«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պավիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում (հոկտեմբերի 20-ից 21-ը) միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ` ավելի քան 45 հազար դոլար: Նշել ենք նաեւ, որ գումարը վճարվել է «Այր Արմենիա» ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ չարտերային չվերթն իրականացվել է նախագահական «Էյերբաս A319» ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այսօրվա ոչ իշխանական ուժերը անարգանքի սյունին էին գամել, քանի որ պարզվել էր՝ նրա արտասահմանյան այցերի չարտերային չվերթների վրա միլիոնավոր դրամներ են ծախսվում: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, թե. «Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում նման շռայլություններ թույլ տալը պարզապես բարոյական չէ»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչու նրանք չեն արձագանքում Հ. Աբրահամյանի կողմից պետբյուջեի հաշվին թույլ տրվող այն նույն «շռայլություններին», որոնց համար մեկ տարի առաջ դատափետում էին նախկին վարչապետին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյան
-Տիկի՛ն Սարգսյան, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սովորություն են դարձրել արտասահման մեկնել միմիայն բիզնես դասով, ինչի ահռելի գումարները վճարվում է պետական պյուջեից: Վերջերս էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Իրան` միայն չարտերային չվերթի վրա ծախսելով ավելի քան 45 հազար դոլար: Որքանո՞վ եք ճիշտ համարում նման շռայլությունը, երբ ՀՀ-ում առկա է 32 տոկոս աղքատություն:
-Ինձ համար էական չէ` այդ գումարները վատնում են ՀՀ վարչապետը, նախարարները թե երկրի նախագահը: Իհարկե, մենք, որպես պետություն, ամեն տեղ պետք է արժանապատիվ ներկայանանք, բայց եթե այդ արժանապատվությունը պահվում է նաեւ երկրի ներսում, ու ժողովուրդն էլ երկրի ներսում արժանապատիվ կյանքով է ապրում: Այդ դեպքում արդարացված է, բայց նման անիմաստ ծախսեր իրականացնելն ինչ-որ այցերի վրա, կարծում եմ՝ արդարացված չէ: Ավելին՝ ես կարծում եմ, որ արժանապատիվ ներկայանալու եւ արժանապատիվ պատվիրակության տպավորություն թողնելու համար պարտադիր չէ նման ծախսերի հետեւից ընկնել, պետք է ընդամենը քո սեփական երկիրն ու ժողովրդին հարգող ղեկավար լինել: Ինքնաթիռը իմիջ չի ստեղծում, հակառակը՝ ավելի շատ հարվածում է այդ իմիջին: Բայց մեր երկրում անիմաստ ծախսերը կշարունակեն լինել, քանի դեռ իշխանությունն այս բնույթի է:
-ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին նման «ճոխություններ» թույլ տալու համար ԱԺ ոչ իշխանական ուժերը մշտապես քննադատում էին, ինչո՞ւ նույն սկզբունքայնությամբ չի քննադատվում նաեւ ՀՀ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, կարծես թե, իր նախորդից այդ առումով չի տարբերվում:
-Ուրեմն ինչ վերաբերում է նախկին վարչապետին, որի նկատմամբ ունեմ շատ-շատ վատ կարծիք, հատկապես այն դերակատարության մասով, ինչ տեղի ունեցավ մեր կուսակցության դեպքում… ու մարդկային տեսակն էլ ինձ համար անընդունելի էր, երբ չափից դուրս շռալ էր բյուջեն օգտագործում իր սեփական նպատակների համար: Դա տեսանելի էր բոլորին, ու նաեւ շատ աղմկահարույց գործերի մեջ էր ներքաշված, հետեւաբար ես այստեղ չեմ ուզում համեմատություններ անել, որովհետեւ ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանը օֆշորի հերոսը չէ: Իսկ ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա, բնականաբար, քննադատությունները կան, կշարունակվեն ու կմեծանան, եթե տեսնենք, որ նույն ոճի մեջ են գործում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը վերաբերվում ՀՀ պաշտոնյաների` պետբյուջեի հաշվին բացառապես բիզնես դասով ուղեւորությունների մեկնելու թուլությանը: Նաեւ ինչպես եք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պավիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ:
-Թվերին տեղյակ չեմ, բայց ես այն կարծիքին եմ, որ պետությունն այնպիսի վիճակում է, որ ցանկացած ուղեւորություն անելիս, նաեւ՝ պաշտոնական, պետք է հաշվի առնվի պետության վիճակը, ու հնարավորինս տնտեսվի:
-Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը դրա մասին չի բարձրաձայնում, ինչպես դա արվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում:
-Ես կրկնում եմ՝ պետության վիճակին համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում նաեւ՝ ուղեւորությունների ժամանակ: Պետությունը, պետական բյուջեն բավականին ծանր վիճակում են գտնվում, ու կարծում եմ՝ նման դեպքերում այդ իրավիճակը պետք է հաշվի առնեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, ԲՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում իրենց ուղեւորությունների վրա պետական բյուջեից հսկայական գումարներ վատնող պաշտոնյաների գործելաոճին:
-Դրանք պետք է կանոնակարգված լինեն օրենքներով, եթե ինչ-որ բաներ կանոնակարգված են օրենքներով, իրավական ակտերով, ուրեմն պետք է նայել:
-Օրինակ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցը 18 միլիոն 795 հազար դրամ է արժեցել, ըստ Ձեզ՝ դա կանոնակարգվա՞ծ է…
-Միգուցե կարգավորված է, միգուցե՝ ոչ, պետք է նայել (արագ քայլելով՝ հեռանում է Ս. Գ.):
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ