Վլադիմիր Կարապետյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 2 ընտրատարածքում “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ նույն ընտատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանը շարունակում է ոտնահարել ՀՀ մի շարք օրենքներ ու խախտում է թեկնածուների մրցակցության հավասարության սկզբունքը: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
“ՀՀԿ թեկնածուն թվով 27 բազմաբնակարան շենքերի վրա, առանց համապատասխան պայմանագրի, անվճար փակցրել է 5 քառակուսի մետր մակերեսով քարոզչական պաստառներ, որով խախտվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները (,Համայնքի ղեկավարը կարող է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մինչեւ 5 քառակուսի մետր մակերեսով, իսկ մյուս ընտրությունների դեպքում` առանց մակերեսի սահմանափակման քարոզչական պաստառների համար վճարովի հիմունքներով տեղեր առանձնացնելե)”- ասվում է հայտարարությունում:
Վլադիմիր Կարապետյանի շտաբը նաև նշում է, որ ս.թ. ապրիլի 20-ին շտաբի ներկայացրած բողոքն ուսումնասիրելիս թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը անտեսել է Ս. Ֆարմանյանի պաստառներն անվճար փակցնելու հանգամանքը: ԸԸՀ-ն նաեւ չի անդրադարձել Երեւան համայնքի ղեկավարի եւ Ս. Ֆարմանյանի միջեւ 1մ2 համար պահանջվող գումարի չափի վերաբերյալ պայմանագրին, ինչպես նաեւ հաշվի չի առել պաստառների էսքիզի վերաբերյալ քաղաքապետարանի հաստատման բացակայությունը: Նշված փաստաթղթերը ներկայացնելու փոխարեն, Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները նույն օրը հապճեպորեն կատարեցին 50 հազար դրամի վճարում՝ դրանով իսկ փաստելով, որ մինչ այդ պահը առկա էր խախտում: “Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի տնօրինության տակ կա պայմանագիր, որի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանը 5 քմ. գերազանցող քարոզչական պաստառները շենքերի վրա փակցնելու համար սահմանել է 1500 դրամ յուրաքանչյուր 1 մետր պաստառի համար, իսկ Ս. Ֆարմանյանը փակցրել է 382,38 քառ. մետր ընդհանուր մակերեսով 27 պաստառ, որի համար պետք է համայնքային բյուջեին վճարեր 573.570 (հինգ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր յոթանասուն) դրամ: Այսինքն, ՀՀԿ-ական թեկնածուն համայնքային բյուջեին պարտք է մնում ավելի քան 500.000 դրամ։
Ստիպված ենք արձանագրել, որ Սամվել Ֆարմանյանը ոչ միայն խախտում է պատգամավորության թեկնածուների միջեւ հավասար մրցակցության սկզբունքը, այլեւ մեր բողոքների արդյունքում պարտադրված կերպով որոշ վճարումներ է կատարել եւ դեռ շարունակում է մտնել իր իսկ բնակիչների գրպանը՝ այն ընտրողների, ում քվեն նա ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հայտնում ենք նաեւ, որ Վարչական դատարանն արհեստական հիմունքներով մերժել է Վ. Կարապետյանի` խնդրո առարկային առնչվող հայցը: Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը բողոքարկելու է այդ որոշումը՝ հետամուտ լինելով, որ Ս. Ֆարմանյանը կատարի անհրաժեշտ վճարումները համայնքային բյուջե”,- նշվում է հայտարարությունում: 




Լրահոս