ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՐՆ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՐԺԱՆԻՔԸ

Այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ 6 տարի առաջ ավելի շատ մարդ էր հավաքված, քան այսօր, անհերքելի իրողություն է: Թե ով ինչու հեռացավ նրա կողքից, այդ մասին շատ է խոսվել: Որպես ընդհանրական պատկեր, թերեւս կարելի է հիշել, որ շատ-շատերը դժգոհ էին Տեր-Պետրոսյանի սառը վերաբերմունքից, որ միշտ իրեն բարձր էր պահում, հարկ չէր համարում անմիջական կոնտակտի մեջ մտնել՝ հաճախ շփվելով միջնորդների միջոցով: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հրամանատարներ Սասուն Միքայելյանը, Ժիրայր Սէֆիլյանը եւ էլի շատ-շատերը հրաժարվեցին Տեր-Պետրոսյանի հետ նույն ճանապարհով գնալ:
Բայց հիմա, կարծես թե, Տեր-Պետրոսյանն իջել է իր բարձունքից եւ այն աստիճան, որ գնում է ԲՀԿ նախագահ Ծառուկյանի տուն կամ գրասենյակ, նստում ոչ առաջնային տեղում ու ինչ-որ բան քննարկում: Թե որն է Ծառուկյանի արժանիքը առաջին նախագահի աչքերով, դժվար է ասել, բայց փաստ է, որ ՀԱԿ-ԲՀԿ սերտացումը անթաքույց դրսեւորումներ է ունենում: Երեկ երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող ՍԴ փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը Քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդարանում առաջիկայում նոր, ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր եւ 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Լ. Սարգսյանին եւս աշխատանքի «տեղավորել»: Մեզ տեղեկություններ հասան նաեւ, որ Լեւոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Գալուստ Սահակյանին»: Դա էլ առայժմ չհաջողվեց:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի տեսակետները համապատասխանում են իրար: «Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցության ծրագրերը համապատասխան են որոշակի ժամանակաշրջանի համար»,- հավելեց Մելիքյանը: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է այդ տեսակետների համընկնումը կրկին կոալիցիայի վերածվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կոալիցիաները միշտ էլ ժամանակավոր են եղել ու ցանկալի է, որ այդ ժամանակաշրջանը բավականին երկարատեւ լինի: Որքան կոալիցիաները երկարատեւ լինեն, դրանից ավելի շատ կշահի մեր ժողովուրդը, մեր պետությունը: Տեսակետների համընկնում կա ու այդ համապատասխանեցումը Աժ-ում կարող է բերել նրան, որ որոշակի օրենսդրական նախաձեռնությունների, քննարկումների, քվեարկությունների ժամանակ մենք ՀՅԴ-ի հետ միաձեւ քվեարկենք»:

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում ծեծի մասնակից հարկային ծառայողների անունները: Ըստ այդմ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, ով ՀՀ մաքսատան հատուկ բաժնի պետ է, Կենտրոնի հարկային տեսչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանը, ով «Մետելիցա» ռեստորանի սեփականատերն է, եւ ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի աներորդին վիճաբանել են ակումբի սեփականատիրոջ հետ այն բանի համար, որ թեեւ իրենք ակումբը փակել են տվել, սակայն նախկին ոստիկան սեփականատերը ընկերոջ հետ ընթրելիս է եղել այնտեղ: Հարկային ծառայողները հաց ուտելու պահին հարձակվել ու ծեծել են նախկին ոստիկանին, ով էլ իր ընկերների հետ խիստ «դաստիարակել» է վերնաշապիկներն արձակած ու ձողի մոտ գրեթե պարային շարժումներ անող պաշտոնյաներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավիճակը կարողացել է փրկել Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Սուրենը, ով մի կերպ բացել է «Շառլոտ»-ի դուռը եւ օգնություն խնդրել ոստիկաններից:

 

 

ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑԻՆ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ այն ճանաչած եւ դատապարտած շուրջ երկու տասնյակ երկրների շարքում երեկ կարեւոր քայլ կատարեց Հունաստանը: Այդ երկրի խորհրդարանը ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդպիսով` Հունաստանը դարձավ Եվրամիության անդամ թվով երրորդ երկիրը` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:
Նշենք, որ մի քանի անգամ քննարկված եւ փոփոխությունների ենթարկված օրինագծի վերջին` լրամշակված տարբերակով հստակորեն պահանջվում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Այս օրենքով նախատեսվում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն միջազգային ատյաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Այսպիսով` Հունաստանի ընդունած այս օրինագիծը, կարելի է ասել, որոշակիորեն փրկում է հայկական դիվանագիտության դեմքը, որը Մեծ եղեռնի հարյուրամյակին նախորդող տարում որեւէ տեսանելի աշխատանքի չի տանում` հասնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մեկը մյուսի հետեւից շուրջ մեկ տասնյակ երկրների խորհրդարաններ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր, թուրքական լրատվամիջոցները մտահոգված գրում էին, որ նման ընթացքի դեպքում Հայաստանը կնշի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը` որպես արդեն միջազգայնորեն, ողջ մարդկության կողմից ճանաչված եւ դատապարտված հանցագործություն;
Ու որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն համոզել, թե ճանաչման ընթացքի կասեցման վրա ազդեցություն չունեցան տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները, ակնհայտ է, որ դա այդպես չէ: Եվ Հունաստանի խորհրդարանի ընդունած այս օրինագիծն ամենեւին էլ չի փաստում հակառակը: Ի վերջո, ոչ ոք չէր ասում, թե հայ-թուրքական չարաբաստիկ գործընթացից հետո այլեւս ոչ մի երկիր Ցեղասպանությունը չի ճանաչի: Իսկ այն երկրները, որոնց ճանաչումն ու քրեականացումը մեզ համար այդքան կարեւոր էր` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, այս ընթացքում այդպես էլ բեկումնային քայլ չկատարեցին` բավարարվելով կիսաքայլերով: Ամեն դեպքում` հուսանք, որ Հունաստանի օրինակին կհետեւեն նաեւ այլ երկրներ, եւ Հայաստանը հարյուրամյա հանգրվանը կթեւակոխի Թուրքիայի կատարած ոճիրը դատապարտող ավելի մեծ թվով երկրների աջակցությամբ:

 




Լրահոս