ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՂԿԱՔԱՂ ԴՈՆՈՐ ՌՈՒԲՈՅԻՑ

Երդվյալ ազատամարտիկների միության (ԵԱՄ) նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը իրենց հիմնադիր համագումարում մի այնպիսի ելույթի տեքստ էր կարդացել, որ լսողը փշաքաղվում էր: Արնածոր եւ արնաշաղախ այդ տեքստը վերստին հիշեցրեց նրա չտարածված, բայց դիպուկ մականունը՝ Դոնոր Ռուբո: Հավանաբար, նա մինչեւ օրս հպարտանում է, որ մամուլում տպագրվել է իր ելույթը՝ առանց դիպչելու դասականի քերականական սխալներին եւ մտքի «ծաղիկներին»:

Երգիծաբանի համար ֆելետիոնի ավելի լավ նյութ, քան պատգամավոր Գեւորգյանի ելույթներն են, ուղղակի դժվար է գտնել: Հիմնավորելով ԵԱՄ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Դոնոր Ռուբոն հայտարարում էր, որ «այսօրվա թշնամին իշխանությունների ծնած հիվանդ հասարակությունն է, որի մեջ մոլեգնում է ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը եւ նրանց մեջ արդեն իսկ բուն դրած ապագայի հանդեպ կորցրած հավատի սարսափը»: Մտքի ինչպիսի խորքեր… Էքզիստենցիալիզմ, սյուրռեալիզմ… ասենք՝ ինչու ոչ՝ դոնորռուբոյիզմ:
Անասելի ուրախությամբ կարդում ես բանական մի միտք. «…պատերազմում անմիջական մասնակցություն ունեցած մեր ազատամարտիկների ընտանիքներն այսօր գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, այնինչ նրանք այսօր իրենց իսկ հաղթանակած երկրում պետք է ապրեին հպարտ ու արժանավայել»: Սպասում ես, որ դրան կհետեւեն ինքնախարազանումը եւ խոստովանությունը, քանզի դրանում նաեւ իր մեղքի բաժինը կա: Ի վերջո` Ռուբոն իրականում կապ չի ունեցել պատերազմի հետ, եւ նրա «վրայից դեռ վառոդի հոտն է գալիս» այն պարզ պատճառով, որ նա սովորական մարդասպան է, ինչի համար բանտում երկար տարիներ է անցկացրել: Իսկ պատերազմից հետո էլ կատաղի հարստացել է` բոլորին հայտնի եղանակներով:
Առանձին հետազոտության թեմա կարող է լինել ելույթում հնչեցված արյունաբանության տեսությունը. Դոնոր Ռուբոն գերմանացի դասական փիլիսոփա Ֆիխտեի օրինակով ազգային ինքնության եւ արժանապատվության հիմնադրույթներն է զարգացնում՝ տառասխալներով «… հայրենի հողը արյուն է, հողի տերը արյան տերերն են, Երկրի շունչն է արյունը եւ նրա կենդանությունը, եթե պետությունը չգնահատի այդ ամենաթանկարժեքը, ապա նա վերջնականապես դուրս կգա իր զորության ուղուց»: Արյունաբանության համատեքստում մեր «երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից», բայց «ամեն պարագայում էլ արյամբ ընդգծված սահման ունեցող հայրենի երկիրը» դեռ կարելի է փրկել, քանի որ կան Դոնորի նման «հավիտենական անկոտրումներ»: Նրա մեկ այլ բնորոշմամբ՝ «երկրի ճակատագրականներով համալրված»՝ Երդվյալ ազատամարտիկները, չլինելով քաղաքական կառույց, «կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր …հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով եւ ծրագրով եւ որով էլ հնարավոր կդարձնեն պաշտպանված, բարեկեցիկ եւ բարգավաճ երկրի կառուցումը»: Զարմացանք ու չզարմացանք, որ «բարգավաճ» բառը ճիշտ էր գրել: Դե, իհարկե, այս մասով դասերը լավ է սովորել:
Նրա ելույթի տեքստը վերծանելուն զուգահեռ՝ մի քանի հետաքրքիր դրվագներ հիշեցինք: «Անկոտրում ճակատագրական» կերտող դոնոր Ռուբոն արցախյան պատերազմի ամենաթեժ տարիներին իր «ամենաթանկարժեք» կյանքը վտանգից զերծ պահելու 100 արդար եղանակների էր տիրապետում: Այսպես՝ նա մի քանի ամիս պառկեց Հանրապետական հիվանդանոցում՝ բուժվելով հույժ մահացու եւ օրհասական ալերգիայի դեմ:
Իսկ ահա 1995թ. կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռ. Գեւորգյանը երջանկահիշատակ Էդուարդ Եգորյանի մրցակիցն էր եւ աջ ու ձախ դժգոհում էր, թե՝ «էս ով են, արա, պլակատ-մլակատ են բերել դեմս, ես ութը տարի զոն եմ նայել, էս ոնց են պայքարում իմ հետ»:
Նրա «ազգային-ազատագրական-հոգեւոր-կրոնական» կենսագրության պանծալի էջերից մեկը կգրվեր այն տարիներին, երբ Ալբերտ Բազեյանը Երեւանի քաղաքապետն էր: Թե ինչու` հիշեցնենք, կամ տեղեկացնենք անտեղյակներին. Դոնորը Դավիթաշենում իր հովանավորությամբ կառուցված եկեղեցին սեփականաշնորհելու դիմում էր գրել, եւ Բազեյանը մոտակա քարը Դոնորի գլխովն էր տվել՝ նման հանդգնության համար:
Հայկական արյունաբանության մտքի գիգանտ Դոնորը տարիների ընթացքում ինքն իրեն այնքան է նույնացրել իր զոհված եղբայր Սամվել Գեւորգյանի հետ, որ, երեւի, երբեմն ինքն իր նկարի առաջ խունկ է ծխում, ինքն իր «մարտական սխրանքների» մասին հուշեր պատմում: Առանց որեւէ կատակի նշույլի՝ Դոնոր-Ծաղիկը արցախյան պատերազմի հետ ունի ճիշտ նույնքան առնչություն, որքան պատերազմի տարիներին հոգով «անարիները», որ թաքնվում ու խուսափում էին զենք վերցնելուց: Պատերազմի մասնակից որեւէ մեկը չի կարող վկայակոչել, թե Ռուբեն Գեւորգյանը կռվել է, մասնակցել որեւէ մարտական գործողության:
Այժմ, սակայն, նա անասելի ոգեւորված է. հավանաբար արժանացել է իր սիրելի «վոինի» կամ նրա տեղապահի ուշադրությանը եւ լիցքավորված անցել գործի:
Եթե Երդվյալ ազատամարտիկների միության «պրոյեկտը» տապալվի (իսկ կտապալվի անկասկած, ինչպես ԵԿՄ-ին զուգահեռ բոլոր արհեստածին կառույցները), Արնածաղիկը մխիթարվելու համար կրկին կանցնի պոեզիային՝ ՀԳՄ պատվավոր անդամի տոմսը կրելու շրջանակներում (որից ունեն մի քանի առանձնակի հարուստ ու առանձնակի գրամոլները եւ, կարծեմ, Աբդուլա Օջալանը):

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Բելգիա

 
ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՆԱԵՎ ՍԵՎԱՆ

Օր օրի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարող առեւտրականների բողոքի ալիքը նորանոր քաղաքներ է ընդգրկում: Եթե նախօրեին Երեւանին միացել էր նաեւ Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, ապա երեկ բողոքի ալիքը իր ողջ ուժգնությամբ արտահայտվեց նաեւ Գեղարքունիքի քաղաքներից մեկում՝ Սեւանում:

Երեկ հարյուրավոր առեւտրականներ կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ: Առեւտրականները պահանջում են կասեցնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի նոր փոփոխությունները: Եվ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից հետո ստիպված եղավ հանդիպել երեք առեւտրականի հետ: Նա խոստացավ ուսումնասիրել պահանջները եւ չորս օրից պատասխան տալ: Ստացվում է, որ վաճառականները այս հարցի լուծման համար մեկ շաբաթից ավել է, ինչ պայքարում են, սակայն վարչապետը դեռ նոր պետք է ուսումնասիրի այն: Այնուամենայնիվ, վաճառականները որոշեցին չորս օր անց հանդիպել եւ որոշել իրենց հետագա քայլերը:
Նույն պատկերը նաեւ Գյումրիում էր: Այս անգամ ցուցարարներին էին միացել նաեւ սննդի վաճառակետերի տերերը: Նրանք շրջափակել էին Գյումրու ՀՀԿ գրասենյակը եւ մտադիր էին խոչընդոտել գրասենյակի աշխատանքներն այնքան ժամանակ, մինչեւ իրենց չներկայանան Շիրակի մարզը ներկայացնող բոլոր պատգամավորները: Ի վերջո գրասենյակից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով լսեց առեւտրականների դժգոհությունը եւ հեռացավ:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ նաեւ Սեւան քաղաքում եւ արձանագրեց, որ քաղաքի բոլոր, այդ թվում նաեւ՝ բանջարեղենի խանութներն ու սուպերմարկետները փակ էին: Ի դեպ, սեւանցիների մեջ խոսակցություններ էին պտտվում, որ հաջորդ ակցիաները սպասվում են Մարտունիում, Վարդենիսում, Գավառում: Սեւանցի առեւտրականների պնդմամբ՝ կառավարությունն արագ պետք է այս հարցը կարգավորի՝ գործադուլներից, բողոքի ակցիաներից խուսափելու համար: Զայրացած վաճառականները պահանջում էին, որ գա իրենց ընտրատարծքից ընտրված պատգամավոր Կարեն Բոթոյանը: Հուսահատված վաճառականները տեւական ժամանակ սպասեցին Բոթոյանին, որից հետո որոշեցին գնալ տուն եւ գործադիրին ժամանակ տալ մինչեւ հոկտեմբերի 5-ը: Հակառակ դեպքում՝ նրանք մտադիր են փակել Սեւան-Երեւան մայրուղին:
Սեւանցի առեւտրականների խնդրով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, ով անմիջապես արդարացավ. «Այստեղ քաղաքապետը միջամտելու խնդիր չունի, դա օրենսդրական դաշտին է վերաբերում: Քննարկումները գնում են: Ես կարծում եմ, որ օրենքը պետք է գործի»:
Քաղաքապետն ինքը անձամբ չի հանդիպել վաճառականների հետ: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ի՞նչ է անելու, երբ առեւտրականներն իրագործեն իրենց մտադրությունը՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին, Ղուկասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի: Դա ձեւ չէ: Սովորել ենք արդեն ճանապարհ փակելուն, ի՞նչ ենք ուզում դրանով ասել»:
Վերջում նկատենք, որ թեեւ առեւտրական չի մնացել, որ միացած չլինի բողոքի ակցիային, բայց գործադիր մարմինը դեռ անհողդողդ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի իշխանությունները վերադարձրել են դրանից մեկ ամիս առաջ` օգոստոսի 26-ին, այդ երկրի տարածքում հայտնված, Նոյեմբերյան քաղաքի՝ 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանին: Նա ներկայումս գտնվում է Կողբ գյուղում՝ քրոջ տանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ս. Անանյանն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ ծեծել, հարվածել են հատկապես գլխին ու ոտքերին: Անանյանի հարազատները մտավախություն ունեն, որ նրա մոտ ոտքի փտախտ կարող է սկսվել:
Բանն այն է, որ Սարգիսը 13 տարեկանից ձախ ծնկահոդի վնասվածք, 3-րդ խմբի հաշմանդամություն ունի: Նրան անհրաժեշտ դեղերը գնում են հարազատները, որոնք նույնպես սոցիալապես անապահով են: Ս. Անանյանի քույրը՝ Կողբի բնակչուհի Սիրուշ Երկնափեշյանը, ասաց, որ իրենք Սարգիսին ֆինանսապես օգնելու համար դիմել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վերջինիս հրահանգով Կողբ՝ Սարգիս Անանյանին տեսակցության են եկել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 3 աշխատակիցներ: Սակայն բժշկական կենտրոնի կողմից Ս. Անանյանին դեղորայքային աջակցություն դեռ չի ցուցաբերվել:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ քաղաքապետարանը, ըստ հնարավորի, ֆինանսապես կօգնի Սարգիսին: Մեզ հետ զրույցում Սիրուշ Երկնափեշյանը հայտնեց, որ իրեն զանգահարել են Երեւանում գործող սոցիալական ինչ-որ ծառայությունից եւ խոստացել Երեւանում Սարգիսին բուժօգնություն ցուցաբերել, նաեւ հոգալ նրան Երեւան տեղափոխելու ծախսը: Նշված սոցիալական ծառայությունից Սարգիս Անանյանի հարազատներին խորհուրդ են տվել նրան տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց:
Հարազատները, սակայն, դրան դեմ են, քանի որ Ս. Անանյանը ագրեսիվ վարք չի ցուցաբերում, եւ նրան հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա, պարզապես հարկավոր է դեղորայքային բուժում: Ս. Անանյանը Երեւանում պետք է արյան հետազոտության ենթարկվի, որպեսզի պարզվի՝ ադրբեջանցիները նրան թունավոր նյութեր ներարկե՞լ են, թե՞ ոչ: Սարգիսն ասում է, որ իր գլխի մեջ «մի քանի հոգի զրուցում են»: Նա իրականության զգացումը կորցնելու պատճառով է հայտնվել Ադրբեջանում: Սարգիսն աղոտ հիշում է, որ հայ դիրքապահները սահմանն անցնելու ժամանակ իրեն ձայն են տվել: Հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մարդուն, որը Ադրբեջանում է հայտնվել իր կամքից անկախ, պետությունն առայժմ գրեթե չի օգնում: Ադրբեջանում հայտնված, Չինարիի բնակիչ Արսեն Խոջոյանին, մեր տեղեկություններով, պետական բյուջեից 400 հազար դրամի աջակցություն է ցուցաբերվել: Սոցիալական վատ վիճակում գտնվող Արսեն Խոջոյանին ֆինանսապես օգնելուն ոչ ոք դեմ չէ, սակայն ինչո՞ւ նման վերաբերմունք չի ցուցաբերվում նաեւ հաշմանդամ Սարգիս Անանյանի նկատմամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս