն, նոր «Արմենիկում- 2» նախաձեռնությունն է մեկնարկել, որից ավելի շուտ բլեֆի հոտ է գալիս:

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 23-ին եւ 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին` պատասխանելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ` ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին` իր մտահոգությունը հայտնելով Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի եւ սպանությունների կապակցությամբ: «Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Կարեն Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: … Պետրոսյանի սպանությունից 17 օր անց ադրբեջանական կողմը դիակը դեռ չի հանձնել Հայաստանին: Ես հիմնավոր կասկածներ եւ մտավախություն ունեմ, որ Պետրոսյանի դիակի հանձնման ձգձգումը խոշտանգման հետքերը թաքցնելու նպատակ է հետապնդում: Նույն կերպ 2010թ. Ադրբեջանում գերության մեջ սպանվեց քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, իսկ մեկ այլ քաղաքացիական անձ՝ Մամիկոն Խոջոյանը, 2014թ. մահացավ Ադրբեջանում խոշտանգվելու հետեւանքով, հայրենիք վերադառնալուց հետո»,- նշված ` է ՀՀ ՄԻՊ նամակում: Արձանագրելով Ադրբեջանի օմբուդսմենի դատապարտելի լռությունը` Կ. Անդրեասյանը կոչ է արել Ն. Փիլեյին «անմասն չմնալ եւ հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, ինչպես նաեւ նպաստել Կ. Պետրոսյանի դիակի՝ Հայաստան տեղափոխմանը եւ սպանության համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»:

 

ԶՈՐԱԿՑԵԼ Է
Ամենայն հայոց կաթողիկոսը դատապարտել է Իրաքի եզդիների հանդեպ շարունակվող բռնությունները: Նա զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե-Միրա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդի միջոցով: Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները` կաթողիկոսը կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու եզդիների ջարդերը Իրաքում:




Լրահոս