Խորհրդավոր արտաքինով գյումրեցի աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը երկու տարվա ընթացքում կդառնա հայտնի մոդել: Ներկայումս Լիլիթ Մարտիրոս բեմանվամբ հանդես եկող մոդելը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի առաջատար դեմքերից է եւ շատ լավ գիտի իր գեղեկցության արժեքը. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ երբեք չի համաձայնի աշխատել ցածր հոնորարով եւ երբեւէ հանդես չի գա մերկ` անկախ առաջարկվող գումարից:
-Հոկտեմբերի 24-ից «Yerevan show 2014»-ի շրջանակներում մեկնարկել են «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձեւության ցուցադրությունները, որին մասնակցում եք նաեւ Դուք, Ձեզ ի՞նչ դեր է վստահված:
-Այդ մասշտաբային միջոցառմանը հրավիրված են դիզայներներ, ոսկերչության ոլորտի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից: Առաջին օրը ցուցադրելու ենք մուշտակներ, ինձ վստահված է նաեւ ներկայացնել դիզայներ Գայանե Մարտիրոսյանի հեղինակած հարսանեկան զգեստը:
-Երկու տարվա ընթացքում հասցրել եք լինել ZARA ապրանքանիշի մոդելներից մեկը, մասնակցել «Oriflame Fashion Night»-ին, «Airfrance»-ի բորդուղեկցորդուհիների զգեստների ցուցադրմանը: Հերթական հաջողությունը ո՞րն է լինելու:
-Իմ մեծագույն նպատակը միջազգային ասպարեզ դուրս գալն է. դրան պատրաստվում եմ՝ շատ մեծ պորտֆոլիո հավաքելով, այլ երկրների գործակալությունների հետ պայմանագրեր կնքելով, բայց հիմնական բնակության նպատակով արտերկիր չեմ գնա:
-Իսկ Հայաստանում Ձեր ֆինանսական պահանջները բավարարվո՞ւմ են: Չէ՞ որ այստեղի եւ դրսի հոնորարներն անհամեմատելի են:
-Իհարկե, դրանք համեմատելի չեն, բայց եթե մոդելը լավն է, նա բարձր է գնահատվում՝ անկախ բնակության վայրից: Առաջարկները շատ են, հատկապես՝ վերջերս: Ինձ համար շատ կարեւոր է հոնորարի չափը: Ես եւ իմ գործակալությունը երբեք չենք աշխատի ցածր հոնորարով. մենք մեզ բարձր ենք գնահատում:
-Ձեր արտաքինի մեջ խորհրդավոր, վայրի ինչ-որ բան կա, դա, թերեւս, Ձեզ շատ է օգնել…
-Շատ են ասում, որ ես կարծես տարբեր ազգերի միքս լինեմ. նման եմ իտալուհու, հնդկուհու, պարսկուհու, իսպանուհու…Բայց ես հպարտ եմ, որ ունեմ նախ եւ առաջ հայուհու արտաքին:
-Գյումրեցի աղջիկն ունի՞ կարիերային առնչվող սկզբունքներ, որոնք անբեկանելի են:
-Ես շատ սկզբունքներ ունեմ, որոնցից մեկն էլ այն է, որ երբեք մերկ հանդես չեմ գա. այդ երեւույթը երբեւէ արվեստ չեմ համարել: Հայկականությունն իմ գեների մեջ է, երբեք չեմ փոխվի, որքան էլ վճարեն:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարները` Լիլիթ Մարտիրոսի ֆեյսբուքյան էջից