Կառավարությունը ոչ մի զիջումների չի գնում. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ավարտվել է Կառավարության ներկայացուցիչների և ԱԺ խմբակցությունների հետ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկումներն այս պահին փակուղում են գտնվում:

«Մենք հույս ունեինք, որ այս մեկ օր ժամկետը, որ խնդրեցին, ինչ-որ կոմպրոմիսների կգնային, բայց շատ հստակ է` հիմա Կառավարությունը ոչ մի զիջումների չի գնում: Ես հույս ունեի, որ Հանրապետական կուսակցությունը կգնար կոմպրոմիսների: Այսօր ես ուղիղ հարց եմ տվել Հանրապետականներին` ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը. վերջին հաշվով իրենցից է կախված այս խնդրի լուծումը:  Գալուստ Սահակյանն էլ պաշտպանեց Կառավարության դիրքորոշումը»,- ասաց Արամ Մանուկյանy:

Այն դիիտարկմանը, թե ՓՄՁ-ների փակումը, ըստ իշխանությունների, տնտեսական ձախողում չէ, Մանուկյանն ասաց, որ իրենց դա չի հետաքրքրում: «Իրենց միայն հետաքրքրում են ֆինանսական ելք ու մուտքերը և բյուջեի կատարողականը: Մարդիկ մտահոգվում են: Իրենք ոչ թե ասում են՝ մեզանից մեկ կամ երկու ամիս թուղթ մի՛ ուզեք, այլ ասում են՝ այս պայմաններում չենք կարող աշխատել: Մարդիկ հստակ ասում են՝ իրենք չեն, որ կարող են գնալ խոշոր տոնովաճառի սեփականատիրոջից թղթեր պահանջել, այլ վերջիններս պետք է թղթավորեն»,- ընդգծեց պատգամավորը:




Լրահոս