ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. բացահայտված գոմեշի մսի հայտնի դեպքից հետո թվում էր, թե հայոց բանակի մասնակցությամբ ֆինանսական չարաշահումների թեման վաղուց պետք է փակված լիներ, սակայն պարզվում է՝ այն ավելի խորը դրսեւորումներ ունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն 2014 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտքի դիմաց երեք ընկերությունների դեմ դատական հայց է ներկայացրել. ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 28 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարվող տարատեսակ ապրանքների դիմաց ֆինանսական անհասկացվածություն կա, եւ բանն հասել է այնտեղ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է եղել դիմել դատարան, որպեսզի կարողանա վերադարձնել նախարարության եւ պետական բյուջեին կուտակված պարտքը:
Իսկ հիմա ավելի կոնկրետ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Մեջիք Սթիք» ՍՊԸ -ից 13 միլիոն 062 հազար 390 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պայմանով:

Ինչն է պատճառը
Պարզվում է՝ 2013թ. մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Մեջիք Սթիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կնքվել է ՀՀ ՊՆ կարիքների համար ապրանքների գնման պայմանագիր: Ըստ այդմ, ընկերությունը պարտավոր էր մարտի եւ ապրիլի մատակարարումն իրականացնել մինչեւ ամսվա վերջը, ինչը սակայն, չի կատարել: Ու թեեւ «Մեջիք Սթիք»-ը ներողություն է խնդրել պաշտպանության նախարարությունից ապրանքի մատակարարման ուշացման համար, ավելին՝ խնդրել է ընդառաջել եւ ժամկետ տրամադրել ապրանքի մի մասը մատակարարելու համար, սակայն այդպես էլ չի կատարել խոստումը: ՀՀ ՊՆ-ն էլ դիմել է դատարան: Գործը քննող դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է նախարարության ներկայացրած հայցը եւ պարտավորեցրել է «Մեջիք Սթիք» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի գանձել 13 միլիոն 062 հազար 390 դրամ:

Սա դեռ վերջը չէ
2014թ. փետրվարի 21-ին պաշտպանության նախարարությունը հերթական անգամ գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան: Այս անգամ ՊՆ-ին «քցողը» «Ռեմդիզել» ՓԲԸ-ն է: Պարզվում է, որ 2006թ.-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ի եւ «Ռեմդիզել» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի ընկերությանը փոխանցվել է 15 միլիոն դրամ՝ նպատակային օգտագործման պայմանով` աշխատավարձի պարտքերի մարում, շրջանառու միջոցների ձեռքբերում, վարկի մասնակի մարում:
Սակայն ընկերությունը, խախտելով սահմանված ժամկետում գումարը վերադարձնելու պարտավորությունը, այդպես էլ չի վերադարձրել ՊՆ-ի տրամադրած գումարը:
Մինչ դատարանում քննվում էր այս գործը, կողմերը որոշել են հաշտության համաձայնության գալ: Ասել է թե՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարության ներկայացուցիչ Վիգեն Եսաֆյանի եւ պատասխանող «Ռեմդիզել» ՓԲ ընկերության տնօրեն Վ. Գալստյանի, ներկայացուցիչ Կ. Հովհաննիսյանի, կնքեցին հաշտության համաձայնությունը հետեւյալի մասին.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տոկոսներ պահանջելու պահանջից, իսկ 15 միլիոն դրամ գումարի դիմաց ընդունում է ընկերության առաջարկը` որպես սեփականություն վերցնելու ներքոնշյալ 19 (տասնինը) անվանում հաստոցները եւ սարքավորումները»:

Դեռ քննում են
Հաջորդ ընկերությունը, որից գումար բռնագանձելու պահանաջով հայց է ներկայացրել պաշտպանության նախարարությունը, «Դայա» ՍՊԸ-ն է: Իսկ գումարի պահանջը 817.677 դրամ է: Այս գործով դեռեւս վճիռը հրապարակված չէ, եւ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է ՍՊԸ-ն «քցել» ՊՆ-ին:
Ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում մինչեւ երեկ տարբեր ընկերություններ ՀՀ ՊՆ-ին պարտք էին 28 մլն 880 հազար ՀՀ դրամ:
Այս դեպքերն ուշագրավ են այնքանով, որ դեռեւս 2012թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Կառավարությունում հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով պետական գնումների գործընթացին, շեշտել էր թե՛ պատվիրատուների, թե՛ շահած կազմակերպությունների մեծածավալ թերացումներն ու անբարեխիղճ գործելակերպը: Այդ կոնտեքստում էր տեղավորվում նաեւ գոմեշի մսի գործը, քանի որ ՊՆ-ին խաբել էին ու տավարի մսի փոխարեն գոմեշի միս էին վաճառել բանակին: Սերժ Սարգսյանը զարմանք էր հայտնել՝ ասելով, թե. «Էական բարեփոխումներ պետք է լինեն պաշտպանության նախարարությունում, Սեյրա՛ն: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես գլխավոր շտաբի պետի տեղեկալը կարող է մեծ գումար պարտք վերցնել մատակարարից: Ի՞նչ է նշանակում՝ պարտք է վերցնում: Այդպիսի հասկացողությունը ո՞րն է»:
Նշենք, որ այս հայտարարությունից առաջ պաշտոնանկ եղավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ինչը կապված էր գոմեշի միս բանակ մատակարարելու եւ ՊՆ-ին խաբելու հետ: Սակայն այլ շեշտակի փոփոխություններ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդպես էլ չձեռնարկեց:
Նշենք, որ Արշալույս Փայտյանը մինչ օրս գործազուրկ է եւ այս ընթացքում մարում է պաշտոնավարման ընթացքում իր եւ այլ ՍՊԸ-ների գործունեության հետեւանքով բանակին կուտակված պարտքերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
«ՍԱՈՒՆԱՅԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ»

Նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառում տեղի ունեցավ, որն ունեցավ «ավանդական» վերջաբան: Ուսանողների տոնը նշելու նպատակով համալիրի դահլիճն իր հովանու տակ էր վերցրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի տնօրենը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է, իսկ, ահա, հոգաբարձուների խորհրդի համակարգողը ՀՀ ԱԺ պատգամավոր, ընդմիշտ երիտասարդ, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Առաջին հայացքից կարծես թե որեւէ արտառոց բան չկա, սակայն հաշվի առնելով տեղի ունեցած եւ մինչ այդ կատարված դեպքերը՝ տպավորությունն այնպիսին է, որ միջոցառման կազմակերպիչները որտեղ հայտնվում են, բոցկլտում է տարածքը: Համերգը չավարտված՝ մարդկանց տարհանել էին տարածքից:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է հրդեհը մարել ժամը 22.44-ին: Ավելի ուշ պարզվել էր, որ հրդեհն առաջացել էր շենքում գործող շոգեբաղնիքի պատճառով:
Ի՞նչը կարող էր լինել հրդեհի պատճառը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արտակագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ նշանակվել է փորձաքննություն. «Շոգեբաղնիքն է այրվել, իսկ թե հրդեհը ինչից է առաջացել՝ հոսանքից թե ծխախոտից, կպարզվի միայն փորձաքննությունից հետո»:
Երգիչները մկաններն էին թուլացնո՞ւմ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ համալիրում շոգեբաղնիքը կառուցվել է մարզիկների համար եւ բաց է լինում միայն մրցումների ժամանակ. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների ժամանակ է բացվում, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին: Այստեղից եզրակացություն՝ սաունան դարձրել են բորդել»:
Ըստ Կորյուն Գրիգորյանի` նշված ժամին գնացել է համալիր, սակայն իրեն թույլ չեն տվել բարձրանալ եւ տեսնել, թե ինչ է կատարվում, ավելին՝ անգամ հավաքարարներին թույլ չեն տալիս այնտեղ բարձրանալ, որն էլ նրան ենթադրել է տալիս, որ շոգեբաղնիքից բացի այլ սենյակներ եւս վնասվել են, ինչը փորձում են թաքցնել: Ըստ մեր զրուցակցի՝ պաշտպանության նախարարությանը պատկանում են միայն մարզահամերգային համալիրի պատերը: Համալիրում կա 12 կազմակերպությունների եւ անհատների գույք, որոնք իրենց թույլտվությունը չեն տվել, որ գույքն օգտագործվի ՊՆ-ի կողմից: Իսկ ՊՆ-ն դեռ չի կողմնորոշվում ինչ պատասխանել:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կազմակերպած միջոցառումները հաճախ են հրդեհով ավարտվում: Դեռեւս 2012թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ պայթել էին նախընտրական փուչիկները, որի արդյունքում վիրավորվեցին մոտ 40 երիտասարդներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐԴԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ Է
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կրկին բանակում է, նա շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունը: Հակոբի մայրը՝ տիկին Գայանեն, Panorama.am-ին հայտնել է, որ նա արդեն ծայառում է իրենց բնակավայրին մոտ գտնվող զորամասում: Շարքային Հակոբ Ինջիղուլյանը բանակում կծառայի եւս 9 ամիս եւ մոր խոսքով` առողջական որեւէ խնդիր չունի:

 

ԴԵՌ  ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված Անդրանիկ Սողոյանի` «Զապի» արտահանձնման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ արդարադատության նախարարության կողմից Ա. Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ներկայում Հայաստանի եւ Չեխիայի արդարադատության նախարարությունների միջեւ ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար»:

 

ԴԺԳՈՀ Է, ԲԱՅՑ ՎՍՏԱՀՈՒՄ Է
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղին, երեկ հայտարարել է, թե դժգոհ է, որ հավաքականը երեք խաղերում ընդամենը 1 միավոր է վաստակել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ վստահում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդին, թեպետ նրա մարտավարությունը Հայրապետյանին չի բավարարում: Պատասխանելով այն հարցին, թե որն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը, ՀՖՖ նախագահն ասել է. «Վատ խաղը: Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել: Սարկիսովը, Մարկոսը նստած էին պահեստայինների նստարանին»:

 




Լրահոս