Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկության անելու մասին նախագիծը հավաքեց ընդամենը երեք ստորագրություն:
«Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել անհրաժեշտ ստորագրությունները` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը ԱԺ արտահերթ կարգով քննարկելու համար», – լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը:
Նա նշեց, որ այնուամենայնիվ, որոշման նախագիծը մնալու է ԱԺ-ում, այդ ընթացքում ընդունելու է առաջարկություններ, որպեսզի լրամշակվի որոշման նախագիծը: «Նրանք, ովքեր համարում են, որ իմ որոշման նախագիծը թույլ է, ուժեղ կետեր կարող են ներկայացնել, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր կետերի շուրջ: Իսկ եթե ոչ`թող ներկայացնեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու սեփական նախագիծը, և ես հենց հիմա ասում եմ, որ իմ ստորագրությունը կլինի այդ նախագծի տակ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ՀԱԿ-ի պատասխան հայտարարության մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ հայտարարության հեղինակը որևէ նիստի ներկա չի եղել, և պատշաճ չէ, որ հայտարարության իրական հեղինակները թաքնվում են իրենցից սուբորդինացիոն կախման մեջ գտնվող անձանց թիկունքում, ու դիրքորոշում հայտնում, դա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու մասին է վկայում, ահա ինչու հայտարարություն է տարածում փորձագետի տեղակալի հարևանը»: