«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցող, կենսաթոշակառու Աշոտ Գրիգորյանը, կարդալով մեր նախորդ համարում տպագրված «Վիճաբանություն ինքնաթիռում» լուրը, հարկ է համարել զանգել եւ որոշ մանրամասներ հաղորդել:
Հիշեցնենք, որ ըստ police.am կայքի տարածած հաղորդագրության՝ օրեր առաջ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել, որ քաղաքացուհի Նելլի Հ.-ն Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետեւ իր որդու` Ղազախստանի քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Վայրէջքից հետո վիճաբանությունը շարունակվել է արդեն Նելլի Հ.-ին եւ Նախշունիկ Ի.-ին դիմավորող հարազատների միջեւ՝ վերաճելով ծեծկռտուքի: Կռվի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Կատարվում է հետաքննություն:
Աշոտ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ իրականում վիճաբանություն տեղի է ունեցել, եւ առաջ քաշեց իր վարկածը: Ըստ այդմ՝ Նելլի Հովակիմյանը իր 3-ամյա դստեր հետ Կիեւ-Երեւան չվերթով հունիսի 6-ին ժամանել է Երեւան: Թռիչքից մեկ ժամ անց Նելլին դստրիկին տարել է զուգարան: Երբ վերադարձել է, նկատել է, որ իր տեղը զբաղեցված է մի կնոջ եւ մի տղայի կողմից, հեռախոսը թաքցված է այդ ուղեւորների ամսագրերի արանքում, իսկ պայուսակը բաց է: Հարցին, թե ինչու են նրանք գրավել իր տեղը եւ ինչ իրավունքով են վերցրել իր իրերը, երիտասարդը պատասխանել է կոպտությամբ: Այնուհետեւ, երբ Նելլին խնդրել է ազատել իր տեղը, վերջիններս ընդդիմացել են, հրել ու վիրավորել նրան: Ինքնաթիռի ուղեկցորդուհիների միջամտությամբ նրանք վերադարձել են իրենց տեղերը: Նույն աղբյուրի վկայությամբ, ուղեկցորդուհին անզգուշաբար հյութ է թափել վիճաբանող երիտասարդի վրա, որն անձեռոցիկով մաքրելուց հետո այն շպրտել եւ գցել է Նելլիի դստրիկի հյութի բաժակի մեջ: Կրկին վերսկսված վեճի ընթացքում տղան, որը ոգելիցի ազդեցության տակ է եղել, հայհոյել ու սպառնացել է Նելլի Հովակիմյանի: Վերջինս խնդրել է ուղեկցորդուհիներին վայրէջքից հետո ոստիկանություն կանչել: Նրա խնդրանքը մերժվել է:
Նույն կինն ու տղան վայրէջքից հետո էլ հետապնդել են Նելլիին, շարժասանդուղքի վրա կրկին հրել եւ վիրավորել նրան: Ինչպես արդեն նշեցինք, վեճը շարունակվել է նրանց դիմավորողների միջեւ: Կինը, որը, ինչպես հետագայում է պարզվել, Ղազախստանի քաղաքացի Նախշունիկ Ի.-ն է եղել, իսկ երիտասարդը նրա որդին՝ 24-ամյա Արսեն Ի.-ն, արդեն օդանավակայանում ծեծել են Նելլիի քրոջը՝ Գոհարին: Վեճին միացել են նաեւ 2 կողմերին դիմավորող հարազատները: Ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները եւ մասնակիցներին բերման ենթարկել: Ա. Գրիգորյանի վկայությամբ, երեկ Նելլի Հովակիմյանին բաց են թողել:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ