Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սյունիքն ունի մարզպետի պաշտոնակատար, ով աշխատում է բնականոն ռեժիմով:
Այն հարցին, թե ինչն էր Վ. Հակոբյանի անակնկալ հրաժարականի պատճառը, վերջինս պատասխանեց. «Անակնկալ չէր. երբ իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում, բնականաբար, ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ»:
Հարցին՝ թե ինքը հրաժարվեց պաշտոնից, թե մտածեց, որ ավելի լավ է՝ այս պաշտոնում աշխատի, նա արձագանքեց. «Մենք քաղաքական թիմ ենք, և խնդիրները լուծում է քաղաքական իշխանությունը: Ղեկավարությունը որոշում կայացրեց, որ ես իմ պարտականությունները շարունակեմ Ջրային պետական կոմիտեում»:
«Սուրիկ Խաչատրյանը կվերանշանակվի՞» հարցին նա պատասխանեց. «Ես չեմ տեսնում անուններ տալու անհրաժեշտություն, դա իմ որոշման տիրույթից դուրս է»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իր պաշտոնավարման օրոք ԲՀԿ-ն է գերիշխող դիրք ունեցել մարզում, իսկ ինքը չի կարողացել վերահսկել մարզը, և այդ պատճառով հրաժարական է տվել, Հակոբյանն ասաց. «Համենայն դեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները. տարածաշրջանում, բնականաբար, որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց նվիրումով ու սիրով կատարել եմ իմ պարտականությունները»: