«ԻՆՉՈ՞Ւ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՔ, ԽՈՍԵՑԻՔ 2014-ԻՆ»
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թերությունների մասին մյուս քաղաքական ուժերը հնարավորություն ունեին բարձրաձայնել 3 տարի առաջ ու հարց է առաջանում, թե ինչո՞ւ են մինչ այսօր լռել:
-Պարոն Շարմազանով, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարի ժամանակ, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հայտարարեց. «Որեւէ մեծ խնդիր ես այստեղ չեմ տեսնում, թեեւ գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք»: Եթե ՀՀ բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ համակարգից, ինչո՞ւ ականջալուր չեք լինում այդ դժգոհությանը:
-Ուրեմն բարեփոխումների մեծ մասը՝ առյուծի բաժինը, շատ երկրներում, ոչ միայն Հայաստանում, սկզբնական շրջանում չի ունենում հասարակության լայն զանգվածների աջակցությունը: Առաջին խնդիրը դա իրազեկվածությունն է, երկրորդ խնդիրն այն է, որ նմանատիպ բարեփոխումների դրական արդյունքները միանգամից չեն երեւում, որովհետեւ այդ բարեփոխումների արդյունքները նկատելի պետք է լինեն տարիներ անց: Նույնկերպ ես կարող եմ օրինակ բերել ԱՊՊԱ համակարգը: Գուցե Դուք չհամաձայնեք իմ օրինակի հետ, բայց սկզբնական շրջանում կար շատ լուրջ դժգոհություն, եթե հիմա 80 տոկոսն է, ապա այն ժամանակ կար 90 տոկոսի դժգոհությունը: Բայց այսօր մեր հասարակությունն ինքը դրական է վերաբերվում այդ բարեփոխմանը:
-Բայց նույն այդ բարեփոխումը եղավ հարկադրաբար, եւ հասարակությունը ստիպված համաձայնեց` չունենալով այլ ելք: Այսինքն՝ իշխանությունների նպատակը դա՞ է:
-Չէ, նման հայտարարություններ մի արեք: Պետք չէ զարմանալ 80 տոկոսի դժգոհությունից, քանի որ ես արդեն բացատրեցի, որ բարեփոխումներն այդպես միանգամից հասարակությունը չի ընկալում: Պետք է զարմանալ այն քաղաքական ուժի պահվածքից, որը եղել է այդ բարեփոխման առաջամարտիկներից մեկը, նրանց նախարարները, որոնք աշխատել են, կառավարության նիստերի ժամանակ երբեք բացասական եւ նույնիսկ վերապահումներով ելույթներ չեն ունեցել, պառլամենտում ելույթներ չեն ունեցել, իսկ նրանց ֆրակցիայի ամենակարկառուն պատգամավորները «կողմ» են քվեարկել այդ նախագծին: Դուք շատ լավ գիտեք, թե ես ում նկատի ունեմ: Պետք է զարմանալ այդ փաստից: Եվ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ-ն բարեփոխումներ է անում: Հանրապետականը նման բարեփոխում անում է, որովհետեւ դա ամենաանհրաժեշտն է մեր հասարակության, մեր ժողովրդի լավ ապագայի համար: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին:
-Նկատի ունեք ԲՀԿ-ականների՞ն…
-Պետք է հարց տաք իմ խելոք օպոնենտներին, թե՝ այ ցավդ տանեմ, եթե դա վատ օրենք է, ապա 2012 թվականին պառլամենտական ընտրություններ են տեղի ունեցել, 2013 թվականին նախագահական ընտրություններ են կայացել, բոլոր ժողովրդավարական երկրներում… շատ են սիրում ասել, թե ժողովրդավարական երկրներում այսպես է, այնպես է, բոլոր նորմալ երկրներում օրենքների քննարկումների լավագույն ժամանակը դա ընտրական կամպանիաներն են: Ես չեմ լսել ո՛չ ՀԱԿ-ից, ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ «Ժառանգություն»-ից եւ ո՛չ էլ ՀՅԴ-ից, որ ընտրական կամպանիաները ծպտուն հանեն այդ օրենքի մասին: Եթե վատն էր, թող այդ ժամանակ ասեիք՝ ժողովուրդ ջան, էս օրենքը վատն է, պետք է փոխենք: 2010 թվականին այդ օրենքը դուք եք ընդունել, հիմա սպասեցիք՝ գա 2014 թվականը, նոր ասեք, որ դա վա՞տ է:
-Նշում են, որ իշխանությունը հաշվի չի առնում հասարակության 80 տոկոսի կարծիքը, քանի որ…
-Ոչ, իշխանությունը շատ լավ հաշվի է առնում հասարակության կարծիքը, եւ ես պատասխանեցի, որ բոլոր երկրներում էլ ժողովուրդը ուզում է արդյունքները տեսնել այսօր, բայց դրա համար ժամանակ է պետք: Այս օրենքը ամենաշատն ու ամենաերկարն է քննարկվել: Այդ կարծիքին եղել է այլընտրանքը՝ պետք է ուղղակի մեկ հարց տալ, այ խելոք մեր ընկերներ, եթե վատ օրենք է, ինչու եք «կողմ» քվեարկել, եթե վատ օրենք էր ու «կողմ» էիք քվեարկել, էլի ջանդամ, կարող էիք այս երեք տարիների ընթացքում գոնե ձայն հանեիք, որ դժգոհ եք, որ վատ օրենք է: Օրինակ՝ ես շատ բնական եմ համարում քաղաքացիական ակտիվիստների պահանջը, մարդիկ իրենց կարծիքն ունեն, իրենց մտահոգությունն ունեն, ժողովրդավարական պահանջ է, այլ հարց է` ես համաձայն եմ, թե համաձայն չեմ:
-Ըստ Ձեզ՝ ԱՄՆ դեսպանը ինչո՞ւ է միջամտում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին, վերջինս եւս խրախուսել է կուտակային համակարգը եւ անգամ խոստացել՝ աջակցել:
-Իսկ երբ ԱՄՆ-ը դեսպանը այլ հարցերին էր միջամտում, ինչու չէիք բարձրաձայնում:
«ԱՌԱՋԻՆ ԳԱՐՈՒՆԸ ՉԷ, ՈՐ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՎ»
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ մի խումբ կանայք փորձել են մոտենալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` շարասյունով ընթացող մեքենաներին, սակայն ոստիկանները նրանց հետ են «մղել»:
Եվ սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրների լուծման եւ հարցերի պատասխանների ակնկալիքով հավաքվում են ՀՀԿ գրասենյակի մոտ: Սակայն ամեն անգամ նրանց մոտ ոչինչ չի ստացվում: Կամ չեն կարողանում մոտենալ ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, կամ էլ մոտենալուց հետո արդյունքի չեն հասնում: Վերջին անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ժպտաց եւ ճանապարհեց դժգոհղ մի հատվածի:
Երեկ «սցենարը» կրկնվեց: ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել թիվ 33 թաղամասի բնակիչները (մի խումբ կանայք): Նրանք երբ նկատել են, որ ՀՀԿ գրասենյակի մուտքից մեքենաներ են դուրս գալիս, վազել են փողոց ու ամեն կերպ փորձել, որպեսզի թույլ չտան մեքենաններն անցնեն: Սակայն կանանց հետեւից վազել են շենքի մոտ հավաքված ոստիկանները եւ նրանց քաշքշելով հեռացրել տարածքից:
Ինչպես միշտ, ՀՀԿ ԳՄ անդամներին հանջողվել է ճողոպրել ու կրկին չպատասխանել ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին: Հիշեցնենք, որ 7 տարի առաջ Երեւանի Հանրապետության փողոցում (Ֆիրդուսի շուկայի տարածք) քանդել են մարդկանց տները եւ բնակիչներին խոստացել նույն տեղում շենքեր կառուցել, սակայն մինչ օրս այդ խոստումը չի կատարվել:
Իսկ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր: Մասնավորապես քննարկվել են մայիսին կայանալիք կուսակցության 15-րդ համագումարի եւ մարտ-ապրիլ ամիսներին կայանալքի տնտեսական համաժողովի կազմակերպչական հարցերը: Համաժողովին մասնակցելու են նաեւ կուսակցության գործընկերները Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից:
ՀՀԿ մամլո խոսնակն անդրադարձել է նաեւ այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ու դրան ԲՀԿ-ի մասնակցությանը. «Ճաշակի հարց է, Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու: ՀՀԿ-ն կողմ է խաղաղ հավաքներին, եվրոպական բոլոր երկրներում ընդունված է: Առաջին գարունը չէ, որ դիմավորում ենք հանրահավաքով: Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իր քաղաքացիներին հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք իրենց տեսակետները ներկայացնեն: Դրանք կլինեն հանրահավաքների, երթերի, թե այլ օրինական պայքարի միջոցներով, քաղաքացիների` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն են»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՓԱԿԵԼՈՒ ԵՆ ՄՈՒՏՔԸ
Ըստ «Ժողովուրդ»-ի՝տեղեկությունների՝ Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն օրեր առաջ անձամբ շրջելով ոսկերիչների աշխատասենյակներով, բոլորից պահանջել է վճարել տաղավարների ավելացված վարձերը՝ պատճառաբանելով, որ ընկերության հարկային պարտավորությունները բարձրացել են եւ այլ ելք չկա: Նախկինում սա նրա փոխարեն անում էին իր աշխատակիցները, որոնց սկսել են շուկայում չենթարկվել: Դրա համար Վաղարշն անձամբ է գործի անցել: Թեեւ մինչ այդ էլ նա բոլոր ոսկերիչներին առանձին-առանձին կանչել էր իր աշխատասենյակ եւ հորդորել՝ տաղավարների ավելացված վարձը վճարել բարձրացված գնով: Նա անհատական հանդիպումների ժամանակ պատճառաբանել էր, թե թանկացումներն անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի ենթակայան կառուցելու համար: Սակայն դժգոհող ոսկերիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ առաջիկայում մտադիր են գործադուլ անել եւ փակել ոսկու շուկայի մուտքը: Նրանք մտադիր չեն տաղավարների համար վճարել 60-100 տոկոսով բարձր գին:
ՉԵՆ ԱԾՈՒՄ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան այս երկու ամիսների ընթացքում ձվատվության հետ կապված խնդիրներ ունի եւ որպեսզի կատարի պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունը, լրացուցիչ ձու է ներկրում արտերկրից: Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը՝ մեր հանրապետություն ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մեր երկրում երեք ընկերություններ են ձու ներկրում՝ «Սովրանո»-ն, «Արաքս»-ը եւ «ԵԹՖ»-ն: Վերջին երկուսը պատկանում են հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ ձվերի Խաչիկին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամուլի պատասխանատու Դավիթ Դոլինյանի հետ, ով հավաստիացրեց, թե այս պահին ընկերությունը ձու չի ներմուծում: «Եվ առայժմ չի պլանավորվում: Իր բնականոն հունով ձուն արտադրվում է»,- լրացրեց նա՝ խուսափելով նշել, թե վերջին երկու ամիսներին ձու ներկրվե՞լ է, թե՞ ոչ:
ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿԱՆԵՆ
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը պատրաստվում է համաժողովի: Միավորման անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Արդեն հայտարարվել է հոգաբարձուների եւ կառավարման խորհրդի կազմի մասին, իսկ այժմ մենք գրասենյակի եւ համաժողովի կազմակերպման աշխատանքներով ենք զբաղված: Նախապես մենք տեղեկություն կտրամադրենք, թե երբ է լինելու գրասենյակի բացման եւ համաժողովի օրը: Նաեւ մի քանի հայտարարություններով հանդես կգանք, տարբեր ներքաղաքական եւ մեր երկրին վերաբերվող հարցերի շուրջ»: Ա. Սիմոնյանը նշեց, որ համաժողովի օրը դեռեւս հստակեցված չէ: Նա եւս այսօր երեկոյան կլինի Մյասնիկյանի արձանի մոտ: