Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Գյումրիում ոչ մի վթարային շենք չի վերականգնվել, մինչդեռ այդպիսի շենքերն այնտեղ 88-ն են, որ վթարված են կամ ունեն վնասվածություն: Նշելով այս մասին խորհրդարանում՝ 2015թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը փորձեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից ճշտել՝ այդ բնակիչներին փոխհատուցում տրվելու է, թե՝ ոչ:
Նարեկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ կառավարության մոտեցումներն այդ հարցի շուրջ փոխվել են: «Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասենք ընդհանրապես սխալ շարունակել աղետի գոտում բնակարաններ կառուցելը: Մենք շատ-շատ ենք կառուցել և ոչ մի նպատակ չկա նորից կառուցելու»,- նշեց նախարարը` պարզաբանելով, որ հիմա ժամանակն է զբաղվել այդ բնակարանների բաշխմամբ:
Նա նշեց, որ 2015թ. վերջին Գյումրիում կավարտեն բնակարանների բաշխումը անօթևաններին, իսկ մինչեւ 2016-ի վերջը կավարտեն Շիրակի և Լոռու մարզի գյուղական համայնքներում բնակարանաբաշխումը:
Անդրադառնալով Գյումրիի վթարային շենքերին՝ Նարեկ Սարգսյանը նշեց, թե տեղյակ է, որ ոչինչ արված չի այդ իմաստով և ինքը կիսում է պատգամավորի մոտեցումը: