«Օրինաց երկրր» կուսակցության անդամները սկսել են բացահայտ կերպով կասկածի տակ առնել Հանրապետական կուսակցության լեգիտիմությունը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն դեռ շատ է ափսոսալու, որ իշխանությունը կիսում է միայն ՕԵԿ-ի հետ:
ՕԵԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը, խոսելով ԱԺ ընտրությունների մասին, հայտարարել է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք են բաժանել այն ուժերը, որոնք տարան առավելագույն ձայներ: Ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, առավելագույն ձայներ ստացել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ուրեմն Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ հենց այս երկու ուժերն էլ բաժանել են ընտրակաշառքը:
ՕԵԿ այս պահվածքը խիստ ուշագրավ է եւ անուղղակի կերպով խոսում է նրանց երախտամոռության մասին. բանն այն է, որ ՕԵԿ-ն ԱԺ-ում հայտնվեց բացառապես ՀՀԿ-ի շնորհիվ, այն էլ՝ հազիվհազ: Ու հիմա, երբ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարած ուժին իշխանությունից մաս է բաժին հանում, դեռ ավելին՝ նրա հետ նույնիսկ քննարկում հատկացվելիք պորտֆելներն ավելացնելու թիվը, ՕԵԿ կողմից նման հայտարարություններն առնվազն անպարկեշտ են: Առավել եւս, երբ հիմա այլեւս նախընտրական շրջան չէ, եւ դժվար է ասել, թե նման պահվածքի որդեգրումը տեղավորվում է բացառապես նախընտրական տրամաբանության մեջ: Ինչպես հայտնի է, մեր երկրում ընդունված է այդ ժամանակահատվածին բնորոշ տոնայնության մեջ խոսել բոլոր այն փակ թեմաների մասին, որոնք նախկինում «արգելված» են:
Երեկ Հանրևապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կոռեկտության կոչ արեց նման հայտարարությունների հեղինակներին՝ խորհուրդ տալով խոսել փաստերով, ավելին, դրանք ներկայացնել իրավապահներին, այլ ոչ թե վերացական հայտարարություններ անել: Նա նաեւ ասաց, որ լավ կլիներ՝ յուրաքանչյուրն իր ձախողումների ու խնդիրների պատճառը սթափ վերլուծեր, հետո մեղքը գցեր ուրիշների վրա: «Խորհուրդ կտամ հիշել, որ ընտրություններն ավարտվել են, այնպես որ թող նախ մտածեն, հետո խոսեն»,-ասաց Շարմազանովը: Նա հույս հայտնեց, որ հնչեցվածը ոչ թե ՕԵԿ տեսակետն է, այլ Իշխան Խաչատրյանի անձնական կարծիքը:
Սակայն ՀՀԿ-ն հերթական անգամ հիասթափվելու առիթ է ունենում: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո տարածած հայտարարության մեջ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս խոսել էր ընտրակաշառքի մասին: Ճիշտ է՝ առանց կոնկրետացնելու, բայց՝հստակ ակնարկներով: Այսինքն` Արթուր Բաղդասարյանը եւս ասել էր, որ ՀՀԿ-ն հանցագործ է եւ ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է, թե այսքանից հետո ինչպես է նա հերթական անգամ սեղմելու հանցագործի ձեռքը` նրանից պաշտոններ վերցնելով:
ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅԱՆ ՃԵՄՈՒՂԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ