ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԱՑՆՈՎ ԼՈՒԾԵԼ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ»

Նախօրեին կայացավ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ս. Սարգսյանն ու Ի. Ալիեւն առանձնազրույց են ունեցել, որից հետո նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ մինչ այդ Սարգսյանն ու Ալիեւն առանձին-առանձին հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման նպատակն էր ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը. «…ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո»:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, երեք նախագահների հանդիպումն այս անգամ ի՞նչ տվեց ԼՂՀ-ին: Խնդրում եմ՝ կոնկրետ նշե՛ք ձեռքբերումները կամ մեր ունեցած առավելությունները:
-Ամառային բավականին թեժ իրադարձություններից հետո սա երրորդ նախաձեռնությունն էր Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների մակարդակով եւ սա եւս հավաստումն էր այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար խիստ կարեւոր եւ էական է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Անընդունելի են բացառապես ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման եւ դրան տանող հայտարարությունները, անընդունելի են կողմերի միջեւ ռազմական, լոկալ բախումները, անընդունելի են ոտնձգությունները միմյանց սահմանների նկատմամբ: Բնականաբար բոլորը տեսնում են, որ գործողությունների աղբյուրն Ադրբեջանն է, ու այդ երեք հանդիպումների ժամանակ էլ ամենաբարձր մակարդակով ամրագրվեց, որ Մինսկի խմբի ձեւաչափում համանախագահ երկրների համար գերխնդիր է տարածաշրջանի խաղաղ զարգացումների ապահովումը: Կողմերն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանը, տարածաշրջանում լինելով խաղաղության երաշխիք, կայուն պետություն եւ անընդհատ չտրվելով ադրբեջանական սադրանքներին, շարունակում է իր ամուր դիրքերը պաշտպանել բանակցային գործընթացում: Եւ, բնականաբար, գիտեն, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողություններն ինչ-որ պահի կարող են արդեն դուրս բերել տարածաշրջանը խաղաղ զարգացումից, սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, որի մասին բազմիցս արտահայտվել են ե՛ւ ՌԴ նախագահը, ե՛ւ ԱՄՆ նախագահը, ե՛ւ Ֆրանսիայի նախագահը, ինչպես նաեւ՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները: Փարիզյան հանդիպումը եւս մեկ անգամ ամրագրեց, որ հասարակություններին խաղաղության պատրաստելն էական նշանակություն ունի խնդրի խաղաղ կարգավորման համար:
-Բայց այդ հանդիպումների ժամանակ կարծես թե որեւէ կոնկրետ հարցի լուծում չի տրվում, ու տպավորությունն այնպիսին է, որ դրանք սկսել են ձեւական բնույթ կրել, քանի որ ամեն մի երկրի նախագահ իր շահերից ելնելով է նման նախաձեռնությամբ հանդես գալիս:
-Բանակցային 20 տարիների ընթացքում շատ հանդիպումներ են եղել ամենատարբեր մակարդակներով՝ երկկողմ, եռակողմ, տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում, բայց դրանցից որեւէ մեկը ձեւական անվանել, իմ կարծիքով, չի կարելի, որովհետեւ մենք գործ ունենք շատ նուրբ խնդրի հետ: Որեւէ մեկը չի կարող կացնով լուծել այս խնդիրը կամ ուժային մեխանիզմով լուծել, որեւէ մեկը չունի բավարար այն մանդատը, որ ճնշի ՀՀ-ին կամ Ադրբեջանին:
Բայց միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ն անելիք չունի Ադրբեջանի կազմում, եւ շատ լավ հասկանում է, որ ԼՂՀ-ն արդեն իսկ կայացող եւ ձեւավորված պետություն է իր իրավական, քաղաքական եւ տնտեսական առումներով: Հետեւաբար՝ դրան պետք է տալ ինսիտուցիոնալ նշանակություն, այսինքն՝ խնդիրը բերել միջազգային ճանաչման մակարդակի՝ ինքնորոշման իրացման միջոցով: Դա նշանակում է բանակցային գործընթացն այլընտրանք ունենալ չի կարող, որովհետեւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե երկրորդ պատերազմը, եթե տեղի ունենա, ինչ ավերածություններ ու հետեւանքներ կբերի:
Հետեւաբար՝ Հայաստանի խնդիրն է ամբողջությամբ հանձնառու եւ երաշխավոր լինել ԼՂՀ բնակչության անվտանգության եւ իրավունքի պաշտպանության համար: ԼՂՀ-ի խնդիրն է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, հետեւաբար՝ պետք է ԼՂՀ-ն վաղ թե ուշ նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ ինքն էլ արդեն իրավասություն ստանա քննարկելու փոխզիջումային խնդիրները: Իսկ Ադրբեջանի խնդիրն է ընդունել, ընկալել՝ ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Դա միջազգային նորմ է: Հետեւաբար՝ կողմերից յուրաքանչյուրն ունի իր անելիքը, մեզ համար շատ կարեւոր է Մինսկի խմբի ձեւաչափը, որովհետեւ տարածաշրջանում բանակցության, կայունության եւ նաեւ բանակցային ձեւաչափի միակ երաշխավորն է:
Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է պահպանել խաղաղություն եւ պահպանել բանակցային գործընթացը, ինչը եւ անում են, այսինքն՝ ակնկալել, որ խումբը վաղը կգա ու ԼՂՀ հարցի դեղատոմսը կներկայացնի, ու դա բոլորը կկիրառեն, այդպես չի լինելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՏՄ-ԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ

2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի 4.1 տոկոսանոց աճ: Այս մասին երեկ՝ Ազգային ժողովում 2015թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ 2015 թվականի բյուջեում գերակայությունները մի քանիսն են: Առաջինը սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումն է՝ սոցիալական պաշտպանություն, կրթություն, մշակույթ ու առողջապահություն, երկրորդը` պաշտպանության, ազգային անվտանգության ապահովում, երրորդը` ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բնագավառում ծրագրերի իրականացում:

-Պարո՛ն Սաֆարյան, 2015 թվականի բյուջեի նախագծում որո՞նք են այն առանձնահատկությունները, որ 2014 թվականի պետական բյուջեի նախագծում բացակայում էին:
-2015 թվականի բյուջեում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23 տոկոս: Այս տարի հուլիսի մեկից բարձրացվել են միջին աշխատավարձերը, եւ որպեսզի պահպանվի դրա շարունակականությունը, այս բյուջեի նախագծում լրացուցիչ 41 միլիարդ դրամ է հատկացվել` հաջորդ տարի եւս ապահովելու համար աշխատավարձերի` օրենսդությամբ բխող պահանջները:
-Նախորդ կառավարության մշակած բյուջեի նախագիծն ինչո՞վ է տարբերվում Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ներկայացրած բյուջեի նախագծից:
-Կարեւոր հանգամանք է այն, որ այս բյուջեում նախատեսվում է աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների բարձրացում շուրջ 14 տոկոսի չափով, այսինքն` մոտ 5000 դրամով: Այսօրվա 36 հազար դրամ կենսաթոշակը կդառնա 41 հազար դրամ: Կարեւորագույն առանձնահատկություն է այն, որ կրթության բնագավառում են շեշտակի փոփոխություններ սպասվում: Կրթության ոլորտի ծախսերը կազմելու են 127 միլիարդ դրամ, հիմնական ծախսերի շուրջ 75 միլիարդն ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Սա նախորդ տարվա համեմատությամբ չորս միլիարդով ավել է, ու դա պայմանավորված է 2014 թ. հուլիսի մեկից ուսուցիչների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաեւ՝ աշակերտների թվի ավելացմամբ: Նախատեսվում է նաեւ զգալի միջոցների տրամադրում գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման համար: Մոտ 1.3 միլիարդ դրամ էլ հատկացվելու է պարարտանյութերի սուբսիդավորման համար:
-Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ինչպիսի՞ բյուջետային ծախսեր կարող են ավելանալ:
-Պետական բյուջեի նախագիծը մշակվել եւ ներկայացվել է հոկտեմբերի 1-ին, իսկ այն ժամանակ դեռ հաստատված չէր ԵՏՄ-ին անդամակցությունը: Մենք այս բյուջեի նախագծի մեջ չենք արտացոլել ԵՏՄ-ի հետ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, թե ոչինչ չի արվում: Մեր մասնագետները հիմա ուսումնասիրում են, թե ԵՏՄ անդամակցությունն ինչ ազդեցություն կունենա մեր բյուջեի վրա: Դրանք պետք է բերել հստակ հաշվարկների մակարդակի: Մեկ-մեկուկես ամսից ամեն ինչ պարզ կլինի եւ կներկայացվի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՉԻՆԱՐԵՆԻ ԴՊՐՈՑՈՎ
Երեւանում առաջիկայում կկառուցվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց: Այս նախագիծը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ դեռեւս 2012 թվականի դեկտեմբերի 28-ին եւ 2013-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվեցին «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, ըստ որի՝ ՉԺՀ-ի կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 70 մլն յուանի (մոտ 11 մլն դոլար) եւ 100 մլն յուան (մոտ 16 մլն դոլար) անհատույց օգնություն: Այս համաձայնագրերի շրջանակներում էլ հենց պետք է իրականացվի Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը: Այն իրականացվելու է Երեւանի Սարկավագի 14 հասցեում գտնվող «Երեւանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին հանձնված տարածքում:

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻ՞Տ
Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներով համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ ՀՀ որոշ քաղաքներում ձվի դեֆիցիտ կա: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել է, որ մի քանի ընկերություններ հայտ են ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ ձու ներկրելու թույլտվություն ստանալու համար: Ինչի համար ներկրողները մտադիր են արհեստական դեֆիցիտ ստեղծել:
Սակայն երեկ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ մտահոգվելու կարիք չկա: Նրա պնդմամբ՝ ձվի մատակարարման խնդիր ունեն այն խանութները, որոնք հրաժարվում են պայմանագիր կնքել ձու արտադրող ընկերությունների հետ եւ պարբերաբար հայտնվում են ձու չունենալու խնդրի առաջ:

 

ՎՊ-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ վերահսկիչ պալատը 2013 թվականին վերահսկողություն է իրականացրել ֆինանսների նախարարությունում, մասնավորապես՝ աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունում: Հսկողության հետեւանքով 2011 թվականի ընթացքում աուդիտ իրականացնող 41 անձանցից տեսչության կողմից ստուգվել են միայն 3-ը: Իսկ 2012-ի ընթացքում աուդիտ իրականացնող 37 անձանցից ստուգվել է մեկը:
Ըստ ՎՊ-ի՝ տեսչությունը չի իրականացրել ֆինանսների նախարարի՝ 2011թ.-ի նոյեմբերի 30-ի հրամանով նախատեսված 2012-ին իրականացվելիք ստուգումների ծրագիրը, որով նախատեսվում էր իրականացնել բոլոր 36 աուդիտորական կազմակերպություններում ստուգումներ, մինչդեռ կատարվել է ընդամենը մեկ ստուգում: Իսկ ահա 2013-ին իրականացվելիք ստուգումների ծրագիրը հաստատելու մասին համապատասխան հրամանով աուդիտ իրականացնող 31 անձանցից նախատեսվել է ստուգումներ իրականացնել 26-ի մոտ:
Տեղեկացնենք, որ 2013-ին ֆինանսների նախարար էր Դավիթ Սարգսյանը, ով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի սանիկն էր:

 




Լրահոս