«ՄԻԼԱՆՈ»-Ն ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային գերակա շահի համար Աբովյան 4 հասցեից վտարված «Միլանո» խանութի սեփականատեր եւ «Օլիմպ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Ղուկասյանը հայտարարել է, թե դատական հայցը վճռաբեկ դատարանի կողմից մերժվելուց հետո իրենք դիմել են Եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2010թ-ին ԴԱՀԿ-ը տարածքի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին ոչ թե պետք է միանգամից վտարեր հիշյալ հասցեից, ինչպես արվել է, այլ պետք է Ղուկասյանը պայմանագիր կնքեր տարածքը կառուցապատող սիրիահայ բարերար Ավետիս Կարագուլյանի հետ, որն էլ պետք է փոխանցեր գումարը տարածքն ազատողի հաշվին, որից հետո միայն «Միլանո»-ի սեփականատերը պետք է ազատեր տարածքը: Նշենք, որ դեռեւս 2008-ին ՀՀ կառավարության որոշմամբ այդ տարածքը հանձնվելու էր պետական կարիքների համար, որի դիմաց սեփականատերը փոխհատուցում էր ստանալու:
 «Միլանո» խանութ-սրահը ունեցել է երկու օրինական հարկ` յուրաքանչյուրը 125 քմ մակերեսով, երրորդ կիսակառույց հարկ՝ առանց պետական գրանցման, եւ նկուղ:
Պետությունը սեփականատիրոջից վերցրել է երկու օրինական հարկերի տարածքը եւ փոխհատուցել միայն մեկ հարկի փոխարեն: Նշենք, որ 204 մլն դրամ փոխհատուցումն արվել է տարածքը խլելուց երկու տարի անց միայն: Ըստ սեփականատեր Հ. Ղուկասյանի՝ այն շուկայական արժեքի նույնիսկ 20-25 տոկոսը չի կազմել:
 «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ընդամենը մի գրություն է ուղարկել դատարան, որ այդտեղ մեկ օրինական հարկ է: Դատարանները եւ բոլոր պատկան մարմինները ձեւ արեցին, որ չեն տեսնում երկրորդ օրինական հարկը»,-հայտարարեց դատապաշտպանը` տեղեկացնելով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ իրացնող կազմակերպության կողմից կազմվել է իրացվող օբյեկտի նկարագրության արձանագրություն, որում երկու կողմն էլ փաստել են, որ տարածքը բաղկացած է երկու հարկից:
«Այնինչ հատուցել են կեսը` նշելով, որ իբր թե մյուս կեսը գոյություն չունի: Պետությունը ցինիզմի հասնող մի քայլ եւս կատարեց սեփականատիրոջ նկատմամբ: Դատարան դիմեց չվճարված հարկերը գանձելու համար, ավելին, պահանջեց հարկ գանձել երեքհարկանի շինության չափով: Այսինքն` ստացվում է, որ հարկելիս պետությունը շինությունը համարում է եռահարկ, իսկ այլ դեպքերում՝ ոչ: Այս աստիճան կամայական մոտեցում՝ կապված իրացման գոտիների հետ, ինձ ծանոթ որեւէ գործում ես դեռ չեմ հանդիպել»,-զարմացած ներկայացրեց դատապաշտպան  Տ. Հայրապետյանը:
Ըստ սեփականատիրոջ՝ «Միլանո»-ի հարկերը միշտ մուծվել են եռահարկ շինության համար: Իսկ հիմա պետությունը վերջին մեկ տարվա հարկերն է պահանջում սեփականատիրոջից:
Հիշեցնենք, որ վտարումից հետո «Օլիմպ» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը Հյուսիսային պողոտայում վարձու մի տարածք էր վերցրել: «Ապրանքիս մեծ մասը փչացավ այդ ընթացքում: Հիմա փորձում եմ մյուս մասը սպառել: Դա մեծ ճնշում էր իմ նկատմամբ հարկային ու մաքսային մարմինների կողմից»,-ափսոսանքով նկատեց հիասթափված սեփականատերը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում սեփականության պաշտպանության իրավունքը Հայաստանում, Հ. Ղուկասյանը պատասխանեց. «Կախված է, թե կառավարությունն ինչպես է տրամադրված»:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս