Ապեր չի, պաշտպան է. դատավորը` փորձագետին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի «բանդայի» գործով դատական քննությունն անհավանական ընթացք է ունենում:

Այսօրվա նիստին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարզվեց, որ նախաքննությանը գործին ներգրավված փորձագետները` դատաձգաբանական, դատաքիմիական և բալիստիկ, մեղմ ասած, պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը:

Այսպես, արդեն հայտնել էինք, որ նախորդ դատական նիստին, այսպես կոչված, «բանդայի պարագլուխ» Արտյուշա Հակոբյանի պաշտպանը` Հովիկ Արսենյանը, միջնորդություն էր ներկայացրել մատնադրոշմային փորձագետին դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին, ինչը բավարարվել էր:

Իսկ այսօր հարցաքննվող փորձագետ, ոստիկանության մայոր Արտակ Մինասյանը հայտնեց, որ փորձաքննության ընթացքը, դրա սկիզբը և ավարտը իրենք 20 տարի շարունակ չեն նշել հավելվածում: Ավելին, թե ինչ նյութեր, ինչ քանակությամբ և որ գույներն են օգտագործվել, ևս նշված չէր համապատասխան բաժնում:

Փորձագետը հայտնեց, որ փորձաքննության ներկայացրած բոլոր իրերը լցված են եղել մի արկղի մեջ` կնքված վիճակում: Իսկ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին` արդյոք լուսանկարահանվել են առարկաները, փորձագետը բացասական պատասխան տվեց` նշելով, որ իր կողմից լուսանկարահանվել են միայն մատնահետքերը:

Իսկ պաշտպան Սաֆարյանը նկատեց, որ ՀՀ Քրդատ օրենսգրքի 18 հոդվածի հատկանիշների համաձայն` այն, ինչը դատարանում չի հիմնավորվում և ապացուցվում, գործում է հօգուտ ամբաստանյալի:

«Եկեղեցի չի, որ երդվես, հավատանք: Արդարադատություն է: Ինչն ապացուցվի, նրան էլ կհավատանք»,- ասաց պաշտպանը:

Այն բանից հետո, երբ փորձագետը հայտնեց, որ ինքը նմուշները ստացել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին, հետազոտությունն ավարտել է հաջորդ օրը` ժամը 17:00-ին, ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանն ասաց. «Էդ դեպքում ինչո՞ւ ինձ 5 ժամ հետո բերման ենթարկեցին»:

Ապա, պաշտպան Արսենյանի միջնորդությամբ, դատարանը բացեց ծրարը, որում տեղադրված էին դալտոժապավենները, և կողմերը դիտեցին այն: Նշենք, որ նույն պաշտպանը հարց էր հնչեցրել, թե ինչպես է հնարավոր 14 մմ-անոց ժապավենով մատնահետք վերցնել: Այս պահին պաշտպան Կարեն Հակոբյանը փորձագետին հարց ուղղեց, թե ինչու են սև առարկայի վրայից հետքը վերցրել սև գույնի փոշիով: Փորձագետը կիսազայրացած պատասխանեց. «Ապե՛ր, կարմիր ա, սև չի», և արժանացավ դատարանի նկատողությանը. «Ապեր չի, փաստաբան է»:

Նիստի ավարտին պաշտպաններ Հովիկ Արսենյանը և Ստեփան Ոսկանյանը հանդես եկան անձնաց որպես վկա դատաքննությանը ներգրավելու մասին միջնորդությամբ: Հովիկ Արսենյանի կողմից ներկայացվեց 4 անձ. բավարարվեց միայն 2-ի ներկայանալը: Նրանք ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի մտերիմներն են, ովքեր պետք է հայտնեն, որ Նապոլեոն Ազիզյանի բնակարանի թալանի օրը ամբաստանյալը եղել է իրենց հետ` Գառնիում:

Թեպետ մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը առարկեց` պատճառաբանելով, որ ամբաստանյալի հարազատները, բնականաբար, նրա դեմ չեն խոսելու, և հնարավոր է՝ նախապես նրա հետ պայմանավորված լինեն, այնուամենայնիվ, միջնորդությունը բավարարվեց:

Իսկ Ստեփան Ոսկանյանը միջնորդեց հրավիրել 6 ընթերականի, ովքեր ներկա են եղել քննչական գործողությունների ընթացքում, և կարող են ասել, որ քննիչների կողմից իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել: Միջնորդությունը դատարանը մերժեց:




Լրահոս