Թուֆենկյանի ներդրած 2.4 միլիոն դոլարն այդպես էլ չծառայեց նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի կենտրոնում 6 տարի առաջ Ջեյմս Թուֆենկյանի կողմից սկսվել եւ այդպես էլ կիսատ է մնացել բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Թուֆենկյանը «Դիլիջան» պատմաճարտարապետական համալիրի վերականգնման համար ներդրել է 2.4 միլիոն դոլար: Նա 2008 թվականին նշված համալիրի տարածքում սկսել է հյուրանոցի կառուցումը, սակայն հյուրատան շինարարությունը հիմքերից վեր չի բարձրացել: Հիմքերից ցցված մետաղյա ամրաձողերը դիլիջանյան խոնավությունից արդեն ժանգոտել են:

Բացի այդ` հյուրանոցի վերեւի մասում կառուցված ցանկապատը խանգարում է քաղաքի կենտրոնական` Մյասնիկյան փողոցի երթեւեկությանը: Նշենք, որ մի քանի անգամ այդ հյուրանոցի շինարարության վերսկսման ժամկետներ են նշվել, սակայն դրանք իրականություն չեն դարձել: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ քննարկել է այդ խնդիրը եւ այն ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մարզպետն ասաց, որ «Թուֆենկյան» ընկերությունը խոստացել է կիսակառույցի շինարարությունն առաջիկայում ավարտել: Հակառակ դեպքում Դիլիջանի քաղաքապետարանը միջոցներ կձեռնարկի այդ տարածքի նկատմամբ «Թուֆեկյան» ընկերության ունեցած իրավունքները չեղյալ դարձնելու համար:

Ոսկան Սարգսյան

 




Լրահոս