Երեկ ազատամարտիկները կրկին փողոց էին դուրս եկել, քանի որ այս անգամ նրանց արգելել էին որեւէ դահլիճում իրենց նիստն անցկացնել: Դաշտային հրամանատարների խորհուրդը ստիպված իր ժողովն անցկացրեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջեւ:
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ` պարզելու ազատամարտիկների՝ փողոց դուրս գալու պատճառը:
-Պարոն Եղիազարյան, այսօր ո՞րն է ազատամարտիկների հիմնական խնդիրը, որը ստիպում է նրանց վերստին փողոց դուրս գալ: Որոնք են իշխանություններից Ձեր պահանջները:
-Նախ եւ առաջ` ազատամարտիկը իշխանություններից պահանջում է, որ երկիրը չթալանվի: Մամուլում անընդմեջ գրվում է, որ այսինչ մարդն այսքան գումար ունի, այսքանը թալանել է պետությունից, կուտակել իր ղեկավարման տարիներին: Մենք այդքանը հասկանում ենք ու այդ ամենի մասին գիտենք, դա ազատամարտիկի համար շատ մեծ խնդիր է: Մենք հասկանում ենք, որ վիճակը վիճակ չէ: Նույնիսկ, որ այսօր ազատամարտիկը չի կարողանում տուն պահել, չի կարողանում տուն տաքացնել, ես դա էլ եմ ասում, որ նորմալ է, նա թուրք է սպանել, նա պետք է տառապի: Բայց երբ կողքից նրան նայում է մի երիտասարդ ու տեսնում է, որ ոտքը կտրված ազատամարտիկը չի կարողանում իր ընտանիքը պահել, այդ դեպքում այդ երիտասարդը երբեք հայրենասեր չի մեծանա: Այսինքն՝ տեսնում է, թե հայրենիքն ինչ է տվել, որ ինքն էլ հայրենիքի համար ինչ անի: Դրա համար էլ մենք ուզում ենք, որ ազատամարտիկ տղաների վիճակը կարգավորվի: Ազատամարտիկը նման պայմաններում չպետք է իր հայրենիքում ապրի: Իսկ կարգավորման միակ ճանապարհն այն է, որ լինեն արմատական փոփոխություններ, մեր հայրենիքը կարգի գա եւ ամեն մարդ իր տեղում մնա: Մենք չենք ասում՝ ազատամարտիկին բերեք նախարար նշանակեք:
-Խնդրում եմ կոնկրետ նշեք՝ ի՞նչ արմատական փոփոխությունների մասին է խոսքը, ինչի՞ց պետք է սկսել:
-Պետք է օլիգարխիան վերանա Հայաստանում, պետք է երկրում վերանա ալան-թալանը, ամենաթողությունը, այսինքն՝ թալանչուն չասեն առաջնորդ, վախկոտին չասեն` դու մնա: Սա պետք է լինի արմատական փոփոխությամբ, որպեսզի ժողովրդի բարոյական կերպարը չփոխվի: Արմատական փոփոխությունն այն է, որ մեկը միլիարդներ չգողանա, իսկ մյուսը՝ սոված մնա: Ինչի մասին է խոսքը: Ինձ մեկ-մեկ թվում է, թե ես այլմոլորակային եմ, ես ուրիշ բան եմ ասում, ուրիշ հայրենիք եմ պատկերացնում, բայց հակառակ իրավիճակն է տիրում իմ հայրենիքում: Միթե սա է ձեր երազած հայրենիքը, եթե ես իմանայի սա է ձեր երազած հայրենիքը, ես կյանքում էս հայրենիքի համար փամփուշտ չէի կրակի: Սա հայրենիք չէ, սա թյուրիմացություն է:
-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ազատամարտիկները «նվնվում» են ու իրենք շատ լավ տեղյակ են, թե ով որտեղ է կռվել եւ որքան արյուն է թափել: Իսկապե՞ս ազատամարտիկները «նվնվում» են:
-Գիտեք՝ ինչի համար… եւ կան նվնվացողներ, որովհետեւ մարդն անզորությունից կամ դառնում է մահապարտ, կամ ոչնչանում է: Հիմա մեր մեջ էլ կան տղաներ, որ անզորությունից հոգեվարքի մեջ են, բառիս բուն իմաստով: Բայց այն մարդիկ, որ իրապես զենքը վերցրել են, հայրենիք են պաշտպանել… թող մեզ տրամադրեն հեռուստատեսություն ու նստենք իրար դեմ, ներկայացնեն 10 հոգու, որտեղ ես հարց կտամ, պարզելու համար, թե քանի՞ անգամ են տարել գրոհի, ո՞ր ջոկատը, ո՞ր զորքը ու թող իրենք իմ այս հարցերին պատասխանեն: Մենք չունենք ասպարեզ` խոսելու, ասելու իրականությունը: Դրա համար էլ սուտն այնքան է մեծացել, որ ճիշտը ոչնչացրել է: Ես մի բան կասեմ. ես հասուն տղամարդ եմ, երբ որ գնում եմ փողոցով ու տեսնում եմ, որ փողոցի մի անկյունում մի աղջկա են բռնաբարում ու ես չեմ կարողանում այդ աղջկան հասնել, ես, որպես մարդ, ինձ ստորացված եմ զգում: Արդեն բռնաբարվում է իմ հայրենիքը ու ես չեմ կարողանում իմ հայրենիքին օգնել: Այ, դա է խնդիրը: Ով ոնց ուզում է՝ մտածի, դա իր խնդիրն է, ես մտածում եմ իմ հայրենիքի համար:
-ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը ազատամարտիկներին միավորում են եւ ցանկանում առանձին ԵԿՄ ստեղծել: Հնարավո՞ր է` Դուք միանաք նրանց:
-Ես չեմ ցանկանում որեւէ մեկին միանալ, ես ուզում եմ, որ բոլորն էլ միանան իրար, ուզում եմ, որ բոլոր ազատամարտիկները միասին լինեն:
-Իսկ որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Իմ ասածները չեն անցնում ու ես որոշիչ քայլերի եմ դիմելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ԳՄ-ՈՒՄ ՉԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Արսեն Համբարձումյանի եւ Սպարտակ Սեյրանյանի` ՀՅԴ ԳՄ կազմից դուրս գալը բացառապես անձնական դրդապատճառներով է եղել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ երեկ էլ նույն պնդումն էր արել ՀՅԴ ԳՄ մեկ այլ անդամ` Աղվան Վարդանյանը:
-Պարոն Մինասյան, ի՞նչ նշանակություն ունեցավ ՀՅԴ` փակ դռների հետեւում անցկացվող Գերագույն ժողովը:
-Դա նունն է, որ ասեք՝ ինչ նշանակություն ունի հանրաքվեն, ինչ նշանակություն ունի ընտանիքում որոշում կայացնելը: Հիմնարար նշանակություն ունի, որովհետեւ տալիս է քեզ քաղաքական ուղեգիծ եւ ասում է` մարմին, շարժվիր այդ ուղեգծով:
-Գերագույն ժողովի նոր կազմը գոհացնո՞ւմ է Ձեզ:
-Ինչ ասել է՝ կազմը գոհացնում է ձեզ:
-Փոփոխությունները:
-Գերագույն ժողովն ըտրել է այս կազմը: Գոհացնելու-չգոհացնելու խնդիր չկա: Գերագույն ժողովը միշտ մեզ մոտ համարվում է ամենաճիշտ որոշումներ կայացնողը եւ ցանկացած մարմին` այդ թվում նաեւ Գերագույն մարմինը, պետք է շարժվի Գերագույն ժողովի կողմից ընդունված բանաձեւերով: Այդ տեսակետից պետք է ձգտենք, որ ընդունված որոշումները կատարվեն:
-Ո՞րն էր պատճառը, որ Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը դուրս եկան Գերագույն մարմնից:
-Նախ՝ ես չեմ հասկանում այդ հարցի իմաստը, որովհետեւ ցանկացած մարմնում փոփոխությունը բնական երեւույթ է: Բացի այդ` ամեն մի մարմնում ընդգրկվելու համար նաեւ անհրաժեշտ է, կարեւոր պայման է անձի ցանկությունը: Այս դեպքում հստակ արտահայտվել է մեր երկու ընկերների ցանկությունը, որ իրենք բազմազբաղ լինելով չեն կարողանում լիարժեքորեն իրականացնել ԳՄ անդամի ֆունկցիաները: Դրանով պայմանավորված մարդիկ ցանկություն են հայտնել եւ Գերագույն ժողովն էլ հարգել է այդ ցանկությունը: Ուրիշ ոչինիչ, ոչ մի բան չկա:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ից 20-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն ժողովը, որի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնում փոփոխություններ տեղի ունեցան. Արսեն Համբարձումյանն ու Սպարտակ Սեյրանյանը դուրս եկան ԳՄ կազմից: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԳՄ նոր կազմում են ընդգրկվել Պետրոս Մեղրյանը, Լիլիթ Գալստյանն ու Սամվել Երանյանը: Պետրոս Մեղրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեռ հստակ որոշված չէ, թե ինքը ԳՄ-ում ինչ գործառույթ է իրականացնելու:
Զրուցեց ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն եւ հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, քանի որ աշխատանքի մի շարք այլ առաջարկներ ունի: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին առաջարկել են նաեւ Բելգիայում, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, սակայն Տ. Սարգսյանը որեւէ հստակ որոշում դեռեւս չի կայացրել: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը չի ցանկանում երկրից հեռանալ, ինչի պատճառով էլ սպասում է լավագույն տարբերակին: Հավելենք, որ այս տարվա մարտի 22-ին մահացավ «ԱԿԲԱ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
ՖԼԵՇԻ ԿԱԴՐԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը բաժին է հասնում ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Վահրամ Մկրտչյանին: Նշենք, որ Վահրամ Մկրտչյանը նախկին ԱԺՄ-ական է, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, իսկ 2012թ-ից նաեւ ՀՀԿ անդամ: Նա հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է:
ՈՐԴԻՆ` ՏԵՂԱԿԱԼ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին ցանկանում են նշանակել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ Դումանյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի որդին է: Հիշեցնենք, որ նախկինում տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանը ԱԺ իր նախկին աշխատակազմին «տեղափոխելու է» կառավարություն:
ՕՖՇՈՐԻ ՀԵՐՈՍԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆ
Armlur.am-ը օֆշորային սկանդալի առանցքային դերակատարներից մեկի` Աշոտ Սուքիասյանի հարազատներից տեղեկացել էր, որ Սուքիասյանին շուտով կարտահանձնեն հայկական կողմին: Կայքի տեղեկություններով՝ Վրաստանի դատարանի՝ Սուքիասյանին արտահանձնելու մասին կայացրած դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ այլեւս իրավական որեւէ խոչընդոտ չկա նրան Հայաստանին հանձնելու հարցում: Ընդամենն օրերի խնդիր է մնացել արտահանձնման տեխնիկական հարցերը կարգավորելու համար: