Շիրակի մարզը մի քանի օր շարունակ պատրաստվում էր Սերժ Սարգսյանի այցելությանը: Մարզային իշխանությունները ջանք չէին խնայել ՀՀԿ ղեկավարին պատշաճ դիմավորելու եւ ճանապարհելու համար: Հնարավորն արվել էր, որպեսզի ՀՀԿ հանդիպումները լինեին մարդաշատ:
Տեղական եւ մարզային իշխանություններից զատ, տարբեր տրամաչափի չինովնիկներ, ինչպես նաեւ կրթական, առողջապահական կառույցների աշխատակիցներ էին մասնակցում Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Մինչ այդ, հանրապետականների առաջին կանգառը Մարալիկն էր, հետո՝ Ազատանը, Արթիկը, Աշոցքն ու Ամասիան: Միայն թե մարզային իշխանությունների մոտ չէր ստացվել նույն հաջողությամբ «ինստրուկտաժ» անել շարքային քաղաքացուն այնպես, ինչպես չինովնիկներին եւ որոշ մանկավարժների, որոնք դեմքի ուրախ արտահայտությամբ ծափահարում էին նախագահի արտաբերած յուրաքանչյուր նախադասությունից հետո՝ նույնը հորդորելով դպրոցականներին: Արդյունքում` ՀՀԿ առաջնորդը տհաճ անակնկալներից խուսափել չկարողացավ, եւ շարքային ընտրողը, ավելի համարձակ գտնվելով, սկսեց հարցեր ուղղել ու նաեւ քննադատել Սերժ Սարգսյանին: Երբ վերջինս Արթիկում հայտարարեց, որ երկրում դրական առաջընթաց կա, եւ դրանում ՀՀԿ-ն է իր ներդրումն ունեցել, ընտրողներից մեկը հարկ համարեց հիշեցնել, որ կոնկրետ Արթիկում իրենք որեւէ առաջընթաց չեն տեսնում՝ պահանջելով աշխատատեղեր ստեղծել: Ազատանում էլ մի կին նախագահին հարց ուղղեց, թե ինչպես ապրել թոշակի չնչին բարձրացումով այն դեպքում, երբ ապրանքների գներն օրեցօր թանկանում են:
-Թանկացնում եք, ախպե՛ր ջան, էսի բան չէ…
-Թանկացնողը ե՞ս եմ,-միամիտ հարցրեց Սերժ Սարգսյանը:
-Չէ բա ե՞ս եմ, ո՞վ է,-տարակուսեցին ազատանցիները:
Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ խոսեց հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, ներքաղաքական անցուդարձի եւ, իհարկե, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Արթիկում հիշեցրեց, որ թիվ 36 ԸԸՀ-ում թեժ ընտրապայքար է սպասվում՝ կարեւորելով ազատ ընտրությունների անցկացումը. «Այդ պայքարը չվերածել թշնամանքի: Մեզ պետք է ազատ ընտրություններով ընտրված պատգամավոր: Մեզ, Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է լավ ընտրություններ անցկացնել: Լավ ընտրություններով ընտրված իշխանությունները Հայաստանի համար կարող են շատ մեծ գործ կատարել»:
Ազատանում պատվիրակությունը մասնակցեց մշակույթի տան բացման արարողությանը, հետո եղավ Աշոցքում կառուցվող դպրոցի շինհրապարակում եւ Ամասիայում Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցված համայնքային կենտրոնում:
Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա այստեղ՝ Թատերական հրապարակում, ՀՀԿ գովքն անող հայ «աստղերը» համերգային ծրագիր էին կազմակերպել: Սերժ Սարգսյանի պատվին երգելու էին եկել շատ երգիչ-երգչուհիներ: Առհասարակ, Գյումրիում յուրահատուկ կերպով էին նախապատրաստվել ՀՀԿ նախագահի այցին: Նույնիսկ նրա այցից 2 ժամ առաջ, չնայած հորդառատ անձրեւին, բանվորներն ասֆալտապատում էին քարուքանդ փողոցները: Պետական հիմնարկների աշխատակիցներն էլ, հրապարակում կանգնած, սպասում էին՝ երբ է Սերժ Սարգսյանը սկսելու հանդիպումը: Վերջինս խոսեց Գյումրին հյուսիսային մայրաքաղաք դարձնելու, ինչպես նաեւ այնպիսի Հայաստան կառուցելու մասին, որ յուրաքանչյուրը կարողանա իրացնել իր հնարավորությունները, այլ ոչ թե լավ կյանքի փնտրտուքով մեկնի արտերկիր: Նա նաեւ կոչ արեց հավատալ ՀՀԿ-ին եւ ընտրել ՀՀԿ թեկնածուներին՝ Աշոտ Աղաբաբյանին եւ Արման Սահակյանին:
Խոսելով Գյումրիում սպասվող ընտրությունների, այստեղ առկա լարվածության եւ նախընտրական շրջանում տեղի ունեցած միջադեպերի մասին` ՀՀԿ նախագահը խոստացավ այնպես անել, որ ընտրությունների օրը Գյումրիում ոչ մի արտառոց միջադեպ տեղի չունենա, իսկ ընտրություններից հետո ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ չթշնամանան, քանի որ ընտրությունները «կյանքի եւ մահվան հարց չեն». «Ես կոչ եմ անում ձեզ ընտրությունների ժամանակ առաջնորդվել լայնախոհությամբ: Քվեարկե՛ք ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուների օգտին, եւ ի դեմս նոր ձեւավորվող խորհրդարանի՝ դուք կունենաք Գյումրու զարգացմամբ մտահոգ մարմին, օրենսդիր իշխանություն, որը ձեր աջակիցն է եւ ձեր շահերի պաշտպանը»:
Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ այն մասին, որ ՀՀԿ-ն հսկայական աշխատանք է կատարել Գյումրիում` նկատի ունենալով բնակարանաշինությունը: «Մենք պարտավոր էինք դա անել»,-նշեց նա՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչու է բնակարանաշինությունը վերագրում բացառապես ՀՀԿ-ին:
Հավելենք, որ հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանը Գյումրու նորակառույց մարզադաշտում մասնակցեց «Շիրակ»-«Իմպուլս» ֆուտբոլային հանդիպմանը, որտեղ Գյումրու «Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Իմպուլս»-ին՝ նվաճելով Հայաստանի գավաթը:
Գյումրի