Չնայած փոքր տարիքին` մանր ժուլիկի համբավ է ձեռք բերել գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ Արծվաբերդի բնակիչ, 1997թ. ծնված Նարեկ Մադյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն մեղադրվում է մի քանի գողությունների մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով համագյուղացի, 1997թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի հետ՝ 2014թ. մարտի լույս 5-ի գիշերը գաղտագողի մուտք է գործել «Վահե-Օվսաննա» ՍՊԸ-ին պատկանող խանութ, կոտրել փականը, ապա բացել վաճառասրահում գտնվող «Արդշինինվեստբանկի» բանկոմատի արկղի փայտյա դուռը, պոկել բանկոմատի դրամարկղի մետաղյա դռան փականը, սակայն չկարողանալով բացել դրամարկղի դուռը` հեռացել է:

2014թ. մարտի 17-ին էլ նույն Մադյանն ու Հովհաննիսյանը մուտք են գործել Գեղեցիկ Վանեսյանի առանձնատուն եւ նրան ծեծի ենթարկելով գումար են պահանջել: Մերժում ստանալուց հետո հափշտակել են կնոջը պատկանող բջջային հեռախոսը եւ հեռացել:
Իսկ ահա մայիսին Մադյանը եւ Հովհաննիսյանը Կոմունա Ոսկանյանի բնակարանից հափշտակել են 2 հատ բարձրախոս, մեկ զույգ սպորտային կոշիկ, կպչուն ժապավեն՝ պատճառելով ընդհանուրը 8800 դրամի վնաս: Նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, հանցավոր զույգին միացել է երրորդ «գործընկերը» Արծվաբերդի բնակիչ, 1992թ. ծնված Մխիթար Մխիթարյանը, ում հետ Կ. Ոսկանյանի բնակարանից հափշտակել են փոշեկուլ եւ լուսամփոփ՝ պատճառելով ընդհանուրը 40 հազար դրամի նյութական վնաս:

Այս ամենից հետո անպատիժ մնացած Մադյանը շարունակել է իր «ավարը».
2013թ. դեկտեմբերին Աստղանուշ Հարությունյանի առանձնատան նկուղից հափշտակել է 60 մ երկարությամբ մալուխ՝ պատճառելով 25 հազար դրամի վնաս, իսկ 2014թ. հունվարին Աննա Առաքելյանի առանձնատան նկուղից հափշտակել է 10 լ տարողությամբ պղնձե կաթսա՝պատճառելով 10 000 դրամի վնաս: Մինչ ամառ եւս երկու գողություն կատարելուց հետո «պատանի գործընկերները» հուլիսի կեսերին Արծավաբերդ գյուղում կայանած «ԳԱԶ-2410» ավտոմեքենայից հափշտակել են «Միկրո» տեսակի էլեկտրական կրիչ եւ արեւային ակնոց՝ պատճառելով 9500 դրամի վնաս: Բացի այդ Մադյանը եւ Հովհաննիսյանը Օնիկ Չոբանյանի առանձնատնից գողացել են էլեկտրական սափրիչ՝ իր լիցքավորիչով, պատճառելով 14700 դրամի վնաս, ապա արդեն երրորդ ընկոջ՝ Մխիթար Մխիթարյանի հետ «Նվերների աշխարհ» խանութից հափշակել է տղամարդու 3 ժամացույց եւ օծանելիք՝ պատճառելով 10900 դրամի վնաս:

Ն. Մադյանին մեղադրանք է առաջադրվել 34-177, 175 հոդվածներով եւ 9 դրվագով՝ 177 հոդվածով, Դ. Հովհաննիսյանին՝ 34-177 հոդվածով, 175 հոդվածով, եւ 5 դրվագով՝ 177 հոդվածով, Մխիթար Մխիթարյանին՝ 3 դրվագով՝ 177 հոդվածով: Ուշագրավ է, որ նախկինում դատապարտված, 22-ամյա Մ. Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ նախկինում չդատված, անչափահասներ Ն. Մադյանի եւ Դ. Հովհաննիսյանի նկատմամբ՝ կալանքը: Գործը Տավուշի մարզի դատարանում է:

Ոսկան Սարգսյան




Լրահոս