Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ քաղաքական միգրանտները բողոքի ակցիա են անցկացրել:
Մամեդյարովի ելույթի ժամանակ նրանք դահլիճում բղավել են «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»: Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը ցուցարարներից պահանջել է լռել, նրանք ակցիան լուռ են շարունակել՝ հագնելով Ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով կարմիր շապիկներ:
Բրասերը նշել է, որ անցած շաբաթ այցելել է Ադրբեջան և հանդիպումներ է ունեցել մի շարք ձերբակալվածների հետ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի չափանիշների պահպանման հարցում լուրջ խնդիրներ կան, մասնավորապես՝ դատարանների անկախության, ազատ հավաքների, ազատ արտահայտման ապահովման հարցում:
Մամեդյարովն իր ելույթում շրջանցել է վերոնշյալ խնդիրները՝ խոսելով Եվրպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանում Բաքվի ծրագրերի մասին: Մամեդյարովը ելույթն ամփոփել է հայտարարությամբ, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: