Ինչպես անել, որ գոհ մնան և՛ վարչապետը, և՛ հղի կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանըˋ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքին:

«Մեր նախագիծը առաջարկություն էր, մենք այս ընթացքում հանրային քննարկում ունեցանք բոլոր շահագրգիռ շրջանակների հետ, այդ թվումˋ շահառու անձանց, գործատուների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների հետ: Այն բոլոր հարցադրումները և առաջարկները, որոնք ներկայացվեցին, շատ առարկայական բնույթ էին կրում: Այժմ իրականացվում է դրանց վերլուծության և համապատասխան փոփոխությունների աշխատանքներ, որով իսկապես աշխատող հղի կինը, որը եկամուտ է ստանում, չունենա որևէ կերպ իրավունքի ոտնահարում»,-ասաց նախարարը:

Լրագրողների այն հարցին, թե երկարամյա աշխատող կինը, որը ստանում է 100 տոկոս աշխատավարձ, նույն ձև՞ կստանա հետծննդյան նպաստ, նախարարը պատասխանեց.

«Նախագիծը վերջնական տեսքի ենք բերել, որը 2-3 օրից կներկայացվի Ազգային ժողովի սոցիալական հարցերով հանձնաժողովի քննարկմանը և այդ դեպքում մենք բոլոր հարցերին կունենանք վերջնական պատասխաններ»:

Լագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը մեղքը գցում է նախարարի վրա, Արտեմ Ասատրյանը ընդգծեց, որ շատ սխալ տպավորություն է:

«Որովհետև այստեղ մեղք գցելու որևէ խնդիր չկա: Վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված, քանի որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել և այս քննարկումները ենթադրում են արդեն որոշակի լուծումներ»,-ասաց Ասատրյանը:

Հարցին, թե կարող եք այնպես անել, որ վերջնական արդյունքում և՛ վարչապետը գոհ մնա, և՛ հղի կանայք, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կկարողանան անել այնպիսի քայլեր, որպեսզի ընդհանրապես այն բոլոր անձինք, ովքեր առարկայական շահագրգռվածություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, կստանան իրենց լուծումները:

«Կարծում եմ՝ վարչապետը, իր մոտեցումները հստակ ներկայացնելով, առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, որոնց խնդիրների լուծման ուղղությամբ էլ տարվում են կառավարության աշխատանքները»,-եզրափակեց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց որ օրենքը պետք է այնպես պատրաստվի, որ որևէ հղի կին չտուժի:




Լրահոս