Կալանավորն ինքնասպանության և ինքնավնասումների է ականատես եղել. նա հոգեբուժարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, այս պահին հոգեբուժական հաստատությունում գտնվող Հովնան Խաչատրյանի կինը՝ Աննա Էլոյանը, ով հայտնեց, որ արդեն մի քանի ամիս է՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել իր ամուսնուն դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին: Կալանավորի կնոջ փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ գործը քննող դատավորի լիազորությունները կասեցվել են, գործի քննությունը ևս ժամանակավորապես կանգ է առել, հետևաբար, հետաձգվել է նաև փորձաքննության կատարումը:

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամուսնուս կամերում մեկը ինքնասպան է եղել, երկու օր առաջ էլ մեկ ուրիշն է փորձել կյանքին վերջ տալ՝ իրեն այրելով, սակայն Հովնանը հասցրել է օգնել նրան: Հիմա չենք հասկանում՝ կարո՞ղ է այնքան ուշացնեն, որ ամուսինս էլ իր հետ մի բան անի: Նրա վիճակն էլ օր օրի վատանում է»,- հուսահատված ասաց կալանավորի կինը՝ հավելելով, որ Հովնան Խաչատրյանը րոպեներ առաջ կապ է հաստատել իր հետ ու սպառնացել ինքնասպան լինել, քանի որ այլևս չի դիմանում անորոշ վիճակին:

Հովնան Խաչատրյանի կինը հայտնեց նաև, որ իրենք դիմել են դատարան՝ իմանալու համար՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, երբ է կատարվելու փորձաքննությունը, որտեղ պատասխանել են, թե ամեն բան իր ժամանակին կարվի, գործին ընթացք է տրվել: Իսկ դատաբժիշկը, ով պետք է աշխատեր Հովնան Խաչատրյանի հետ, ասել է. «Մի՛ շտապեցրեք, սպասե՛ք հասկանանք՝ ինչ է լինելու»:




Լրահոս