Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իր ընտանիքի անդամները հայտնի են իրենց բիզնես գործունեությամբ և մեծ ունեցվածքով: Ալիևի կարողությանը բազմիցս անդրադարձել է այնպիսի հեղինակավոր ամերիկյան հրատարակություն, ինչպիսին «Վաշինգտոն փոստ»-ն է: Հրապարակման մեջ տեղեկություններ կան Դուբայում Ալիևների առանձնատների, դուստրերի բիզնեսների և այլ հետաքրքրիր հանգամանքների մասին: Armlur.am-ը ներկայացնում է տվյալներ Ալիևի ընտանիքի կարողության մասին:
Ըստ այդ հրապարակումների, նրա փոքր դուստրը՝ Արզու Ալիևան, կասկածելի կերպով դարձել է ավիածառայություններ մատուցող ընկերության և խոշոր բանկերից մեկի սեփականատեր:
Ընկերությունը, որը պատկանում է «SW Holding»-ին, պատասխանատվություն է կրում ինքնաթիռում սննդի, փոխադրման ծառայությունների մատուցման համար, ինչպես նաև կատարում է ազգային ինքնաթիռների և ուղղաթիռների վերանորոգում: Silk Way Bank անվամբ բանկի սեփականատերերն են հանդիսանում Զարիֆա Գամզաևան և Իլհամ Ալիևի դուստրը:
«Վաշինգտոն փոստ»-ը հայտնում է, որ Ալիևի կրտսեր որդին` Հեյդարը, մի քանի տարի առաջ Դուբայում ձեռք է բերել 9 շքեզ առանձնատուն: Դրանց արժեքը կազմել է մոտ 44 մլն դոլար: Նրա դստրեր Լեյլան և Արզուն ևս Դուբայում սեփականություններ ունեն, որոնք հենց իրենց անուններով են գրանցված: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի երեխաների սեփականությունը գնահատվում է 75 մլն դոլար:
Այն բանից հետո, երբ «Վաշինգտոն փոստ»-ը գրել է Ալիևի որդու 9 առանձնատների մասին, Ադրբեջանում փակեցին մի շարք կայքեր: Կայքերի փակվելը կապված էր այն հանգամանքի հետ, որ սոցիալական կայքերի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին թերթի ներկայացրած տվյալները:
Նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի բարեկամները երկրում բիզնեսների շարք ունեն: Իսկ նախագահի ավագ դուստրը՝ Լեյլան, ամուսնացած է ռուս գործարար Էմին Ագալարովի հետ: Վերջինիս հոր ունեցվածքը Forbes-ը գնահատել է 360 մլն դոլար: Ըստ տեղեկությունների, Լեյլան նույնպես Դուբայում սեփականություն ունի:
Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ է: Իսկ Իլհամ Ալիևը պաշտոնապես տարեկան ստանում է մոտ 230 հազար դոլար: Իլհամ Ալիևի ունեցվածքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Երկրի օրենքն արգելում է բիզնեսներ ունենալ, սակայն Ալիևի ընտանիքի անդամներին այս արգելքը չի անհանգստացնում: Ալիևի ընտանիքն արտերկրում ակտիվորեն բիզնեսներ և անշարժ գույք է ձեռք բերում, սակայն պաշտոնապես հերքում է այդ մասին:
Նաիրա Հովհաննիսյան