«Որպես բանակցային կողմ՝ Ադրբեջանին վստահելն անմտություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը Ադրբեջան պետության որոշումն էր և կոնկրետ այդ սադրանքն իրագործողների: Նա նման տեսակետ հայտնեց այսօր «Թեքեյան» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի բնորոշմամբ` այն, ինչ տեղի է ունեցել, պետք է որակել ոչ այնքան որպես ագրեսիա, որքան Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտում. «Ադրբեջանը տարածքի վերաբերյալ սահմանափակում չի կարող մտցնել, ղարաբաղյան կողմին հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել:

Նրանք սկզբում հայտարարեցին, որ ուղղաթիռը փորձել է հարվածել ադրբեջանական կողմին, և իրենք ստիպված, առանց այլ ելք ունենալու ոչնչացրեցին այն. ակնհայտ է և արդեն ապացուցված է, որ ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք: Բացի այդ՝ պետք է ընդգծել մի շատ կարևոր հանգամանք` ակնհայտ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի ունեցել, այնպես որ՝ իրենց որևէ հիմնավորում չի կարող աշխատել»:

Հարությունյանն ընդգծեց՝ եթե ուսումնասիրենք միջազգային կազմակերպությունների արձագանքը, ապա ակնհայտ է, որ նրանք ևս Ադրբեջանին են մեղադրում:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ ասվում է, որ ուղղաթիռի ոչնչացումը կհանգեցնի հակամարտության լարման, պարզապես դիվանագիտական ձևակերպում է, որ խաղաղության վերաբերյալ կոչերում Հայաստանին էլ են նշում»,-ասաց Շիրխանյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը պարզապես մեկ նպատակ ունի` ուզում է հայկական կողմին պահել լարման մեջ, սակայն, պատերազմը սկսելու պատրաստվածություն չունի ո՛չ իրենց պետությունը, ո՛չ բանակը և ո՛չ էլ նույնիսկ ժողովուրդը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ ընդգծեց, թե չի կարծում, որ սա բացառիկ դեպք է, որովհետև մեր հարևանը ծայրաստիճան անհուսալի ու անազնիվ գործընկեր է. «Որպես բանակցային կողմ՝ Ադրբեջանին վստահել չի կարելի, որովհետև նա ապացուցել է, որ պայմանավորվածություն խախտող է, իսկ մենք այդ ամենից պետք է հետևություններ անենք: Ես չեմ կարող ասել, որ սա բացառիկ դեպք է. եթե ուղղաթիռ չեն խփել, եղել են այլ դեպքեր: Մենք պետք է կտրուկ փոխենք մեր դիրքորոշումները բանակցային գործընթացներում: Մենք պետք է պահանջենք ճանաչել պատերազմի արդյունքն այնպիսին, ինչպիսին կա, տանք համապատասխան կարգավիճակ Արցախի տարածքին: Մեզ համար անթույլատրելի է այս որակի բանակցությունները շարունակել նման անազնիվ կողմի հետ: Պետք է դադարենք փոխզիջումների մասին խոսել: Դա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ»:




Լրահոս