հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարություն տարածեց այն մասին, որ մայիսի 18-ին կքննարկի «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ են այս ամենի մասին մտածում տվյալ հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի տնօրենները, սակայն վերջինները դեռ խուսափում են հրապարակել իրենց պատասխանը:
Մայիսի 18-ին ՀՌԱՀ վարչական շենքում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց` «Մուլտի մեդիա Կենտրոն Թի-վի» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հ/ը) եւ «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը («Երկիր մեդիա» հ/ը) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին եւս «Կենտրոն» հեռուստաընկերությունը ենթարկվեց վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 1 միլիոն դրամով: Ըստ ՀՌԱՀ-ի տարածած հաղորդագրության՝ «Կենտրոն» հ/ը-ն վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրությունների եւ հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար, ինչն առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Բանն այն է, որ «Կենտրոն»-ի եթերում ընտրությունների օրը` մայիսի 6-ին, հնչել էր հակաքարոզչություն:
«Ժողովուրդ»-ը փորձեց նշված հ/ը-ների լրատվական ծրագրերի տնօրեններից պարզել, թե այս անգամ ինչ խախտումներ են կատարել, եւ ինչ է սպասվում մայիսի 18-ին:
«Երկիր մեդիա»-ի լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ ՀՌԱՀ ծանուցման մեջ նշված է, թե հեռուստաընկերությունը խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը: Այն է՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ նախընտրական դաշինքների նախընտրական քարոզչական գործունեությունը լուսաբանելիս «Երկիր մեդիա»-ն չի ապահովել ոչ խտրական պայմաններ:
«Որեւէ մեկնաբանություն չեմ տալիս, «Երկիր մեդիա»-ի փաստարկները կհնչեն ամսի 18-ին: Երբ որ հանձնաժողովում քննարկվի այդ ամենը, մենք այնտեղ կներկայացնենք մեր արդարացիությունը եւ ճշմարտությունը»,-նշեց Գեղամ Մանուկյանը:
Հարցին, թե արդյոք իրենք այս ամենի մեջ միտում չեն տեսնում` այն առումով, որ բացի նշված երկու հ/ը-ներից, մնացած գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ղեկավարվում են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից, «Երկիր մեդիա»-ի լրատվական ծրագրի տնօրենը նշեց. «Ես չգիտեմ, թե որ հեռուստաընկերությունները ում են պատկանում, բոլոր հեռուստաընկերություններն էլ ունեն իրենց սեփականատերերը, որը բոլորին հայտնի է: Իսկ ինչ վերաբերում է «Երկիր մեդիա»-ին, ապա այն ունի բաժնետերեր, կազմը հայտնի է, եւ կարծում եմ, որ այն շարունակելու է իր աշխատանքը նույն ուղղությամբ»:
«Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանը եւս «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեռեւս չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, կսպասեն մայիսի 18-ին: Զրուցեցինք նաեւ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ, որն ասաց. «Ես այս դեպքում չեմ կարող համաձայնել, քանի որ օրենքով նախատեսված է, որ ոչ խտրական պայմաններ պետք է ստեղծել կուսակցությունների համար քարոզչության շրջանում, բայց անհամաչափ եթերի տրամադրումը դեռ չի նշանակում խտրականություն եւ անհավասար պայմաններ, քանի որ մենք շատ լավ գիտենք, որ կուսակցությունները կամ թեկնածուները շատ դեպքերում հրաժարվում են գալ հարցազրույցների, չեն ներկայացնում տվյալներ իրենց հանրահավաքների մասին: Ես հույս ունեմ, որ հեռուստաընկերությունները կբերեն իրենց փաստարկները, եւ կարծում եմ՝ շանս կա, որ այդ անարդար որոշումը չի կայացվի»:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը զբաղված է: «Ես հանդիպման եմ, դու վա՛ղը զանգի մեր մոտ, հիմա հանդիպման եմ, ու երկար ա տեւելու, ու զանգի՛ էն ծառայողական համարին, ձեռքի վրա մի՛ զանգի»,-ասաց բազմազբաղ պարոն Ամալյանը:
Հ. Գ. Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ենթատեքստին, ապա պետք է նկատել, որ մեր երկրում նախագահական ընտրություններից առաջ, «փակման վտանգը» կախելով հեռուստաընկերությունների գլխին, ընդհանուր առմամբ նպատակ կա «ենթակա» դարձնել հեռուստաընկերություններին: Վստահ ենք, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել ԲՀԿ-ի ու «Դաշնակցության» հետ, ապա «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները կշարունակեն աշխատել իրենց բնականոն հունով:
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ