ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Գյումրու վաճառակետերում սպառողները նկատելի գնաճ են արձանագրել: Թանկացել են ալյուրը, հնդկաձավարը, մակարոնեղենը (20-40 դրամով), բրինձը (20 դրամով): Ներկրողները գնաճը պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Գյումրիում նկատելիորեն թանկացել է հատկապես ալյուրը:  Վերջին 2 ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով: Գարնան սկզբին նշված քաշով ալյուրի պարկի մեծածախ գինը եղել է 9 հազար դրամի սահմաններում` 23 դոլարին համարժեք: Ալյուրի մեծածախ գինն առաջին անգամ աճել է ապրիլին` 2 դոլարով: Մայիսի կեսին ալյուրի գինը կրկին աճել է, եւ 1 պարկ ալյուրը ներկայում վաճառվում  է 11 հազար 300 դրամով:  
Չնայած ալյուրի գնաճին՝ հացը դեռ  չի թանկացել: Փռերը դեռեւս սպառում են ալյուրի ունեցած պաշարը եւ շեշտում, որ եթե առաջիկայում գնանկում չլինի, իրենք ստիպված կլինեն թանկացնել հացը: Ուշագրավ մեկ հանգամանք. հացի արտադրամասերի սեփականատերերից ոմանք խոստովանեցին, որ իրենց հրահանգ է իջեցվել ոչ մի դեպքում չթանկացնել հացը, որպեսզի խուսափեն հասարակական դժգոհությունից:  Սակայն նրանք  պնդում են, որ նման պայմաններում անհնար է շարունակել աշխատել, քանի որ  իրենք՝ որպես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ստիպված են վնասով աշխատել:
«Ալյուրի գինը հանել են, ոմանք գերշահույթ կստանան, բայց գործարարին դրել են ծանր դրության առաջ: Գուզեն ըսեն՝ մենք փող ենք աշխատելու, դուք՝ չէ, որովհետեւ մենաշնորհատերը մենք ենք»,-դժգոհեց հացի արտադրամասերից մեկի սեփականատերը:
«Ամենակարեւորը հացն է, որ չթանկանա: Անգամ 10 դրամը շատ դժվար է: Աշխատանք չկա, փողը դրսից է գալիս, մի կերպ հասցնում ենք»,-ասում է Գյումրու բնակչուհի Հեղինե Վարդանյանը, ում կարծիքով՝ շուկայում տեղի ունեցող գնաճը կապված է ընտրությունների ժամանակ բաժանված փողերը հետ բերելու օլիգարխների ցանկությամբ. «Էդ միլիոններն օր բաշխեցին, ժողովրդից հետ են ստանալու: Շատ լավ հասկանում ենք: Մի քանի օր բարձր կպահեն գները, իրանց փողը հետ կբերեն: Թող ժողովուրդը մտածե»:
Գյումրեցիները, որոնք հիմնականում ապրում են տրանսֆերտների հաշվին, դժգոհում են նաեւ դոլարի փոխարժեքի տատանումներից: Այս հանգամանքը եւս պայմանավորում են հետընտրական իրավիճակով եւ ընտրությունների օրերին դրամի ավելացած շրջանառությամբ:
Տարադրամի փոխանակման կետերից էլ վստահեցրին, որ դոլարը դեռ կայունանալու միտում չի ցուցաբերում: Այն կշարունակի բարձրանալ մինչեւ հունվար եւ կկայունանա 2013թ. սկզբում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս