Կայացավ «ՀՊՏՀ գավաթ-2014» միջբուհական ինտելեկտուալ մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՊՏՀ գավաթ-2014» խորագիրը կրող միջբուհական ինտելեկտուալ մրցույթում առաջին տեղը գրավեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Medicus» թիմը: Երկրորդ տեղում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Rau», երրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Index PRO» թիմը։

Մրցույթին մասնակցում էին 14 թիմեր Հայաստանի պետական ու ոչ պետական բուհերից: Թիմերը մրցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակներում:
Խաղը վարող, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ խաղի արդյունքը բավականին բարձր էր. յուրաքանչյուր տարի ավելանում է մասնակիցների թիվը, ինչպես նաև թիմերն ավելի փորձառու են դառնում, ավելի ճիշտ են աշխատում հարցերի հետ։ «ՀՊՏՀ գավաթը» ավանդական ուսանողական մրցաշարերի մեջ է մտնում։ Հոկտեմբերի վերջին նաև բժշկական համալսարանում են անցկացվելու ինտելեկտուալ խաղեր։ Գիտակները պետք է միշտ «մարզավիճակում» լինեն, մանավանդ այս տարվա հաջողություններից հետո, որ մեր գիտակները գրանցեցին և՜ կազմակերպչական, և՜ խաղային պրակտիկայում։ Դիլիջանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային մրցաշար, որը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մրցաշար, «Պերեզագրուզկա» թիմի խաղացող Պավել Սոլախյանի հարցը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի կողմից ճանաչվել է 2013-2014թթ. լավագույն հարց։ Սրանք կարելի է անվանել ինտելեկտուալ Օսկարներ, իսկ Գիտակների հայկական ասոցիացիան մտել է 3 նոմինանտների մեջ՝ որպես տարվա լավագույն ակումբ։ Ունենք նաև հաջողություններ ինտելեկտուալ ճակատում։ Եվ հենց ուսանողական այս մրցաշարերով մենք կարողանում ենք ընտրել լավագույն խաղացողներին, որպեսզի կարողանանք նրանց ներկայացնել նաև Հայաստանից դուրս»,- նշեց Տիգրան Քոչարյանը՝ ավելացնելով նաև, որ 2015 թվականից կսկսեն ուսանողական լիգաներ անցկացնել արդեն հայերենով։ Նախատեսվում է իրականացնել նաև դպրոցական մրցաշարեր։

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակի միջոցառումների շարքը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս