Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի եւ արժանի վաստակի մասին:
Ստեղծվելով բարդ ու դժվարին պայմաններում` դատախազությունը կարողացավ կայանալ եւ դառնալ լիարժեք կառույց: Տասնամյակներ անց ծնունդ առած մեր ազգային-ազատագրական շարժումը բեկում մտցրեց նաեւ դատախազության աշխատանքում` առաջադրելով միանգամայն նոր պահանջներ ու խնդիրներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները, եւ բացառություն չէին նաեւ մեր անկախ պետականության կերտման տարիները, որոնք պահանջում էին գերլարված, արհեստավարժ ու համակարգված աշխատանք: Եվ այն, որ այսօր ունենք ժողովրդավարական, իրավական, կայուն ու զարգացող պետություն` նաեւ ձեր համակարգի անգնահատելի դերակատարության շնորհիվ է: Դուք` դատախազության աշխատակիցներդ, իրականացնում եք չափազանց կարեւոր ու պատասխանատու ծառայություն` ուղղված մեր պետության ու հասարակության շահերի պաշտպանությանը, հանրապետությունում օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը:
Վստահ եղեք, որ իշխանությունները միշտ ձեր կողքին են եւ կշարունակեն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները եւ հնարավորինս աջակցել ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: