ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Ուկրաինայի դեսպանատան առջեւ

 

Երեկ Երեւանում անցկացվել է «Մայդանում նաեւ մենք ենք» կարգախոսով երթ, որի մասնակիցները շարժվել են Հաղթանակի զբոսայգուց դեպի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն: Այս երթով նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում ազատության պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից կատարված բռնությունները: Նրանք պաստառներ են պատրաստել՝ «Պուտի՛ն, գնա՛ տուն», «Մոտենում է մարտի 1-ը, իսկ Կիեւում նույն իրավիճակն է» եւ այլ կարգախոսներով: Բողոքի երթին մասնակցել են քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ: Իսկ քաղաքական գործիչներից ներկա էին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը եւ այլք:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ճի՞շտ է, որ 2012թ. հունվարի 1-ից վերացել է անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը:

Սամվել Պետրոսյան (41 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի գործարքները հնարավոր է կնքել կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում՝ առանց նոտարական գրասենյակ այցելելու:
Այդ նպատակով անշարժ գույքի նկատմամբ որեւէ գործարք կնքելու մտադրություն ունեցող անձինք պետք է նախ ՀՀ կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերից ընտրեն իրենց գործարքին համապատասխանող պայմանագրի տեսակը, լրացնեն օրինակելի պայմանագրի մեջ լրացման ենթակա տվյալները եւ անձամբ ներկայանան կադաստրի պետական կոմիտեի որեւէ սպասարկման գրասենյակ, որտեղ համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ պետք է ստորագրեն կազմված պայմանագիրը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է ասել, այս դեպքում գործարքի իրականացումն ավելի է երկարացել ու բարդացել: Ստացվում է, որ անձը պետք է պայմանագիր ընտրի, գրասենյակ ներկայանա եւ մասնակցի այլ թղթաբանական գործընթացների:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ բժշկական կենտրոն (ԲԿ), հասարակական կազմակերպություն (ՀԿ) հապավումներն ինչպես է ճիշտ գրել՝ մեծատառով, թե փոքրատառով:

Անուշիկ Խառատյան (28 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հապավումների ուղղագրությունը բացատրվում է դպրոցական, բուհական եւ այլ դասագրքերում, ուղղագրական բառարաններում: Ամենուրեք տառային հապավումները գրվում են մեծատառերով. «հասարակական կազմակերպություն»-ը պետք է գրել ՀԿ, իսկ «բժշկական կենտրոն»-ը՝ ԲԿ: Կան գրության նշված կանոնից շեղվող մի քանի օրինակ՝ բուհ, ջէկ, հէկ, նէպ: Ամբողջ ճշմարտությունն այն է, որ մեր գրական լեզվի հապավումների ուղղագրությունը ռուսերենի համապատասխան իրողությունների ուղղագրական պատճենումն է: Ստեղծվել է տառային հապավումների ոլորտում գրության մի վիճակ, երբ միեւնույն տառային հապավումը գրվում է ե՛ւ մեծատառերով, ե՛ւ փոքրատառերով, ըստ որում, տարբեր ձեւերով: Այսպես՝ «հասարակական կազմակերպություն»-ը գրվում է ՀԿ, Հ/Կ, հ/կ, հ.կ., հ.-կ. եւ այլն: Առանձին հեղինակներ այս նորագույն հապավումների ուղղագրության հանձնարարելի ձեւեր են առաջարկում, բանավիճում են միմյանց հետ, իրարամերժ ուղղագրություններ առաջարկում: Լեզվի պետական տեսչությունը, ցավոք, այս եւ նման բնույթի այլ լեզվական իրողությունների կանոնարկման իրավասություն չունի: Մենք կարող ենք ասել, որ պետք է պահպանել վերոհիշյալ կանոնը, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներում կանոնից շեղում ներկայացնող գրության ձեւերը զանգվածային բնույթ են կրում, չենք կարող դրանք անտեսել եւ համարել սխալագրություն, որովհետեւ լեզուն, այնուամենայնիվ, պայմանականություն եւ կիրառություն է:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից ստացվում է, որ այս հարցում ամեն ոք կարող է իր նախասիրությամբ առաջնորդվել: Բայց ցանկալի է, որ ամեն հայ իր մայրենին լավ իմանա եւ գոնե ուղղագրության մեջ սխալներ չանի:

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ 4 անչափահաս երեխա: Ամուսինս նոր է մահացել: Ապրում եմ երեխաներիս հետ, չեմ աշխատում: Ընտանիքս միայն նպաստ է ստանում: Հնարավո՞ր է՝ պետության կողմից մեզ թոշակ կամ հավելյալ որեւէ օգնություն տրամադրվի:

Աշխեն Սարուխանյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխաներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու հետ կապված նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվ. համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝ 1. 18 տարին չլրացած երեխային, 2. 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը, 3. Կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած ամուսնուն, եթե չեն աշխատում, 4. Ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների՝ նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում: Կախված մահացած կերակրողի աշխատանքային ստաժից՝ վերը նշված անձանց կարող է նշանակվել կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստ:
ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է պատասխանից, մեզ դիմած քաղաքացու համար կարծես թե հնարավորություններ չկան: Որքան էլ ցավալի է ու դժվար, սակայն միակ տարբերակը բազմազավակ ընտանիքի մոր` աշխատանքի տեղավորվելն է:




Լրահոս